Կորոնա, եկել ես ստեղ մեր գարունը փչացնում ես, որ ի՞նչ…

- in Մամուլ

lragir.am-ի Ֆուտուրիստական դիտարկումների բաժին.

Կորոնա վիրուսի դեմ պայքարի շրջանակում ընթերցողին ենք ներկայացնում նախկին եւ ներկա ղեկավարների բանակցությունները COVID-19-ի հետ:

Լեւոն Տեր-Պետրոսյան

– Կորոնա Չինացի, հուսով եմ ըմբռնումով կմոտենաք, որ արարողակարգը խախտելով՝ Ձեզ բարի գալուստ չեմ ասում եւ ձեռքով չեմ բարեւում: Բարդ իրավիճակում ենք հանդիպել. աշխարհին դեռ չի հաջողվել Ձեզ հետ լեզու գտնել: Կարծում եմ պատճառն այն է, որ բոլորը փորձում են Ձեզ հետ անգլերենով հաղորդակցվել: Ես պատրաստ եմ ձեզ հետ իմ իմացած բոլոր լեզուներով փորձել ստեղծված ճգնաժամը լուծելու մեթոդների շուրջ համաձայնության գալ: Նստեք խնդրեմ, դա երկար կտեւի…

Իմ ընդհանուր պատկերացումն այն է, որ մենք կարող ենք համաձայնության գալ, որ Դուք այսպես ասած՝ փուլ առ փուլ լքեք Հայաստանը: Ներեցեք, բայց ես պիտի ծխեմ: Ի դեպ, մի տեղ կարդացի, որ Դուք ծխի նկատմամբ շատ զգայուն եք, դե բայց լրատվամիջոցներին գիտեք՝ ինչ ասես որ չեն գրում Ձեր, նաեւ՝ իմ մասին, էնպես որ մի անհանգստացեք ու չնեղվեք, որ ես իրար հետեւից ծխեմ… Ես կուզենայի ամեն ինչից առաջ Ձեզ մի փոքր բացատրել, թե ինչ ազգի հետ Դուք գործ ունեք Հայաստանում: Սկսենք «Խաչակիրները եւ Հայերը» շարքի առաջին հատորից…

Ռոբերտ Քոչարյան

– Բարեւ Ձեզ Կոռոնա: Մի տեսակ անսովոր անուն ունեք… Ասեմ՝ Ձեր բախտը բերել է, որ ես հիմա կալանավորված եմ, բայց հուսով եմ՝ գիտեք, որ ես քաղաքականություն եմ վերադարձել ու բանտից անգամ վտանգավոր եմ ոչ միայն էս կառավարության, այլեւ Ձեզ համար: Ես պարզապես չեմ կարող թույլ տալ, որ իմ կառավարման տարիների տնտեսական ձեռքբերումները շարունակվեն քոռուփուչ արվել, այս անգամ՝ Ձեր միջոցով: Ես վճռական եմ տրամադրված: Հուսով եմ գիտեք իմ վճռականության, իմ անցած ուղու մասին, թե ինչպես միայնակ անհավասար պայքարում հաղթեցի Ադրբեջանին: Ի դեպ, Դուք արդեն եղե՞լ եք Ադրբեջանում:

Այս ոչ կոմպետենտ կառավարությունը, վստահ եմ, չի կարող Ձեզ դիմագրավել: Ձեր բախտը իրոք բերել է… Եթե ես դեռ նախագահ լինեի, կարող եք չկասկածել, որ Ձեզ հենց օդանավակայանի մասանդրայում անզգույշ քաշքշած կլինեին…

Սերժ Սարգսյան

– Հարգելի Կորոնա, 2015թ. Չինաստան իմ պետական այցի ժամանակ ես պարոն Ծինփինին փոխադարձ այցով հրավիրել էի Հայաստան: Հասկանում եմ, որ մեծ երկրի ղեկավար է, մինչեւ հիմա ժամանակ չի ունեցել, բայց ինչո՞ւ որոշեց հիմա պատասխան այցով քեզ ուղարկել՝ անկեղծորեն պիտի ասեմ՝ զարմացած եմ: Կորոնա ջան, գեղեցիկ չի, չէ՞. հայ-չինական բարեկամությունը ոտնահարելով եկել էս ստեղ մեր գարունը փչացնում ես, որ ի՞նչ…

Իմ այցի ժամանակ մենք պարոն Ծինփինի հետ մի շարք համաձայնագրեր ենք կնքել: Հիմա կարծում եմ իսկը ժամանակն է դրանք գործողության մեջ դնելու: Ես հիմա «Լույս» հիմնադրամին կհանձնարարեմ, որ առաջարկներ փոխանցեն ներկա կառավարությանը մեր երկրների միջեւ քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին պայմանագրի (սրանով նկատի ունեմ քեզ ձերբակալելու) եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանը արտոնյալ վարկի տրամադրման (այսինքն՝ քո էստեղ արածի հետեւանքները վերացնելու  համար) շրջանակային համաձայնագրից բխող քայլեր ձեռնարկելու համար: Ու մի բան էլ իմացի՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը, այն ինձ ուղեկցելու է մինչև վերջ և ամենուր…

Նիկոլ Փաշինյան «Լայվ»-ով հեռարձակում է կորինավիրուսի հետ հանդիպումը.

– Հարգելի Կորոնա, չգիտեմ գիտեք, թե ոչ, բայց երեւի ոչ, քանի որ Դուք այդ ժամանակ էսպես ասած՝ ծնված չէիք, որ դուք եկել եք մի երկիր, որտեղ 2018թ. խաղաղ, ոչ բռնի թավշյա հեղափոխություն կատարվեց եւ ժողովուրդը իշխանությունից հեռացրեց հանցագործ վարչակարգին… Հիմա Ձեզ հետ կապված ունենք հետեւյալ իրավիճակը՝ ես խնդրել, համոզել եմ ՀՀ հպարտ քաղաքացիներին, որ անեն իրենց քայլը եւ գնան տուն, որպեսզի մենք խուսափենք Ձեզ հետ ուղիղ հակամարտությունից: Հասկանալի է, որ մեր այս հակամարտության լուծումը պիտի երկուստեք ընդունելի լինի: Դա գիտակցելով առաջարկում եմ Ձեզ բավարարվել Հայաստանում 392 վարակակրով ու խաղաղ հեռանալ: Դա անելու դեպքում՝ մենք պատրաստ ենք նույնիսկ Ձեզ տալ մի քանի տասնյակ շնչառական սարքեր, որ բաժանեք դրա կարիքը շատ ունեցող երկրներին: Վստահ եմ, ինձանից առաջ ոչ ոք նման առաջարկ Ձեզ չի արել: Գուցե դրանք բաժանելիս Ձեզ մարդկային զգացումներ համակեն եւ դադարեցնեք  Ձեր արշավը մարդկության դեմ: Դուք շատ ջահել եք, չեք իմանա, բայց մի անգամ կյանքը մոլորակի վրա վերսկսվել է Հայաստանից, երբ Նոյն իր տապանով իջավ Արարատի վրա: Նույն կերպ կարող է աշխարհը փրկվել, եթե Դուք Հայաստանում կանգ առնեք եւ այստեղից  գնալով ոչ թե մանրէներ բաժանեք, այլ շնչառական սարքեր…

Բայց ես ուզում եմ նաեւ նախազգուշացնել, որ   Դուք հանկարծ մեր «թավիշին» չխաբվեք: Եթե Դուք հիմա մեզ հետ համաձայնության չգաք՝ մենք Ձեզ կստիպենք՝

Դառնալ եկած ճանապարհով Ձեր հայրենի հողը Չինա,
Բայց թե մին էլ փռշտալով հետ եք եկել Դուք մեզ վրա,
Օդում լինեք միլիոններով, թե բերանում՝  լեզվի տակին,
Կելնի Ձեր դեմ Ալկոգելով ՀՀ հպարտ քաղաքացին…

Ապա Փաշինյանը դառնում է «լայվի» հետեւորդներին.

– Ժողովուրդ ջան, ներողություն եմ խնդրում մի քիչ պլագիատ անելու համար, բայց դե ինչ թաքցնեմ՝ ժամանակս էս ճգնաժամի պատճառով չէր հերիքել կորոնայի մասին բանաստեղծություն գրեմ, հլա դեռ հանրաքվեի հետաձգման եւ մեր հպարտ մայրերի ու քույրերի ապրիլի 7-ի տոնի առիթով էլ պիտի բանաստեղծություն գրեմ: Բայց չկասկածեք՝ ամեն ինչ էլ հասցնելու եմ, մենակ թե դուք դուխով մնացեք:

Բակո Սահակյան

– Կորոնա, Ձեզ ողջունում եմ անկախ Արցախի Հանրապետությունում: Ճիշտն ասած՝ շատ թարս ժամանակ եք եկել, մենք շատ խառն ենք էս նախագահական ընտրություններով: Միակ խնդրանքս, որ երեք օր համբերեք, ժողովրդին չվարակեք, էս ընտրությունները հորով-մորով անենք:Բայց ես Ձեզ հեսա առանձին կասեմ, թե թեկնածուներից ում կարաք վարակեք:

Համ էլ՝ Չինաստանը որ Արցախի անկախությունը չի ճանաչել, Դուք չեք կարող էստեղ մուտք գործել: Մուտք էլ գործեք՝ արցախցուն վարակելը հեշտ չի լինի Ձեզ համար: Դու մեր 70 գրադուզանոց թթի արաղի մասին հաստատ չեք լսել, դրա համար վեր եք կացել հասել ստեղ: Գիտեք չէ՞, որ համը հանեք՝ Երեւան կզանգեմ…

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments