Կորոնավիրուսով վարակված 3 բուժաշխատող կա

- in Առողջություն

Հայաստանում կան կորոնավիրուսով վարակված բուժաշխատողներ, այսօր կառավարությունում հրավիրած ասուլիսում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Հարցին, թե վարակված բուժքրոջից բացի այլ բուժաշխատողներ կա՞ն, նա պատասխանեց «Դժբախտաբար կան։ Բուժքրոջ վիճակը, վստահ եմ, լավ է, որովահետև չգիտեմ հակառակի մասին։ Ունենք ևս մեկ բժիշկ վարակված, և ունենք շտապ օգնության վարորդ վարակված։ Դա անխուսափելի է, մենք ինչքան էլ փորձում ենք բոլոր պաշտպանիչ միջոցներով պաշտպանել նրանց, միևնույն է՝ իրենք շատ-շատ են շփվում բուն վարակված անձանց հետ։ Եվ մեր խնդիրն է արագ հայտնաբերել ու մեկուսացնել նրանց։ Մեր այս երեք բուժաշխատողները մեկուսացված են, կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց Թորոսյանը։

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բուժանձնակազմն իր մեկուսացումը շարունակելու է անցկացնել «Holiday Inn Express Yerevan» հյուրանոցում, ընտանիքի անդամների և շրջապատի առողջության պաշտպանության համար։ Այս մասին տեղեկանում ենք «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի «Ֆեյսբուք»-ի էջից։

«Հյուրանոցը անձնակազմին տրամադրել է 100 սենյակ։ Կարևորում և գնահատում ենք հյուրանոցի տնօրինության մեծահոգի քայլը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիվանդանոցը վերապրոֆիլավորված է որպես միայն կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բուժհաստատություն։

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը։ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 290 դեպք է գրանցվել։

Արսեն Թորոսյանը կառավարությունում հրավիրած ասուլիսում պարզաբանեց, թե քանի արհեստական շնչառության սարք կա երկրում՝ նախատեսված կորոնավիուսով հիվանդների համար։

Մարտի 16-ին Թորոսյանը գրել էր, որ երկրում կա թոքերի արհեստական օդափոխության գործող 334 սարք։ Ազգային ժողովում հայտարարել էր՝ թոքերի արհեստական շնչառության համար առանձնացվել է 42 սարք։

«Այդ սարքերը բոլորը կան և աշխատում են Հայաստանի բոլոր հիվանդանոցներում՝ իմ նշած 334-ը, բայց դրանցից զատ 41, թե 42 հատ կա առանձնացված հատուկ այս հիվանդության՝ կորոնավիրուսի դեպքերի համար։ Եվ դրանք թիվը գնալով համալրվում է։ Օրինակ՝ այսօր դրանց թիվը 5-ով կավելանա, մենք երեկ ենք ներկրել երկիր»,- ասաց նա։

Կորոնավիրուսով վարակված մարդկանց բուժող եւ հսկողություն իրականացնող երեք բուժհաստատությունների բուժաշխատողների համար ապահովվում են լավ պայմաններ՝ սնունդ, տրանսպորտ՝ տուն գնալու կամ հյուրանոց գնալու համար: Այս մասին այսօր ասուլիսում նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ որոշ բժիշկներ որոշել են ապրել հյուրանոցներում, քանի որ համարում են, որ իրենք էլ ռիսկային խմբում են, եւ այսպես տուն չեն գնում՝ տան անդամներին չվարակելու համար:

Անդրադառնալով գերհոգնած բժիշկների մասին հարցին՝ նախարարը հիշեցրեց, որ պատրաստվում է բժիշկների նոր՝ մոտ 50 հոգանոց խումբ, որ շուտով արդեն կկարողանա փոխարինել այժմ աշխատող բուժանձնակազմին: «Նրանք կարող են հերթափոխ վերցնել այժմ գործող բժիշկներից կամ կսկսեն զրոյից մատուցել այդ ծառայությունը»,- ասաց նա:

Նախարարն ընդգծեց, որ պիտի շարունակենք պահպանել հիգիենայի սահմանված միջոցառումները, քանի որ չգիտենք, թե երբ աշխարհում և մեր երկրում վարակը կնահանջի: «Կամ կլինի հիվանդության նահանջ, կամ կլինի պատվաստանյութ, կամ կլինի բուժում»,- ասաց նա: Թեպետ պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում, թե այս կամ այն դեղամիջոցը բուժող է, սակայն, ըստ Թորոսյանի, առայժմ ասել, թե այս կամ այն դեղը բուժում է այս հիվանդությունը, չենք կարող:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments