Կորոնավիրուսը քո՞ղ է, թե՞ համաշխարհային մարտահրավեր

- in Հրապարակ

Ակնառու է, որ համաշխարհային քաղաքականությունն այսօր թելադրում է կորոնավիրուսը կամ առնվազն թելադրվում է կորոնավիրուսով, եթե փոքր-ինչ տուրք տանք նաև կոնսպիրոլոգիական մոտեցումներին:

Կորոնավիրուսը քո՞ղ է, թե՞ համաշխարհային մարտահրավեր, որ բոլորին ստիպել է մի կողմ դնել հիմնական գործերն ու զբաղվել այդ աղետից, մարտահրավերից աշխարհը փրկելով կամ ամեն մեկին ստիպել է զբաղվել իր փրկվելով: Այդ հարցի շուրջ կարող են լինել տարբեր դատողություններ ու գնահատականներ, սակայն մի բան աներկբա է, որ կա վարակի «տոտալիտար» բնույթի փաստը, և աշխարհը հայտնվում է այդ «տոտալիտարիզմի» ազդեցության ներքո:

Այդ ազդեցությունն անշուշտ ունենալու է սահմանափակ տևողություն, թեև հայտնի չէ, թե հատկապես ինչքան: Բայց պարզ չէ, թե ինչպիսին է լինելու ազդեցությունն աշխարհի վրա, երբ կորոնավիրուսային տոտալիտարիզմը ավարտի իր կառավարումը: Մեծ հավանականությամբ, սակայն, դրա ազդեցությունը լինելու է ոչ միայն տնտեսական, զգալի է լինելու ոչ միայն «ազատ կյանքը» կարոտած հասարակությունների հոգեբանության վրա, այլ նաև քաղաքական համակարգերի, որովհետև ի վերջո քաղաքական համակարգերը ձևավորվում են մի քանի բազայի վրա, որոնցից առաջնայիններից են տնտեսությունն ու հասարակական հոգեբանությունը:

Այդ տեսանկյունից իրավիճակը էական հարցադրումների առաջ է դնում նաև Հայաստանը, որն ընդհանրապես քաղաքական համակարգի խնդիր ուներ կորոնավիրուսից առաջ էլ, թավշյա հեղափոխությունից առաջ էլ, և այդ խնդիրը հատկապես ամբողջ հասակով կանգնել էր հեղափոխությունից հետո երկու տարիների ընթացքում: Գործնականում կորոնավիրուսը և հետկորոնավիրուսային աշխարհն այդ իմաստով Հայաստանի այդ ամբողջ հասակով կանգնած խնդիրը տեղափոխում է նոր հարթություն: Քաղաքական համակարգի ինչպիսի հենարան, բազա է ձևավորվելու Հայաստանում տնտեսական իրողությունների և հանրային ընկալումների իմաստով: Դրանք իրենց էական փոփոխությունն ապրեցին հեղափոխությունից հետո:

Կորոնավիրուսից հետո լինելու է փոփոխության երկրորդ ալիքը: Մեծ հավանականությամբ այդ ալիքն էլ ավելի է դևալվացնելու Հայաստանում եղած քաղաքական ներկապնակը, էլ ավելի է ցույց տալու դրա անհամարժեքությունը փոփոխվող աշխարհին: Ընդ որում, դրա շոշափելի ուրվագծերը նշմարվում են արդեն այսօր, առկա վիճակում եղած քաղաքական ուժերի պահվածքում, նրանց հռետորաբանությունում, մեթոդաբանությունում:

Հանրությունը ներկայումս քննարկում է կորոնավիրուսի առողջական և տնտեսական ազդեցության, հետևանքի, կորուստների նվազեցման և փոխհատուցման հարցը: Կարճաժամկետ իմաստով դա, իհարկե, ամենահրատապն է՝ ներառյալ սոցիալական հետևանքը: Սակայն ռազմավարական առումով առավել սրվում է Հայաստանի քաղաքական համակարգի խնդիրը, որի քննարկման հրատապությունը նվազ չէ թե՛ հանրային շահի, թե՛ ազգային անվտանգության ռազմավարության տեսանկյունից:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments