Իրավիճակը ամբողջապես նույնական չէ՝ մոտ է պատերազմականին

- in Վերլուծական

Կորոնավիրուսն անկասկած քննություն է: Անցանկալի, անտեղի, անհարկի, բայց քննություն, որը պետք է հանձնել, չկա այլ ելք:

Դա պետական, հասարակական, համազգային քննություն է, որտեղ չափվում է մեր ինքնակառավարվելու կարողությունը, մեր կազմակերպական ջանքը, նաև մեր արժեհամակարգը, թե որքանով կարող ենք հոգատար լինել ոչ միայն ինքներս մեր, մեր հարազատի, այլ նաև մեր հարևանի, համագյուղացու, համաքաղաքացու և մեր պետության հանդեպ: Այդ ամենն անշուշտ իրավիճակի ավելորդ զգայականացման հարց չէ: Ինչպես, օրինակ, որևէ կերպ զգայականության հարց չէ այն, որ այդ հատկանիշները քննություն են բռնում պատերազմական իրավիճակներում:

Ներկայիս իրավիճակը եթե ամբողջապես նույնական չէ, ապա էապես մոտ է պատերազմականին, առնվազն այն համընդհանուր կարգապահության պահանջի իմաստով, որ առկա է ոչ միայն հայկական, այլև գործնականում բոլոր հասարակությունների առաջ: Ըստ այդմ, ինչպես մենք ազգովին քննություն էինք հանձնում արցախյան շարժման և առաջին պատերազմի ընթացքում, և, ցավոք սրտի, ծանր մարդկային կորուստներով, սակայն համազգային պատվով հանձնեցինք այդ քննությունը, ինչպես գործնականում կրկնեցինք դա նաև ապրիլյան քառօրյայում, այնպես էլ այսօր կորոնավիրուսի դեմ պայքարում մենք ունենք քննություն հանձնելու կարիք: Այդ քննությունը մենք հանձնում ենք ինքներս մեր, նաև ժամանակի, համաշխարհային հանրության առաջ, որով ձևավորվելու է որոշակի վերաբերմունք մեր հանդեպ: Խոսքն այն մասին չէ, որ աշխարհը մեզ պետք է գնահատի: Խոսքն այն մասին է, որ մեզ նայելով՝ աշխարհը նաև ինքն իրեն պետք է գնահատի, յուրաքանչյուր հասարակություն և պետություն:

Այդ իմաստով կորոնավիրուսը անգամ ջնջել է պետությունների միջև շատ տարբերություններ՝ ուժեղների և թույլերի, մեծերի և փոքրերի, ազդեցիկների և ոչ այնքան ազդեցիկների: Գործնականում քաշվում է մի յուրօրինակ գիծ՝ վտանգներով, ռիսկերով և հնարավորություններով հագեցած, որից սկսվում է նոր մեկնարկ, և այն, թե ով ինչպես կմեկնարկի, զգալիորեն պայմանավորելու է, թե ով ինչ վարկ, տեղ և դեր կստանձնի հետկորոնավիրուսային աշխարհում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments