ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, նիստ է արել՝ կապված կորոնավիրուսային իրավիճակի հետ, որի ընթացքում Գագիկ Ծառուկյանը գործնականում կրկնել է այն խոսքերը, որոնք իրավիճակի գնահատման առումով հնչեցրել էր օրերս լրագրողների հետ հանդիպմանը:

Ծառուկյանի քայլը մի կողմից միանգամայն տրամաբանական և համարժեք է իրավիճակին, այսինքն՝ քաղաքական և տնտեսական բարդ իրողությունների պայմաններում քաղաքական ուժի, տվյալ դեպքում խորհրդարանում երկրորդ քաղաքական ուժի ղեկավարությունը իրականացնում է քաղաքական քննարկումներ: Սակայն ձևի կամ արդիական բնութագրմամբ՝ ձևաթղթի առումով ամեն ինչ կարգին ու տրամաբանական լինելով, բովանդակային առումով ամեն ինչ հիշեցնում է ընդամենը կամ խոշոր կապիտալիստական, կամ քաղաքացիական-սոցիալական, ոչ քաղաքական քննարկում: Որովհետև քաղաքական քննարկումը պետք է ենթադրի կոնցեպտուալ առաջարկներ, որոնք առնչվում են թե՛ ներկայիս վիճակին, թե՛ շաղկապվում են ապագայի հետ: Սակայն ԲՀԿ պարագայում հնարավոր է արձանագրել ընդամենը ներկայիս վիճակում պարզ, անգամ պարզունակ կոչեր քաղաքացիներին սոցիալական օգնություն ցույց տալու վերաբերյալ, ինչը կարող է անել ցանկացած հասարակական կազմակերպություն և անգամ ցանկացած տնային տնտեսուհի: Քաղաքական ուժից կամ ուժերից պահանջվում է քննարկել կոնցեպտուալ մոտեցումներ, և անգամ կառավարության հետ բանավեճի մեջ մտնել հենց այդ մոտեցումներով, ոչ թե լոկ քաղաքացիներին նպաստ տալու և չտալու վերաբերյալ սոցիալական դիտարկումներով:

Բանն այն չէ, որ դրանք կարևոր չեն: Դրանք ամենակարևորն են, գերկարևոր, որովհետև էական է ամեն մի մարդու անձնական ճակատագիր: Սակայն քաղաքական կյանքն ու քաղաքական ուժերը պետական օրգանիզմում կարևոր են անհատի ճակատագիրը կոնցեպտուալ մեխանիզմների շրջանակում դիտարկելու համար, ինչը նշանակում է, որ պետք է խոսել այն մասին, թե մենք ինչ ենք տեսնում կորոնավիրուսից հետո՝ նույն այդ քաղաքացու կյանքում, և այդ թվում՝ գործատուի հետ հարաբերություններում, նաև խոշոր կապիտալի և փոքր ու միջին ձեռնարկատիրության միջև հարաբերություններում: Այստեղ է, սակայն, որ դիպչում ենք ԲՀԿ աքիլլեսյան գարշապարին, որովհետև այստեղ կոնցեպտուալ քննարկումները էապես հակասության մեջ են մտնում ԲՀԿ քաղաքական շահերի հետ: Այս խնդիրը Գագիկ Ծառուկյանին հետապնդելու և քաղաքական դաշտում գործնականում փակուղի է մտցնելու միշտ, ընդ որում՝ այդպես էր թե՛ հեղափոխությունից առաջ, թե՛ դրանից հետո առավել ևս:

Ծառուկյանը մի առիթով բերել էր քաղաքականության մեջ գործարար, միլիարդատեր Թրամփի օրինակը, ինչը, սակայն, առավել ընդգծում էր այն, որ քաղաքականության մեխանիկայի իմաստով, ԲՀԿ առաջնորդը բաց է թողել անգամ այդ օրինակի առանցքային պահը, որ Թրամփը քաղաքականություն է մտել իր բիզնես խողովակներով և չի ստեղծել իր կուսակցությունը, նա քաղաքականություն է մտել քաղաքական արդեն իսկ գոյություն ունեցող հարյուրամյա խողովակով՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցությամբ, ինչը հիմնարար տարբերություն է: Որովհետև Թրամփն առանց այդ կուսակցության ոչինչ էր լինելու քաղաքականության մեջ՝ ի տարբերություն Ծառուկյանի, որի պարագայում կուսակցությունն է առանց նրա տնտեսական ռեսուրսի դառնալու քաղաքական առումով ընչազուրկ:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •