Կորոնավիրուսով վարակված դպրոցահասակ երեխաների, թեստերի ու մարզերի մասին

- in Առողջություն
Dproc

Արսեն Թորոսյանը ՀՀ կառավարությունում հրավիրած ասուլիսում պարզաբանեց, թե քանի արհեստական շնչառության սարք կա երկրում՝ նախատեսված կորոնավիուսով հիվանդների համար։

Մարտի 16-ին Թորոսյանը գրել էր, որ երկրում կա թոքերի արհեստական օդափոխության գործող 334 սարք։ Ազգային ժողովում հայտարարել էր՝ թոքերի արհեստական շնչառության համար առանձնացվել է 42 սարք։

«Այդ սարքերը բոլորը կան և աշխատում են Հայաստանի բոլոր հիվանդանոցներում՝ իմ նշած 334-ը, բայց դրանցից զատ 41, թե 42 հատ կա առանձնացված հատուկ այս հիվանդության՝ կորոնավիրուսի դեպքերի համար։ Եվ դրանք թիվը գնալով համալրվում է։ Օրինակ՝ այսօր դրանց թիվը 5-ով կավելանա, մենք երեկ ենք ներկրել երկիր»,- ասաց նա։

Արսեն Թորոսյանը կառավարությունում հրավիրած ասուլիսում անդրադարձավ հարցին, թե կորոնավիրուսի վարակի վերջին երկու օջախների՝ Կոտայքի և Էրեբունու արտադրամասերի բոլոր կոնտակտավորեն են արդյոք մեկուսացված։ «Չեմ կարող պնդել, որ անխտիր բոլոր անձինք բացահայտված են և ամեն ինչ վերահսկվում է, բայց կարող եմ ասել, որ այդ երկու արտադրամասերի շփումներից մի քանի հարյուր անձ է մեկուսացված»,- ասաց նախարարը։

Ըստ նրա՝ համաճարակաբանական հետաքննությունը հաճախ երկար է տևում, և իրենք չեն դադարեցնում այն, քանի դեռ ունեն կասկած ու նաև ռեսուրս՝ այդ մարդկանց պահելու։ «Մենք թեստ դնում ենք՝ բժշկական ցուցում, գումարած համաճարակաբանական ցուցումի հիման վրա։ Բայց կարծում եմ՝ կգա մի պահ, երբ որ մենք համաճարակաբանական ցուցումը կդնենք կողքի, միայն բժշկական ցուցումով կդնենք, երբ որ դեպքերի աշխարհագրությունն ու թիվը մեծանա։ Եվ մեր խնդիրն է այդ ամենը ինչքան հնարավոր է հետաձգել ու օրական հաստատվող դեպքերի թիվը նվազեցնել, որպեսզի առողջապահական համակարգը կարողանա վերցնել այս բեռը»,- հավելեց նախարարը։

Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում են ստանում նաև այլ բնակավայրերից կորոնավիրուսով վարակված քաղաքացիներ։

«Գյումրիում վարակվածների քանակը երկու ձեռքի մատների վրա կարելի է հաշվել, նրանք շատ չեն և մեկուսացված են, հայտնաբերված է նաև նրանց շփման շրջանակը։ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում շարունակում են իրենց բուժումը նաև այլ բնակավայրերի մեր քաղաքացիները, որոնց մոտ հաստատվել է այդ հիվանդությունը։ Այնտեղ բուժում են ստանում ասիմպտոմ կամ թեթև դեպքերով մեր քաղաքացիները»,- նշեց Թորոսյանը։

Նա ընդգծեց, որ այսօր կամ ամենաուշը վաղը՝ մարտի 27-ին, կլինի քարտեզ, որի վրա նշված կլինեն այն վայրերը, որտեղ արձանագրվել են նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու դեպքերը։

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվում կան դպրոցահասակ երեխաներ, բոլորն իրենց լավ են զգում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե տեղեկություններ են շրջանառվում, որ վարակվածների թվում կա երկու ամսական երեխա:
«Երկու ամսական երեխա հաստատ չունենք, դպրոցահասակ երեխաներ կան, սակայն նրանք հիմա իրենց լավ են զգում, պրակտիկորեն որևէ սիմպտոմ չունեն, այսինքն՝ կյանքին վտանգ սպառնացող կամ նույնիսկ միջին ծանրության ընթացք չէ»,- ասաց Թորոսյանը:

Նա նկատեց` աշխարհում մոտ 500 հազարի է հասնում կորոնավիրուսով վարակվածների թիվը, ակայն երեխաների մոտ ծանր ընթացքի մասին որևէ հրապարակում կամ գիտական հոդված չկա: Թորոսյանը վստահեցրեց` նույնը տեսնում է մեր երկրում:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք կա երեխաների շրջանում մի խումբ, որը ռիսկային խմբից դուրս է` նախարարն ասաց, երբ նշում են որևէ տարիքային խմբի ավելի քիչ խոցելի լինելու մասին, նկատի ունեն այդ տարիքային խմբի առողջ երեխաներին: «Եթե կա իմունիտետի բնական կամ ձեռքբերովի դեֆիցիտ կամ որևէ այլ հիվանդության բուժման ժամանակ արհեստականորեն իմունոդեֆիցիտ են առաջացնում, նա ավտոմատ դառնում է ռիսկային որևէ ինֆեկցիոն հիվանդության, այդ թվում՝ այս հիվանդության համար»,-ասաց նախարարն ու նշեց` պետք է հավելյալ ջանքեր գործադրեն օրինակ քիմիոթերապիա ստացող երեխաներին պաշտպանելու առավել, քան պրակտիկ առողջ երեխաներին:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Հայաստանում մարտի 26-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 290 է: Հայաստանում մարտի 25-ին ժամը 19:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 18 քաղաքացի:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments