Կալանավորվածը կորցրել է կապն իրականության հետ ու մտածում է «պլստալ» հարմար իրավիճակում

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրաժարվել է մակագրել սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը այլ դատավորի։

Ի պատասխան Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի դիմումի՝ դատարանից հիշեցրել են, որ սույն քրեական գործը գտնվում է դատավոր Աննա Դանիբեկյանի վարույթում, «հետևաբար, նշված միջնորդության քննությունը գտնվում է բացառապես վարույթն իրականացնող մարմնի՝ գործը քննող դատավորի լիազորությունների շրջանակում»։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն, իր հերթին, կապ է հաստատել դատավոր Դանիբեկյանի աշխատակազմի հետ, որտեղից պատասխանել են, որ դատավորը դեռ վատառողջ է, իսկ սա նշանակում է, որ դատական այսօրվա նիստն, ըստ ամենայնի, չի կայանալու։

Սույն քրեական գործով հերթական դատական նիստը, որը նշանակված էր մարտի 17-ին, չի կայացել նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի բացակայության պատճառով։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Դանիբեկյանը վիրահատություն է տարել։

Չնայած արդեն ակնհայտ է, թե որն է դատական նիստերի հետաձգման պատճառը, Քոչարյանի պաշտպանական թիմն, ըստ էության, ակնարկում է, թե իբրև դատական նիստերը միտումնավոր են հետաձգվում՝ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը չքննարկելու համար։ Երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավությամբ փոխարինելու առաջարկով հանդես են եկել Հայաստանի նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Քոչարյանի թիմի փաստարկն, իհարկե, մեղմ ասած, դուրս է բանականության տիրույթից, որովհետև որևէ դատավոր, առանց ավելորդ դժվարության, կարող է մերժել Հայաստանի ու Արցախի չորս նախկին վարչապետերի միջնորդությունը։ Այդ մարդիկ այս պահին չունեն ֆորմալ այնպիսի կարգավիճակ ու հանրային հեղինակություն, որպեսզի կարողանան միջնորդել որևէ մեկի համար, ավելին՝ գործ ունենք անունների հետ, որոնք, մեծ հաշվով, ասոցացվում են համակարգի հետ, որը երկու տարի առաջ մերժվել է հասարակության կողմից։

Աքսիոմատիկ այս ճշմարտությունների համատեքստում հասկանալի չէ, թե ինչից են ուշանում Քոչարյանն ու նրա թիմը, մանավանդ, որ դատավարության հետաձգումն ակնհայտորեն մտնում է նրանց մարտավարության, այն գծի մեջ, որը հետևողականորեն իրականացնում են երկրորդ նախագահն ու նրա պաշտպանները։

Իհարկե, անշնորհակալ գործ է Քոչարյանի մարտավարության քննարկումը, առավել ևս՝ կանխատեսումներ կատարելը, սակայն մեծ է հավանականությունը, որ դարձյալ գործ ունենք իրավիճակի հետ, երբ կալանավորված նախագահը կորցրել է կապն իրականության հետ ու մտածում է «պլստալ» հարմար իրավիճակում, երբ հասարակության ուշադրությունը կենտրոնացած է կորոնավիրուսի վրա։ Մյուս կողմից՝ դարձյալ առաջին պլան է գալիս նախկին համակարգի առանցքային գործիչների վարքագծային կոնտրաստը այն իրավիճակում, երբ Սերժ Սարգսյանը համազգային կոսնսոլիդացիայի կոչ է անում, Քոչարյանը փորձում է իրավիճակ սրել՝ նախկիններին ցույց տալով, որ ինքն ավելի արմատական ու կենսունակ է՝ գործող իշխանության դեմ պայքարն առաջնորդելու հարցում։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments