Կա թատրոն, կա կյանք. թատրոնի գործիչները չեն դադարում շնորհավորել միմյանց մասնագիտական տոնի առթիվ

- in Մշակույթ
Tatron

Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ թատերարվեստի ներկայացուցիչներն օրվա ընթացքում շարունակում են շնորհավորել միմյանց:

ՀՀ վաստակավոր արտիստ դերասան Վանիկ Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում տոնի կապակցությամբ շնորհավորել է բոլոր թատրոնների իր սիրելի գործընկերներին՝ թատրոնի նվիրյալներին։ «Անբնական պայմաններում կանցնի այսօր մեզ համար այդքան կարևոր տոնը, քանի որ թատրոն և ինքնամեկուսացում բառերն իսկապես անհամատեղելի են։ Սակայն անհաղթահարելի չէ այս ճգնաժամը և հուսանք, որ շուտով նորից կհանդիպենք մեծ բեմերում»,-նշել է դերասանը:

Դերասան, ռեժիսոր «Բոհեմ» թատրոնի հիմնադիր Նարեկ Դուրյանը տեսաուղերձով է շնորհավորել Թատրոնի միջազգային օրը:

«Իմ սիրելի հանդիսատես, տիկնայք և պարոնայք, ժողովուրդ, ընկերներ, քույրեր, եղբայրներ, բոլորս գիտենք Շեքսպիրի այն հայտնի արտահայտությունը, որ կյանքն էլ թատրոն է: Շեքսպիրը մոռացել է շեշտել, որ կյանքը թատրոն է, որտեղ դերաբաշխումը ներկայացման ընթացքում է կատարվում, անսպասելի: Ավաղ, այս ներկայացման դերաբաշխումն այնքան էլ լավը չէ, բայց ոչինչ: Դուք հրաշալի հանդիսատես եք, մենք էլ, դե ոչինչ ռեժիսորներ, դերասաններ ենք: Վստահ եմ, որ շուտով նոր դերաբաշխում է լինելու, նորից հանդիպելու ենք թատրոնում, ուրախանալու ենք: Քանի դեռ կա թատրոնը, կա կյանքը և հակառակը»,-ասում է Դուրյանը, համբույրներ ուղարկում բոլորին և նոր հանդիպում խոստանում:

Դերասան ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանն էլ գրել է. «Ու կբացվի վարագույրը, ու կհնչեն ծափերը, ու կսկսվի կյանքը: Շնորհավոր բոլոր մեր ընկերների, բոլոր թատերական գործիչների, իրական նվիրյալների, իսկական արտիստների, թատրոնի բոլոր մշակների այս նվիրական տոնը: Շնորհավոր տոնդ՝ թատրոն: Կա թատրոն, կա կյանք»:

Երևանի կամերային պետական թատրոնի տնօրեն, բեմադրիչ Լուսինե Երնջակյանը շնորհավորել է բոլորին և իր սիրելի ու հարազատ Կամերային թատրոնին: «Տարօրինակ զգացողություն է, երբ տոնը նշում ես տանը ու հնարավորություն չունես լինել թատրոնում, գործընկերների շրջապատում, իրադարձությունների կիզակետում: Իմ մտերիմները գիտեն, որ թատրոնն աշխարհում, լեզուս չի պտտվում ասել, բայց ամենակարևոր բաներից մեկն է: Ինչո՞ւ չի պտտվում, որովհետև թատրոնը մի ամբողջ տիեզերք է, ամենակարևոր տիեզերքն իմ կյանքում: Ես չեմ պատկերացնում ինձ առանց թատրոնի: Թվում է՝ ես այն ժառանգել եմ մայրական կաթի միջոցով կամ ավելի ճիշտ կլինի ասել հորս ծխախոտի ծխով: Որքան էլ վայրի հնչի, բայց հորս՝ Արա Երնջակյանին, թատրոնում պատկերացնելիս միշտ տեսնում եմ ծխախոտի ամպի մեջ»,-նշել է Լուսինե Երնջակյանը:

Նա մաղթել է հնարավորինս արագ ձերբազատվել համաճարակից, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան վերադառնալ իրենց փոքրիկ ուրախություններին:

Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը տեսաուղերձով շնորհավորեց ոլորտի ներկայացուցիչների մասնագիտական տոնն:

Նախարարն ընդգծեց, որ շնորհավորում է ոչ միայն թատերարվեստի ներկայացուցիչներին, այլև յուրաքանչյուրիս, քանի որ մեր կյանքում թատրոնի դերակատարությունը շատ կարևոր է:

«Գիտեմ, որ այս օրերին թատրոնը նույնպես մեծ դժվարություններ ունի: Մենք հավատացած ենք, որ այն նախագծերը, որոնք այս օրերին իրականացնում ենք առցանց հարթակում, միանշանակ նպաստելու են ոլորտի զարգացմանը: Այս բարդ օրերն անցնելուց հետո, արտակարգ դրության վերացմանը զուգընթաց, մեր հանդիսատեսն առցանց տիրույթից գալու է թատրոններ և վայելելու է ձեր գործի արդյունքը: Կրկին շնորհավորում եմ ձեզ»,- նշեց Հարությունյանը:

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ կապված Թատրոնի օրվա հետ:

«Այսօր թատրոնի օրն է. Բայց ցավոք այսօր երկրի բոլոր թատրոնների դռները փակ են, այդ թվում՝ Գյումրու դրամատիկական թատրոնինը: Մեր թատրոնն իր դռները չփակեց անգամ ավերիչ երկրաշարժից հետո: Մեր արտիստները բեմ բարձրացան՝ իրենց հանդիսատեսին ուժ ու ժպիտ տալու համար այդ սարսափելի օրերին:

Գյումրու թատրոնը արդեն 12 տարի իմ տունն է՝ ոչ առաջին, ոչ էլ երկրորդ, սա իմ տունն է, որտեղ ապրել եմ:

Հիշում եմ ամենադժվար օրերը, երբ գրիմանոցում նստած սրտատրոփ սպասում էինք տոմսավաճառի ներս գա ու ասի՝ վերջ, դահլիճում 10 հոգի կա, կարող եք բարձրանալ բեմ: Միասին՝ ուս ուսի տված հաղթահարեցինք բոլոր մարտահրավերները ու քայլեցինք առաջ՝ մեր նվիրական երազանքի հետևից: Այսօր Գյումրու դրամատիկականի ողնաշարն ամուր է, ոգին՝ մարտական, ճակատն էլ պարզ:

Մենք կարողացանք ստեղծել մեր երազանքի թատրոնը:

Թատրոն, որն ամենապահանջվածներից է Հայաստանում:

Թատրոն, ուր հանդիսատեսը շատ ներկայացումների համար ամիսներ շարունակ տոմս է փնտրում:

Թատրոն, որը համալրվել է ֆանտաստիկ երիտասարդներով, որոնց թիկունքին՝ պրոֆեսիոնալ նվիրյալներն են:

Եվ վերջապես թատրոն, որի տերը արտիստներն են:

Ինձ համար հայրենիքը սկսվում է Գյումրիից և իմ թատրոնից: Շնորհավոր թատրոնով շնչող մարդիկ: Վստահ եղեք, ամեն բան լավ է լինելու:

Թատրոնի միջազգային օրն առաջին անգամ նշվել է Ֆրանսիայում, որից հետո տարածվել է ամբողջ աշխարհում: Այն տոնելու գաղափարը հաստատվել է Թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theatre Institute, ITI) որոշմամբ: Համաձայն կանոնադրության՝  այս կազմակերպության գործունեությունն ուղղված է ազգերի միջև բարեկամության և խաղաղության ամրապնդմանը, ինչպես նաև աշխարհի բոլոր թատերական խմբերի միջև համագործակցության ընդլայնմանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments