Կորոնավիրուսն ու ներքաղաքական կյանքը

- in Հրապարակ

Հայաստանում արտակարգ դրության հաստատումը, բնականաբար, ուշադրության կենտրոն է բերում նախատեսված Սահմանադրական հանրաքվեի խնդիրը, և դրա դիտարկումը քաղաքական հարթության մեջ: Հանրաքվեի չեղարկումը բնականաբար դիտարկվում է հաղթանակի և պարտության համատեքստում:

Դա օրինաչափ և սպասելի դիտարկում է, սակայն խիստ կարճաժամկետ և մակերեսային: Մակերեսային այն իմաստով, որ հանրաքվեն իրականանալու և որևէ արդյունք ունենալու պարագայում անշուշտ կարող էր ձևավորել էապես նոր քաղաքական փուլ, սակայն արտակարգ դրության պատճառով չեղարկվելու պարագայում այն ընդամենը հետաձգում է Սահմանադրական դատարանի հարցը, սակայն չի բերում նոր քաղաքական փուլի: Նոր քաղաքական փուլի կարող է բերել կորոնավիրուսը, և դա այլ հարց է: Այստեղ կառավարության արդյունավետության խնդրից մինչև վարակի համաշխարհային հետևանքը կարող են իրենց ազդեցությունն ունենալ ներհայաստանյան միջավայրի վրա: Բայց դա արդեն կապ չունի հանրաքվեն հետաձգել-չհետաձգելու հետ:

Այլապես, եթե դիտարկենք իրավիճակը կորոնավիրուսի այս կամ այն հնարավոր ազդեցությամբ սցենարներից դուրս, հանրաքվեի հետաձգումը ընդամենը պահպանում է հետհեղափոխական ստատուս-քվոն, որը ձևավորվել է բավականաչափ հայտնի իրողությունների և տրամաբանության հիման վրա: Իսկ այստեղ շարունակելու է պահպանվել հանրային վստահության կամ սոցիալական հենարանի տեսանկյունից քաշային կատեգորիաների էական անհամամասնությունը, երբ կա վստահության մեծ պաշար ունեցող իշխանություն, և չկա համարժեք վստահության պաշար ունեցող հակադիր ուժ: Չկա նաև հակադիր ուժերի էական համախմբման գործնական, առարկայական հեռանկար, քանի որ այդ տիրույթում կան էլ ավելի խորքային խնդիրներ: Այդ տեսանկյունից, հանրաքվեն հետաձգում է կորոնավիրուսը, և այստեղ հարցը բոլորովին այլ դաշտում է, թե այն հաղթահարելուց հետո որքանով է ներքին օրակարգում արդիական լինելու այդ հարցն ու լինելու է դրան նախկին տեսքով վերադառնալու անհրաժեշտություն:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments