Կորոնավիրուսից կոռուպցիավիրուս. նոր ռիսկ կառավարության համար

- in Տնտեսական

Ինչպես է Հայաստանի կառավարությունն աջակցելու տնտեսությանը, ինչի համար նախատեսել է 150 միլիարդ դրամի աջակցության փաթեթ: Տնտեսագետները սկսել են քննարկել, թե հատկապես ինչ տրամաբանությամբ պետք է ցուցաբերել աջակցությունը: Կառավարությունն առաջարկում է բիզնեսին զրոյական տոկոսով վարկ՝ նոր տնտեսական կառուցվածքի միտված գաղափարների ու նախաձեռնությունների համար: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դեմ են բիզնեսին նպաստ տալուն:

Բիզնեսին նպաստ տալն անշուշտ սխալ մոտեցում է, դա բիզնեսը վերածելու է մակաբուծության: Մյուս կողմից, երբ խոսվում է հետկորոնավիրուսային նոր տնտեսության մասին, նոր աշխահի մասին, պետք է իհարկե հասկանալ, որ այստեղ բառերը հաճախ շատ ավելի գերագնահատված պատկեր են գծում, քան կարող է լինել իրականում: Գերագնահատված այն առումով, որ այսպես ասած հին տնտեսական կառուցվածքը չի վերանալու ոչ մեկ օրում, ոչ մեկ տարում եւ ոչ էլ գուցե տասը տարում:

Այդ իմաստով, պետք է աջակցել ինչպես նորարարությանն ու նախաձեռնողականությանը, այնպես էլ թերեւս գործարար հանրությանը, որը գուցե չունի որեւէ նոր գաղափար, բայց պատրաստ է նոր եռանդով շարունակել ու վերակենդանացնել իր հին բիզնեսը, որը նոր աշխարհում ամենեւին էլ չի մնալու լուսանցքում: Ըստ այդմ, նորարարությունն ու նախաձեռնողականությունը մի կողմից էապես կարեւոր, սակայն մյուս կողմից կարող են դառնալ աջակցության արդյունավետության բավական խաբուսիկ նշաձող:

Այդ ամենին զուգահեռ, մնում է հարցը, թե ինչ են անելու քաղաքացիները, որոնք կորցնում են օրվա հացի ապահովման աղբյուրը: Այդպիսիք լինելու են, անկասկած, եւ նրանց թիվը լինելու է բավական մեծ: Կառավարության աջակցության փաթեթը ենթադրելու է մոտ երեք տասնյակ միլիարդ դրամի սոցիալական աջակցություն, բայց այստեղ առանցքային նշանակություն է ստանում հասցեականությունը:

Իրավիճակը բավական բարդ է այն առումով, որ դեպքերն ու օրինակները լինելու են իսկապես ամենատարբեր, խիստ լոկալ բնույթի, որտեղ պահանջվելու է մանրակրկիտ մոտեցում, աջակցության արդյունավետությունն ու հասցեականությունն ապահովելու համար: Առավել եւս, որ այդօրինակ դեպքերում ի հայտ են գալիս բազմաթիվ հնարամիտներ, որոնք փորձում են օգտվել, այն էլ երկակի կամ բազմակի:

Մեծ հաշվով, նոր իրավիճակը կառավարության համար ոչ միայն տնտեսական կամ սոցիալ-տնտեսական, այլ նաեւ կոռուպցիոն ռիսկ է: Այդ տեսանկյունից, անհրաժեշտ է թերեւս աջակցության փաթեթի հանգամանալից մշակման եւ իրականացման որոշակի համահասարակական մեխանիզմ, որը գուցե փոքր ինչ տարողունակ դարձնի աշխատանքային գործընթացը, բայց երեւի թե կերաշխավորի թե գործարար հանրության, թե քաղաքացիների համար աջակության արդյունավետ հասցեականության առավելագույն բարձր աստիճան:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments