Կորոնավիրուսը Հայաստանում կանի մի կարեւոր բան

- in Հրապարակ

Կորոնավիրուսը, կամ ինչպես մեր արեւմտահայ եղբայրներն են ասում՝ քորոնա ժահրը, զուտ համաճարակից վերածվել է խոշոր վերափոխումների խթանի ու առիթի: Ժահրը ներկայում իշխում է աշխարհում, ազդում պետությունների որոշումների ու վարքաբանության վրա:

Ընդ որում, այն հնարավորություն է տվել կայացնել որոշումներ, որոնք սովորական իրավիճակներում կամ հնարավոր չէ զանազան պատճառներով, կամ իրագործվում է բավական դանդաղ:

Մարդկությունը ժամանակ առ ժամանակ հանգում է ներքին ու արտաքին հարաբերությունների որոշակի նորմերի եւ ուժերի որոշակի հարաբերակցության, որոնք ինչ որ պահի հակասության մեջ են մտնում իրականության հետ եւ սկսում են խանգարել կենսական լուրջ խնդիրների լուծմանը: Այդ պարագայում «օգնության» են գալիս համաշխարհային պատերազմներն ու համաճարակները: Դրանք կտրուկ փոխում են իրավիճակը, ստեղծում նոր իրավիճակ ու հարաբերություններ, հնարավորություն տալիս հրաժարվել քարացած ու անկենսունակ համակարգերից ու դրվածքներից:

Համաճարակները մարդկության պատմության անբաժանելի ուղեկիցն են եւ պատերազմների ու բնական խոշոր կատակլիզմների պես կործանել են անխոցելի թվացող պետական ու քաղաքակրթական համակարգեր ու կրոններ, դարձել նոր պետությունների ու քաղաքակրթությունների առաջացման խթան, փոխել ժողովրդագրական պատկերը, արագացրել այսպես կոչված էվոլյուցիան: Դրանք օբյեկտիվ իրողություններ են եւ չեն չափվում ժամանակի ու տարածության սովորական չափումներով:

Նոր քորոնա ժահրը արդեն իսկ մարդկությանը դրել է նման մի իրավիճակում, լոկալ պատերազմների ու «էվոլյուցիոն բարեփոխումների», ձախ օրակարգի գերիշխանության պայմաններում: Ընդ որում, խոսքը հավաճարակի մասշտաբի ու զուտ առողջապահական հետեւանքի մասին չէ, որոնք դեռեւս պարզ չեն: Խնդիրն արդեն իսկ կայացված այն որոշումներն են, որոնք, ինչպես արդարացի պնդում են շատ տեսաբաններ ու վերլուծաբաններ, կտրուկ փոխելու են ներկայիս կոմունիկացիոն, արժեքային, քաղաքական ու տնտեսական համակարգերի բնույթն ու կառուցվածքը, եւ լինելու է լիովին նոր աշխարհ:

Ով ինչպես դուրս կգա ու ինչ վիճակում, կախված է բազմաթիվ հանգամանքներից, որոնք առնչվում են տվյալ հանրությունների կենսունակության ու «պասիոնարության» աստիճանին:

Այդ առումով, Հայաստանում ներկայում հնչում են բավական համարժեք գնահատականներ ու առաջարկներ, որոնք սակայն դեռեւս ամբողջական ձեւակերպում են պահանջում հայեցակարգային առումով: Դա հույս է տալիս, որ նոր աշխարհի համարժեք գնահատականն ու համապատասխան գործունեությունը թույլ կտա չհայտնվել լուսանցքում, ինչպես հայության հետ պատահեց պատմության նախորդ փուլերում:

Մինչ այդ, երկրում հաստատված արտակարգ դրության ռեժիմը սահմանում է որոշակի նորմեր, որոնք պետք է պարտադրել ու խստորեն հետեւել կատարմանը: Բանն այն է, որ դրանց նշանակությունը զուտ առողջապահական չէ, դրանք նորմեր են, որոնց արմատավորումը եւ հետագայում կենսակերպի անբաժանելի մաս դարձնելը հայերին ծեսի, քեֆի ու պանյատների համայնքային բնույթի հանրույթից կվերածեն պետական ազգի՝ սեփական իրավունքների ու պատասխանատվության հստակ գիտակցումով: Հայերը դրա համար ունեն ամենակարեւորը՝ ճգնաժամային վիճակներում պարզապես հորդում են մեր ժողովրդի լավագույն հատկանիշները, որոնք չպետք է թողնել «քնել» հետվարակային աշխարհում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments