Կորոնավիրուսից կոնսենսուս. Արտակարգ իրավիճակում ինչ ռեզերվ ունի Հայաստանը

- in Հրապարակ

Կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված արտակարգ իրավիճակը Հայաստանից պահանջելու է դիմադրության, հաղթահարման եւ հետագա կենսագործունեության համար արտակարգ ջանք:

Ընդ որում, խոսքն ամենեւին զուտ վարակի կանխարգելիչ միջոցառումների առաջնային հանգամանքի մասին չէ: Ոչ պակաս կարեւոր է իրադրության տնտեսական գինը: Այն գործնականում անխուսափելի է աշխարհի որեւէ երկրի համար:

Ինչ ռեզերվ ունի Հայաստանն այդ իմաստով: Այստեղ կարող է լինել դիտարկման երկու հանգամանք՝ նախկին իշխող համակարգի այսպես ասած յուրացրած փողը որպես ռեզերվ՝ պայմանական, հաշվի առնելով այն վերադարձնելու քաղաքական խնդիրը, որ ավելի վաղ ձեւակերպել է կառավարությունը, եւ երկրորդը՝ համահայկական ռեսուրսը:

Հնարավոր է, որ ռեսուրս պետք է դիտարկել երկուսը միասին: Այդ ռեզերվը առարկայորեն գործունակ կարող է դառնալ թերեւս համազգային կոնսենսուսի պայմաններում, մասնավորապես այն 6 կետերի շրջանակում, որոնց մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազդարարեց դեռեւս 2019 թվականի օգոստոսի 25-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում:

Մյուս կողմից, սակայն, ակնառու է, որ կոնսենսուսը չի ստացվում, համենայն դեպս այն մասշտաբով, որը թույլ կտա խոսել իրապես նոր հասարակական-քաղաքական իրադրության մասին: Ընդ որում, դա արդեն անկախ կորոնավիրուսից: Միաժամանակ, կոնսենսուսի համար պատասխանատվությունը երկուստեք է, թե կառավարությունից, թե նաեւ դրա դեմ խոսող եւ սեփական ունեցվածքը քաղաքական աստառով պաշտպանելու ջանք գործադրող նախկին համակարգից: Այն հավասարաչափ չէ, բայց երկուստեք է: Պատասխանատվությունն անհամաչափ եւ անհամեմատելի մեծ է նախկին համակարգում՝ ելնելով դրա իշխանական գոյության հակասահմանադրական բնույթից եւ արժեհամակարգային արատներից, որոնք ծանր գին են արժեցել Հայաստանի վրա:

Ըստ այդմ, կոնսենսուսի գինը խոշոր հաշվով պետք է վճարի հենց այդ համակարգը:

Կորոնավիրուսի հանգամանքը, որ ստեղծում է արտակարգ իրադրություն, արդյոք կստիպի այդ համակարգին լայն իմաստով փոխել հետիշխանական վարքագիծը, ինչն էլ իր հերթին կբերի կառավարող մեծամասնության վարքագծի փոփոխության եւ համազգային կոնսենսուսի կետերի շուրջ փոխհամաձայնության:

Հայաստանը կորոնավիրուսից դուրս կգա՞ կոնսենսուսով առավել ուժեղացած, թե՞ նախկին իշխող համակարգը կորոնավիրուսի համապետական վտանգը կդիտարկի սեփական դիրքերն ուժեղացնելու հնարավորություն՝ այդ ուժեղ դիրքից կառավարող մեծամասնությանը պայման թելադրելու ակնկալիքով:

Համենայն դեպս առայժմ տարբեր քայլերով կարծես թե դրսեւորվում է երկրորդ տարբերակը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments