Սնկի պես աճող նախընտրական գրասենյակներից, գողացված ընդերքային հարստությունից մինչև եվրոպական էկզոտիկ մրգեր, հայկական ծիրան ու ծիրանափող:

Արցախում նախընտրական եռուզեռին համընթաց շարունակվում է պայքարը ոչ միայն կորոնավիրուսի ներթափանցման հնարավոր փորձերի կանխարգելման վտանգի, այլև ոչ ցանկալի նախագահացուների հեռանկարային վտանգավոր գործունեության իրագործման դեմ:

Արցախի ժողովուրդն ասես զարթնել է վաղեմի լեթարգիական քնից և փորձում է այս կամ այն վառվող լույսի և իրենց պարզած տեսախցիկի առջև ի ցույց դնել հաղթական կեցվածքն ու տարիներով չմարսած ատելությունը: Թվում է արցախցու անգամ փափուկ քիմքին պիտի կարծրացած լինի միայն գյավուր – ազերի, թուրք – ոսոխ բառախմբերը: Բայց արի ու տես, որ ներքին թշնամին արդեն գլխատում է արցախցու գամված հոգեբանությունը:

Ներքին թշնամին թալանում է նաև ժողովրդական մարդու ներքին` ընդերքային հարստությունը, մինչև վերջին կոպեկը դարձնելով անհայտ գրպանների շահույթ ու եկամուտ:

Եվ ո՞վ է պատասխանատու անձին իրավաբանորեն կեղեքող այս թալանի համար, չէ՞ որ բնական ռեսուրսները մայր օրենքի համաձայն պատկանում են միայն ժողովրդին:

Այս վրդովմունքը հնչում է ԱՀ նախագահի թեկնածու Վահան Բադասյանի հերթական ելույթում: Նրա կարծիքով Արցախում պետք է պետականացվեն Սերժ Սարգսյանին, Արկադի Ղուկասյանին և Անուշավան Դանիելյանին ապօրինաբար պատկանող ոսկյա, ընդերքային հարստությունները` հանքերը: Այլապես ժամանակակից կենսակերպ վարելու նրա մշակած ծրագիրը չի կարող ընդհատել ու խափանել բիզնեսմենների երկնած ձևական ու անհատական ՀԷԿ-երի գոյությունն ու թշնամու արյունոտ հողերը ոռոգող ջրախողովակատարների ցանցը: Վահան Բադասյանի աստղաբաշխական հաշվարկներից ստացվող պետական եկամուտները ուղիղ համեմատական են Արցախում գործող մենատնտեսների դիզված հարստությանը: Նա գտնում է, որ արցախցի երիտասարդը պետք է ապրի եվրոպական ստանդարտներին համապատասխան կահավորված բնակարանում` չգուշակելով անգամ, որ մայրաքաղաքի դեռևս կիսաքանդ բնակարաններում հմտորեն պահպանվում են հնդկական բաղնիքներն ու կիսաքանդ կտուրները:

Եվ պատահական չէ, որ ազատ խոսափողը հեշտությամբ ֆիքսեց նաև մեկ այլ տեսակի հաշվապահական հաշվարկ իրականացնող համաքաղաքացու մեկ այլ բողոքի ձայնը, որը գալիս էր այս անգամ ոչ թե խորը ընդերքից, այլ կուտակված խորն ատելությունից: Չնայած պատկառելի տարիքին 80-ամյա պապիկը խոսում է երիտասարդի պես: Չզլանալով՝ և մեկ առ մեկ հաշվելով ԼՂՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին պատկանող ամեն քայլափոխի սնկերի պես աճած նախընտրական գրասենյակները և, այդ վարձակալությունների և նրանում համեստորեն նիրհող ազատհայրենիքամեռ աշխատակիցների ծառայության վճարը, նա աղաղակում է իր փողերի բացակայության մասին ու փողատերի հնարավորությունների անսահմանափակության: Դիւցուք, պարզվում է, միայն գողացված փողերը կարող են լինել այդչափ շատ փողեր, ըստ հաշվետար ծերունու, ով հետևություն է անում, թե դժվար թե սեփական գրպանից միլիոններն այդքան հեշտությամբ ծորեն: Ամեն դեպքում, սոցիալական օգնությամբ ապրող քաղաքացիներին բնորոշ է ուրիշի փողերը հաշվելն ու դրանում արցախցիները եզակիների դիպվածում չեն:

Ծերունազարդ – երիտասարդը չի պատրաստվում իր ձայնը տալ նման կեղեքիչ ղեկավարներին և արժանանալ թոռների քամահրանքին: Նրանց, ովքեր իր երբեմնի ղեկավարությանը հղված դիմումի և բնակարանը ջրհեղեղից փրկելու և ընդամենը մի խողովակատար վերանորոգելու համար պատրաստ էին չորս ամիս գործի դնել ողջ աշխատուժը, բայց ապարդյուն: Այնինչ լոկ 10 րոպե էր պահանջվում գործը գլուխ բերելու համար: Իսկ այդ աշխատուժը, պարզվում է զբաղեցնում է 400 սենյակ ընդգրկող մեծ շինություն, այնինչ շատ արցախցիներ բաց երկնքի տակ են գիշերը լուսացնում:

Եվս մեկ կարևոր պատճառ, որ նա չի ընտրի խոշոր տնտեսագետին, որովհետև հենց Ստեփանակերտի Ջրմուղ կոյուղու տնօրենն է Ա. Հարությունյանի շտաբի ղեկավարը: Քաղաքացին չի ցանկանում նպաստել հին կագերի վերարտադրմանը: Եվ այսպես, ցանկացած ղեկավար պետք է ձեռնտու լինի, ոչ թե ղեկավարությանը, այլ ժողովրդին:

Ազատամարտի հրամանատարներից Արկադի Կարապետյանն էլ Վիտալի Բալասանյանին հորդորում է խոսելուց առաջ մտածել, լավ տղա չխաղալ. «Եթե ինքը ուզում է լավ բան անի հայրենիքի համար, ընդհանուր թե՛ Ղարաբաղի և թե՛ Հայաստանի համար, պետք է խոսելուց առաջ մտածի և միասնություն քարոզի: Սիրում են իրենց ազգային հերոս ներկայացնել, Ղարաբաղում հիմա 5 հազար տղա կա, որոնց կարելի է ազգային հերոսի կոչում շնորհել: Վիտալի Բալասանյան երևույթները թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում միասնության գաղափարին չեն նպաստում, այլ հակառակը: Դրա համար այդ երևույթին ես շատ բացասաբար եմ վերաբերվում, պետք է պայքարել: Կասեի նաև, որ Վիտալի Բալասանյաններ կան թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում: Իրենց կոչ եմ անում, որ լրջանան, «լավ տղա» չխաղան, լավ տղերք շատ ունենք: Ինչ է ուզում՝ ասելով, որ չի թողնելու էդ մարդիկ գան Ղարաբաղ. չեմ կարող ասել՝ ում աչքն է ուզում մտնել»:

Արկադի Կարապետյանն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում մտահոգիչ է նաև այն, որ Հայաստանի որոշ պաշտոնյաներ արձագանքում են, ինչը ևս լուրջ պահվածք չի համարում. «Այս հարցերում պետք է շատ զգույշ լինել: Վիտալի Բալասանյանը ոչ իր նախաձեռնությամբ, ուրիշի ուղղորդմամբ սադրում է, նրանք էլ արձագանքում են, ժողովրդին են գցում կրակը: Ինչ վերաբերում է Վիտալի Բալասանյանին, ապա նրա մասին լավն էլ կարելի է ասել, բայց վատը՝ շատ ավելի: Օրինակ՝ մինչև հիմա Վիտալի Բալասանյանը չի հասկանում, որ ջոկատի հրամանատարը ջոկատապետ չէ, Վիտալի Բալասանյանի մոտ դա տղայական մտածելակերպի արդյունք է: Մեր ժողովուրդը շատ լավ հասկանում է իրավիճակը, իհարկե կան մարդիկ, որ թեթևսոլիկ բաների վրա տարվելու հատկություն ունեն, բայց իրեն ազգային գործիչ անվանողը պետք է լուրջ նայի իրավիճակին: Լեզուն հո տված չի նրա համար, որ ով ինչ ուզում է՝ բլբլա. պատասխանատվություն գիտակցող մարդիկ հազար անգամ մտածում են, նոր խոսում»։

Իսկ Մասիս Մայիլյանը գուժում է. Որքան մոտենում է քվեարկության օրը, այնքան ուժգնանում է իմ դեմ ստի ու կեղծիքի տարափը։ Սրանով փորձում են մեզ կտրել գործից և զբաղեցնել ստահոդ լուրերի հերքմամբ։ Բայց ապարդյուն՝ մեր հիմնական առաքելությունը եղել ու մնում է մարդկանց հետ պարզ ու սրտաբաց զրույցներով Նոր Արցախի տեսլականն անխուսափելի իրողություն դարձնելը։ Այնպես որ, հանգիստ եմ վերաբերվում այս ամենին և նույնն էլ ձեզ եմ խորհուրդ տալիս։ Վստահ եղեք՝ կորոնավիրուս համավարակին զուգընթաց հաղթահարելու ենք նաև քաղաքական կորոնավիրուսի ախտը, և այդ մարդիկ հայտնվելու են բարոյական մեկուսացման մեջ, իսկ շատ շուտով էլ՝ իրենց տերերի հետ, պատմության աղբանոցում։

Նարե ՀԱԿՈԲՅԱՆՑ, Արցախից անկախ լրագրող