Կորոնավիրուսի դեմ հաղթանակի ժամկետը

- in Միջազգային
dzerq

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտնել է, որ Մեծ Յոթնյակի երկրները կողմ են 2020 թվականի Ամառային օլիմպիադայի լիարժեք անցկացմանը: Նա ասել է, որ անում են հնարավորը՝ օլիմպիադային պատրաստ լինելու մասին, ցույց տալու համար, որ մարդկությունն ուժեղ է եւ կհաղթի կորոնավիրուսին:

Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը հետաքրքիր է աշխարհում տիրող այն իրավիճակի ֆոնին, որ առաջացրել է կորոնավիրուսը: Բանն այն է, որ տարբեր ղեկավարներ տարբեր գնահատական են տալիս վարակը հաղթահարելու ժամկետի առնչությամբ: Այդ ժամկետները ներառում են մի քանի ամսից մինչեւ մեկ տարի ժամանակահատված:

Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը հարց է առաջացնում, թե արդյոք Մեծ Յոթնյակի ղեկավարները մինչեւ այդ տեսնում են կորոնավիրուսի հաղթահարման իրական հեռանկար: Օլիմպիադան նախատեսվում է անցկացնել օգոստոսին:

Իհարկե, հնարավոր է դրա լիարժեք անցկացում նաեւ որոշակի ուշացումով: Համենայն դեպս, Մեծ Յոթնյակում փաստորեն կա լավատեսական տրամադրվածություն: Դա հետաքրքիր է այն առումով, որ հենց Յոթնյակի առաջնորդներից են եղել պայքարի ժամկետների վերաբերյալ հակասական հայտարարություններ:

Այդ իմաստով, աշխարհը ներկայում գտնվում է տեղեկատվական պատերազմի փուլում, որով առնվազն ձեւավորվում են սպասումներ տարբեր մակարդակներում՝ հանրայինից մինչեւ միջազգային-քաղաքական:

Հայաստանում արտակարգ դրության որոշմամբ, կորոնավիրուսի իրավիճակին առնչվող տեղեկատվությունը պետք է տարածվի միայն կառավարության պաշտոնական աղբյուրից, այդ թվում նաեւ միջազգային իրադրությանն առնչվող տեղեկատվությունը:

Ըստ ամենայնի, դա պայմանավորված է հենց համաշխարհային տեղեկատվական պատերազմի, կամ ինչպես ասում են՝ ինֆոդեմիայի, եւ այդ հարցում Հայաստանի դիմադրունակությունն ուժեղացնելու հանգամանքով: Միաժամանակ, Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ օլիմպիական խաղերի վերաբերյալ, իր ընդհանրականությամբ հանդերձ, անշուշտ նպաստում է դրական սպասումների ձեւավորմանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments