Մի բան կասկածից վեր է, որ կորոնավիրուսից հետո մենք ապրելու ենք ոչ միայն տնտեսությամբ, միջպետական հարաբերություններով, ենթակառուցվածքային ցանցերով նորոգված և նորացված աշխարհում, այլ նաև նոր հանրային հոգեբանությամբ աշխարհում:

Որքան կտարբերվի նորը նախկինից, միարժեք բարդ է ասել, դա կախված է այն հանգամանքից, թե որքան կտևի վարակը և ինչ դինամիկա կունենա դրա վերելքն ու վայրէջքը: Աներկբա է, որ կորոնավիրուսը նոր տնտեսական մարտահրավեր է ոչ միայն կարճաժամկետ, վարակի տարածման ժամանակահատվածի իմաստով, այլ նաև հետագա աշխարհի կառուցվածքի: Մեծ հավանականությամբ այդ մարտահրավերն ընդունելու ունակությունն ուղիղ համեմատական է լինելու ինքնաբավ, ինքնակազմակերպված տնտեսական կյանք կառուցելու ունակությանը:

Գլոբալ աշխարհը ենթարկվելու է էական վերանայումների: Ըստ էության առկա է լինելու հիբրիդային իրավիճակ, երբ հաղորդակցային ենթակառուցվածքների առումով ձևավորվելու է նոր ստատուս-քվո, ըստ էության՝ «զրոյական կետի» տրամաբանությունից մղվելով, որին հասնում է ոլորտը կորոնավիրուսի պատճառով, և, միևնույն ժամանակ, երբ համաշխարհային տեխնոլոգիական հեղափոխությունը շարունակելու է խտացնել համացանցային միջավայրն ու արհեստական ինտելեկտի ազդեցությունը: Իսկ այդ հանգամանքն իր հերթին ունի իր վտանգը՝ անկախ կորանավիրուսից, և, ըստ այդմ, այստեղ առկա է նաև այդ խնդրի սրացումը՝ որքանով են ազգային տնտեսություններն ունակ ինքնակազմակերպվել գլոբալացման կառուցվածքի վերանայման պայմաններում, այդպիսով նաև հնարավորինս ապահովագրվելով արհեստական ինտելեկտի հաղթարշավի ազդեցությունից, քաղելով առավելապես դրա բերած հնարավորությունները, պտուղները: Միաժամանակ ակնառու է, որ այստեղ լոկ տնտեսական գաղափարների, տնտեսական մտահղացումների և կրեատիվության հարց չէ, և այդտեղ չէ, որ կարող են լինել լուծումները: Դրանով է նաև, որ էական է հետկորոնավիրուսային հոգեբանական տրանսֆորմացիայի հանգամանքը: Միայն տնտեսական գիտելիքներն ու մեխանիզմները լինելու են անբավարար նոր մարտահրավերի, ինքնաբավ, կամ հնարավորինս ինքնաբավ տնտեսական ցիկլերի կառուցման գործում, որ հատկապես կարևոր են փոքր տնտեսություններ ունեցող երկրների համար: Այդ խնդրի լուծումը պահանջելու է գաղափարական, արժեհամակարգային կրեատիվ, չափանիշներ ու նորմեր, որոնք մեծ հաշվով պետք է տնտեսական վերափոխումն ու վերակազմակերպումը դարձնեն արժեհամակարգային վերափոխմանը ներդաշնակ:

Այլ կերպ ասած, հետկորոնավիրուսային աշխարհում ազգային տնտեսությունների կառուցման համար անհրաժեշտ է արժեհամակարգային, գաղափարական հիմք, որն առնչվելու է ոչ թե լոկ տնտեսական կառուցակարգին կամ կացութաձևին, այլ առնչվելու է պետական գաղափարախոսությանն ու հասարակական համակեցության մշակույթին ընդհանրապես: Այսինքն՝ հետկորոնավիրուսային իրականության մեջ Հայաստանը պետք է կառուցի այնպիսի տնտեսություն, ինչպիսին մեր համահասարակական պատկերացումն է ընդհանրապես հասարակական-պետական կյանքի վերաբերյալ: Ավելին, այստեղ խոսքը միայն համահասարակականի մասին չէ, քանի որ մենք պետական, հասարակական կյանքը չենք կարող կառուցվել համահայկականության տրամաբանությունից դուրս: Դա Հայաստանի համար կլինի չափազանց մեծ շռայլություն, անհարկի շռայլություն: Ըստ այդմ, մենք պետք է գանք համահայկական գաղափարական-արժեհամակարգային պատկերացումների ու համաձայնության, թե պետական առանցքով ինչպիսի համազգային կյանք և կացութաձև, փոխհարաբերություններ ու համակեցություն ենք պատկերացնում նոր աշխարհում: Ըստ այդմ պետք է որոշենք, թե ինչպիսի տնտեսություն է պետք մեր այդ պատկերացումները բավարարելու համար, որը դիմադրունակ կլինի նաև համաշխարհային մարտահրավերների հարցում:

Spread the love