Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 329-ի

- in Առողջություն
Aroxjapahutyun

Հայաստանում մարտի 27-ի ժամը 10։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 30 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը հասել է 329-ի։

Այս մասին տեղեկանցում է ՀՀ ԱՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Բուժվածների թիվը 18 է: Հիշեցնենք՝ երեկ (ժամը 10:00-ի տվյալներով) Հայաստանում կորոնավիրուսով վարակված 290 հաստատված դեպք կար:

Կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել 3 զինծառայողից, որոնցից մեկի ընտանիքի անդամի մոտ հաստատվել է վիրուսի առկայությունը: Կորոնավիրուս հաստատվել է 3 զինծառայողի մոտ էլ:

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում էլ երեկ արձանագրվել է մահվան դեպք։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։

ԱՄՆ-ում կորոնավիրուսային վարակը տարածվում է շատ արագ տեմպերով: Չնայած բարձրագոչ հայտարարություններին՝ այնտեղ արդեն 81 հազար 865 հաստատված դեպք կա, միայն Նյու-Յորքում ավելի քան 30 հազար մարդ է հիվանդ վիրուսով: ԱՄՆ-ից ավելի վատ կորոնավիրուսային վիճակագրություն ունեցող երկիրն աշխարհում միայն Իտալիան է: Միացյալ Նահանգներն այս թվերով առաջ են անցել անգամ Չինաստանից, որտեղ, Worldometers կայքի վերջին տվյալներով՝ 81 հազար 285 կորոնավիրուսակիր կա: Կորոնավիրուսի հաստատված դեպքեր առկա են ԱՄՆ-ի բոլոր՝ 50 նահանգներում, մահացածների թիվը գերազանցում է 1175-ը: Ընդ որում, այս ցուցանիշները գրանցվել են կարճ ժամանակահատվածում, բառացիորեն մի քանի օրում: Միացյալ Նահանգներում 1 օրում 13 հազար 500 նոր դեպք է հաստատվել: Սա դեռեւս չգերազանցված ցուցանիշ է եւ աննախադեպ թվային տվյալ:

Իտալիայի հյուսիսային շրջաններում, որոնք COVID-19-ի համաճարակի բռնկումից ի վեր ամենամեծ թվերն են գրանցել Երոպայում, այժմ նկատվում է մահերի եւ վարակման ցուցանիշների փոքր-ինչ անկում: Մահացածների մասին տվյալները գրեթե նույն վիճակագրությամբ են շարունակվում, սակայն երկրի իշխանությունները հավաստիացրել են, որ վարակման թվերն սկսել են կրճատվել: Այժմ մտավախություն կա, որ վիրուսային օջախն Իտալիայի հյուսիսից կարող է շարժվել դեպի արեւմուտք, որտեղ տեղակայված է Իտալիայի աղքատ բնակչությունը. հենց արեւմուտքում են սկսել վերջին օրերին մեծ թվով մահեր արձանագրվել: Ընդհանուր առմամբ Worldometers-ի թարմացված տվյալներով՝ Իտալիայում հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 80 հազար 590  դեպք եւ 8 հազար 215 մահ:

Եվրոպայում ամենաբարդ իրավիճակում այս պահին Իսպանիան է, որը շրջանցել է Չինաստանին՝ ոչ թե կորոնավիրուսով հիվանդների, այլ վիրուսից մահացածների թվով՝ տխուր թվերով զիջելով միայն Իտալիային: Մարտի 25-ին միայն երկրում 738 մարդ է մահացել՝ նոր ռեկորդ սահմանելով մահերի թվի ցուցանիշների մեջ: Ընդհանուր առմամբ Իսպանիայում արդեն 4 հազար 145 հաստատված մահվան դեպք կա:

Չինաստանում, Ջոն Հոփքինսի համալսարանի վերջին տվյալներով, մինչ այսօր 3 հազար 297 մարդ է մահացել կորոնավիրուսի հետեւանքով, 81 հազար 285 կորոնավիրուսի դեպք է գրանցվել՝ ըստ Worldometers-ի ցուցանիշների:

Իտալիայից, Իսպանիայից եւ Չինաստանից հետո մահերի թվով մեծ ցուցանիշներ ունի նաեւ հարեւան Իրանը: Իրանում ամենավերջին տվյալներով՝ 29 հազար 406 հաստատված դեպք կա եւ 2 հազար 234 մահ: Վերջին 1 օրում Իսլամական Հանրապետությունում 157 նոր մահ է գրանցվել:

Անհանգստացնող թվեր են նաեւ Գերմանիայում: Թարմ տվյալներով՝ այստեղ 43 հազար 646 կորոնավիրուսային հաստատված դեպք կա, սակայն զարմանալիորեն քիչ են մահվան թվերը հիվանդացության ցուցանիշի հետ համեմատելիս: Ամբողջ երկրի տարածքում համաճարակի բռնկումից ի վեր 262 մահվան դեպք է գրանցվել:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments