Կորոնավիրուսը աշխարհին, այդ թվում Հայաստանին թելադրել է առանձնահատուկ ռեժիմ

- in Սոցիալական

Նիկոլ Փաշինյանը մարտի 27-ին իր աշխատասենյակից պատահական հեռախոսահամարներով զանգահարել է տարբեր քաղաքացիների եւ հետաքրքրվել նրանց ներկայիս վիճակով, արտակարգ դրության եւ կարանտինի ժամանակահատվածում նրանց սոցիալ-հոգեբանական վիճակով:

Կորոնավիրուսը աշխարհին, այդ թվում Հայաստանին թելադրել է առանձնահատուկ ռեժիմ, որի պարագայում լոկ արտակարգ դրություն ձեւակերպումը ասում է քիչ բան: Մեծ է թե հոգեբանական, թե սոցիալական լարման ռիսկը, ինչն էլ իր հերթին կարող է բերել պարզապես սոցիալական բունտի: Առավել եւս, որ քիչ չեն լինի այդօրինակ զարգացման համար կայծ նետողները:

Ու թեեւ Հայաստանում գործնականում չկա ուժ, որը կլինի այդ բունտի լեգիտիմ առաջնորդող, այդուհանդերձ սոցիալական լարումը մի շարք ուժերի հնարավորություն կտա պայմաններ թելադրել բարդ վիճակում հայտնված կառավարող մեծամասնությանը:

Արդեն իսկ ակնառու է, թե ինչպես են տարբեր ուժեր բավական աշխուժորեն խաղարկում սոցիալական ասպեկտը: Աշխուժություն է ցուցաբերում ԲՀԿ-ն՝ քաղաքական տիրույթում, կան տեղեկատվա-քարոզչական տիրույթում աշխուժություն ցուցաբերող տարբեր այլ խմբեր:

Միաժամանակ, պետք է արձանագրել եւ այն, որ հիմքն այստեղ միանգամայն օբյեկտիվ է, այսինքն խնդիրը հարցի նենգափոխումը կամ շահարկումը չէ, թեեւ զգալի են այդպիսի օրինակներ: Դրանցից վառ է այն, թե ինչպես մի շարք գործիչներ եւ ուժեր փորձեցին նենգափոխել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե չկա օրավարձով աշխատող հասկացություն, կա գրանցված եւ չգրանցված աշխատող հասկացություն: Այդ հայտարարությունը նենգափոխվեց այնպես, թե Փաշինյանն ասել է, որ Հայաստանում չկա օրավարձով աշխատող ու ապրող: Ընդհանուր առմամբ, սակայն, սոցիալական մտահոգությունն ունի միանգամայն բնական հիմք, եւ այստեղ կառավարությունը հասցեական աջակցության, մարդկանց իսկապես բարդ վիճակում էական օգնություն ցույց տալու խնդիր ունի:

Դրանով հանդերձ, անկասկած է, որ Հայաստանն իր պետական կարողությամբ դեռեւս այնպիսի վիճակում չէ, ինչպիսին օրինակ ԱՄՆ-ն կամ Գերմանիան, որոնք կարող են ահռելի քանակի փող հատկացնել բիզնեսին ու մարդկանց: Հայաստանի հնարավորությունը սահմանափակ է, ինչը պահանջում է աջակցության ավելի մեծ ժամանակ՝ առավել հասցեականության համար: Իսկ այդ ժամանակը կարող է չաշխատել կառավարության օգտին:

Ըստ այդմ, վարչապետ Փաշինյանը հեռախոսով ժամանակ է շահում եւ փաստացի չեզոքացնում սոցիալական բունտի ուրվականը, մինչեւ կառավարության աջակցությունը կհասնի հասցեատերերին:

Այդ իմաստով, քայլն անշուշտ քաղաքական-քարոզչական է, միեւնույն ժամանակ նաեւ մշակութային ու քաղաքակրթական, երբ երկրի վարչապետը փորձում է ձեւավորել քաղաքացու հետ ուղիղ հաղորդակցության նոր հարթություն: Այստեղ հարցը հոգեբանական է, երբ թե այդ հաղորդակցության մյուս ծայրին, թե նաեւ հանդիսատեսի կարգավիճակում գտնվող քաղաքացու հոգեբանության մեջ այդուհանդերձ տեղի է ունենում իշխանության մասին, իշխանության հանդեպ սեփական դերի ու կարգավիճակի մասին պատկերացման գուցե դանդաղ, բայց հեղափոխություն:

Շատերը կարող են համարել նաեւ, որ Փաշինյանը ձեւացնում է, թատրոն է խաղում՝ ընդ որում Թատրոնի միջազգային օրը: Սակայն ինքնին հենց դա, որ անգամ խաղի պարագայում դա թատրոն է, այլ ոչ թե կինո, այսինքն՝ չկա հանդիսատեսի եւ խաղացողի միջեւ պատնեշ, արդեն իսկ քաղաքացու ընկալման վրա ազդող հիմնարար իրողություն է:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments