Խորհուրդ վարորդներին. գազ չկա՝ բենզինով շահագործեք մեքենան

- in Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթն այս օրերին ահազանգեր էր ստանում վարորդներից, թե հանրապետության հեղուկ գազի լցակայաններում հեղուկ գազ ուղղակի չկա:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հեղուկ գազ ներկրվում է ոչ միայն Իրաքից, այլեւ Ռուսաստանից եւ Իրանից: Սակայն ե՛ւ վարորդները ե՛ւ ներկրողները պնդում են, որ իրանական հեղուկ գազը որակապես ցածր է. անգամ դեպքեր են գրանցվել, երբ մեքենաները այն օգտագործելու հետեւանքով խնդիրներ են ունեցել:

«Ժողովուրդ» օրաթերթն ահազանգի հետքերով զրուցել է «Էքսպերտ Թեչ» ընկերության ղեկավար Մկրտիչ Տիգրանյանի հետ, որը նկատեց, որ պատճառը կորոնավիրուսի տարածում թույլ չտալու նպատակով սահմանների փակ լինելն է: Մասնագետը վարորդներին խորհուրդ տվեց այս ընթացքում մեքենան շահագործել բենզինով. չէ՞ որ բենզինի գինն էլ աշխարհում ստեղծված իրավիճակի ֆոնին նվազում է։ Երեկվա դրությամբ որոշ բենզալցակայններում մեկ լիտր ռեգուլյար տեսակի բենզինը վաճառվել է 300 դրամով։ «Բենզինի հետ կապված ճգնաժամ չի լինի, պահեստավորած ունեն ներկրող ընկերությունները։ Իսկ հեղուկ գազի ոլորտը նոր է զարգանում, խոշոր բազաներ չկան կառուցված, որ մարդիկ ժամանակին պահեստավորեին, որ հիմա խնդիր չունենային», – նշեց նա։ Իսկ հեղուկ գազ ներկրող «Գազ Պրոպան» ընկերությունից մեզ հայտնեցին. «Այս պահին «Գազ Պրոպանի» բոլոր գազալցակայաններում հեղուկ գազ առկա է։ Մի քանի օր առաջ չի եղել, չենք ունեցել։ Այս պահին խնդիր չունենք»։

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում բենզինի գինը շարունակում է ռեկորդային անկում գրանցել՝ 310 դրամ մեկ լիտրի դիմաց, էժանանալով ևս 20 դրամով: Բենզինի նման գին Հայաստանում եղել է 1998-99 թվականներին:

Բենզինի նման էժանացումը պայմանավորված է ոչ այնքան նավթի միջազգային գների անկմամբ, որքան եվրոպական շուկայում բենզինի պահանջարկի կտրուկ նվազմամբ, որը հանգեցրել է բենզինի մեծածախ գնի անկման: Այս պահին բենզինի մեծածախ գինը մոտ 220 դոլար է մեկ տոննայի դիմաց, կամ մոտ 80 դրամ լիտրի դիմաց:

Անգամ նավթի խոշոր արդյունահանող երկիր Ռուսաստանը, որն ունի սեփական նավթավերամշակման արդյունաբերություն, այսօր կանգնած է եվրոպական տարբեր երկրներից էժան բենզինի ներմուծումը կասեցնելու խնդրի առաջ: Բնականաբար, Հայաստանը նման խնդիր չունի:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments