Կորոնավիրուսը կսպանի՞ ԵՏՄ-ն. բացառիկ որոշում

- in Կարծիք
ETM

Ուժի մեջ է մտել կորոնավիրուսի վարակի պայմաններում ԵՏՄ ներմուծվող մի շարք ապրանքների մաքսատուրքի զրոյացման մասին բացառիկ որոշումը, որ կայացրել է ԵՏՄ տնտեսական հանձնաժողովը:

Որոշումը վերաբերելու է 2020-ի մարտից սեպտեմբեր ժամանակահատվածին: Բացառիկ որոշումը պայմանավորված է իհարկե վարակի դեմ առավել արդյունավետ պայքարի անհրաժեշտությամբ, սակայն այն ունի բավական հեռուն տանող ենթատեքստ:

Բանն այն է, որ կորոնավիրուսը քայլ առ քայլ փլուզում է համաշխարհային տնտեսության եւ քաղաքականության կառուցվածքները: Գործնականում բոլորն են արձանագրում, որ հետվարակային աշխարհը լինելու է էապես այլ, քան նախավարակայինը: Ու թեեւ դեռեւս որեւէ որոշակի պատկեր չկա, թե հատկապես ինչն է աշխարհում լինելու այլ, այդուհանդերձ ներկայիս փլուզումների մասշտաբը վկայում է, որ գեոտնտեսական եւ գեոքաղաքական վերափոխումները էական են լինելու:

Դրանք առանցքային, ընդհուպ մահաբեր սպառնալիքներ, ռիսկեր ու մարտահրավերներ են պարունակում վերպետական կառույցների, միասնական տարածությունների համար: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ԵՄ երկրների ղեկավարների տեսակոնֆերանսում հայտարարել է, որ ռիսկի տակ է ԵՄ միասնականությունը: Իտալիայում բացահայտ է հիասթափությունը վարակի պայմաններում ԵՄ վարքագծից: Միաժամանակ սակայն այստեղ կան էական օբյեկտիվ հանգամանքներ, խաղի կանոնները թելադրում է վարակը, որի դեմ ԵՄ կանոններն անզոր գտնվեցին:

Եթե վարակի դեմ անզոր գտնվեցին ԵՄ կանոնները, ապա ինչ ասել ԵՏՄ մասին: Մի բան արդեն իսկ բավականին ցցուն է՝ վարակը կլանում է ամեն ինչ, տեղի են ունենում տեսակոնֆերանսի մակարդակով տարբեր վեհաժողովեր, սակայն ԵՏՄ երկրների ղեկավարները միմյանց հետ գրեթե չեն հաղորդակցվում:

Պարզապես չկա դրա իմաստը, եւ համաճարակված աշխարհը էլ ավելի է ընդգծել ԵՏՄ իմաստազրկվածությունը որպես կառույց: Միաժամանակ, իր էական դերն է թողնում նավթի գնանկումը, որը փլուզում է ՌԴ սպառողական շուկան, միաժամանակ նաեւ ԵՏՄ եզակի իմաստներից մեկը՝ էներգետիկ միասնական շուկան: Եթե էներգակիրների գինը նվազում է աշխարհում, ապա ԵՏՄ երկրների համար կորչում է նաեւ միասնական շուկայի շնորհիվ արտոնյալ գին ստանալու իմաստը: Այդ մասին հեղափոխությունից հետո խոսել է նաեւ Նիկոլ Փաշինյանը, երբ ասում էր, որ միասնական շուկա եւ էժան գին չապահովելու պարագայում կորչում է ԵՏՄ-ում լինելու իմաստը: Փաստորեն, այդ շուկայի իմաստն էլ կարող է կորչել նավթի գնանկման պայմաններում:

Այդ համատքստում ուշագրավ էր օրերս խորհրդարանում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարությունը, որ Հայաստանը նավթի շուկայում շարունակվող գնանկման միտման պարագայում կարող է դիմել Ռուսաստանին գազի գնագոյացման մեխանիզմը նավթի գնի հետ կապելու հարցով:

Կհասնի՞ կորոնավիրուսի փլուզիչ շքերթը ԵՏՄ-ին, հենց սկզբից մեռելածին թվացող այդ կառույցի մահն արձանագրելու համար:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments