Հակաճգնաժամային ծրագրի ֆինանսները հասանելի կլինեն ապրիլի 1-ից

- in Տնտեսական

Կառավարությունն ընդունեց կորոնավիրուսի պայմաններում աջակցության փաթեթի ծրագիրը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ աջակցության ուղղությունները հետևյալն են․ «Սպառման դեֆորմացման պարագայում կա որոշակի լիկվիդայնության անկում համակարգում, և ենթադրվում է, որ մենք պետք է ունենանք գործողությունների ու միջոցառումների շարք, որով այդ խնդիրը կչեզոքացնենք։ Երկրորդ ուղղությունը, որի շուրջ մենք պետք է մոբիլիզացնենք մեր ռեսուրսները, դա կորոնավիրուսի հետևանքով աշխատանք կորցրած խմբերն են, որոնց մենք պետք է թիրախավորենք ու օժանդակենք, երրորդ ուղղությունը սոցիալապես անապահով ու խոցելի խմբերի սոցիալական անվտանգության ապահովումն է։ Մենք ունենք ակնհայտ խնդիր, որն այսօր կարևորագույնն է ամբողջ աշխարհում, առողջապահական համակարգի լրազինումն ու վերազինումը։ Այստեղ նույնպես պետք է իրականացնենք միջոցառումներ։ Եվ, իհարկե, ելնելով իրավիճակից, պետական պահուստների, այսինքն՝ դեղորայքային, հումքային, սննդի պաշարների կառավարման արդյունավետ համակարգի ձևավորում»։

Փոխվարչապետի խոսքով՝ կառավարությունը պետք է ունենա նոր ֆինանսական մոդել, ճշգրիտ անելիքները, ծախսերը և ներգրավվելիք միջոցները։ Ըստ նրա՝ կառավարությունը բաց է ծրագրի հանրային քննարկման համար, թե մասնագիտական, թե հանրային հարթակում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․«Մենք այս ծրագրով ուզում ենք ոչ միայն աջակցել մեր տնտեսության մրցունակ հատվածին և սոցիալական առաջին հարվածներն ստացած մեր խավերին, այլև, որ շատ կարևոր է, այս փաթեթի խորքային նպատակը մեր տնտեսությանը, հանրությանը հետկորոնավիրուսային ժամանակաշրջանում մրցունակ տնտեսություն ու մրցունակ գործունեություն կառուցելու նախապատրաստելն ու տրամադրելն է։ Այս օրակարգը ոչ մի պարագայում զարգացման որևէ սցենարի դեպքում չպետք է մոռանանք։ Մեր խնդիրն ավանդական գոյատևման տրամաբանությունից պետք է տեղափոխենք զարգացման, ուժեղացման, մեր երկրի մրցունակության բարձրացման տրամաբանություն։ Եվ այս օրակարգը չպետք է կորցնենք նույնիսկ ամենաօրհասական պահերին»։

Նա հավելեց, որ մենք հիմա զբաղված չենք գոյապայքարով, այլ զբաղված ենք ապագա աշխարհում, հետկորոնավիրուսային աշխարհում մեր երկրի տեղադիրքը, հանրության մրցունակությունը, հանրային հարաբերությունների մակարդակը և յուրաքանչյուր քաղաքացու մրցունակությունն ուժեղացնելու ռազմավարական ծրագրի որդեգրմամբ։ Ըստ վարչապետի՝ պայմանավորվածությունը հետևյալն է․«Մենք ֆինանսները պետք է արդեն ապահովենք, որպեսզի չորեքշաբթի օրվանից ծրագրով նախատեսված ֆինանսներն սկսեն շրջանառվել, շահառուները հնարավորություն ունենան չորեքշաբթի օրվանից ստանալ»։ Իսկ կառավարության հաջորդ նիստում, ըստ վարչապետի, պետք է աշխատեն էլի նոր փաթեթներ ունենալ, որոնցով այլ ծրագրեր իրականացնել։ «Եվ այսպես այնքան, մինչև կհամոզվենք, որ ճգնաժամի շոկային փուլը հաղթահարված է, և մենք կանցնենք ավելի կոնկրետ զարգացման հայեցակարգերի քննարկմանը»,- հավելեց Փաշինյանը։

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների հակազդման միջոցառումների 5 ծրագրեր։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց գյուղատնտեսությանը եւ փոքր ու միջին ձեռնարկություններին ուղղված բաղադրիչները։ Բացի այդ նախարարը ներկայացրեց նաեւ առանձին տնտեսավարողներին՝ արդյունավետ աշխատատեղերի պահպանության նպատակով մեկանգամյա դրամաշնորհ տրամադրելու նախագիծը։

ՓՄՁ-ներին ուղղված բաղադրիչը.

«Հայաստանում հաստատված արտակարգ դրության ու կորոնավիրուսի տարածման հետեւանքով ամենաշատը տուժել են մշակող արդյունաբերությունը, հյուրատնային-հյուրանոցային բիզնեսը, հանրային սննդի, փոխադրումների եւ պահեստային բիզնեսը, զբոսաշրջային ծառայություններ մատուցողները, ինչպես նաեւ առողջապահության ոլորտի կազմակերպությունները։ Այդ է պատճառը, որ կառավարությունը որոշել է պետական աջակցության մեխանիզմներ մշակել հատկապես այս ոլորտներում գործող այն ՓՄՁ-ների համար, որոնց տարեկան շրջանառությունը 2019 թ-ի ընթացքում կազմել է 24-ից մինչեւ 500 մլն դրամ»,- ասաց նախարարը;

Խաչատրյանը նշեց, որ պետության աջակցությանն արժանանալու համար կազմակերպությունները պետք է բավարարեն ծրագրով սահմանված որոշ չափորոշիչներ:

«Առաջինը՝ կազմակերպությունն իր գործունեության ողջ ընթացքում չի ունեցել որեւէ ժամկետանց պարտավորություն, այսինքն՝ եղել է ոչ թե բարվոք, այլ օրինապահ հարկատու։ Երկրորդը՝ կազմակերպությունը չի ունեցել որեւէ ժամկետանց վարկային պարտավորություն 2019թ-ի ընթացքում»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ նման պարտաճանաչ կազմակերպությունները կարող են դիմել պետությանն ու ստանալ իրենց 2019 թ-ի տարեկան շրջանառության 10 տոկոսի չափով վարկ:

Ծրագրով ի սկզբանե նախատեսված էր, որ վարկառուն վարկի մարումը կսկսի ստանալու օրվանից մեկ տարի հետո միայն։ Սակայն դրա հետ չհամաձայնեց ո՛չ վարչապետը եւ ո՛չ էլ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Եկեք կրճատենք այդ ժամկետը: Մենք չենք պատրաստվում երկար ճգնաժամ ունենալ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Արդյունքում որոշվեց նախնական տարբերակում սահմանել 6 ամիս արտոնյալ ժամկետ, հետագայում ըստ իրավիճակի փոփոխություն անելու պայմանով:

Գյուղատնտեսությանն ուղղված բաղադրիչը.

Ներկայացնելով գյուղատնտեսությանն ուղղված բաղադրիչը, Խաչատրյանն ասաց, որ կառավարությունը որոշել է զրոյացնել գյուղատնտեսական ծրագրերով գյուղացիական տնտեսություններին տրվող վարկերի բոլոր տոկոսադրույքները:

«Եթե մինչեւ այսօր կառավարությունը ֆինանսապես աջակցում էր գյուղատնտեսական ծրագրերի իրականացմանն այն դեպքում, երբ առեւտրային բանկը համաձայն էր վարկը տրամադրել մինչեւ 12 տոկոս առավելագույն տոկոսադրույքով, ապա հիմա պատրաստ ենք լինելու նաեւ սուբսիդավորել այն դեպքում, երբ առեւտրային բանկերը կորոշեն վարկավորումը կատարել մինչեւ 14 տոկոսով»,- ասաց Խաչատրյանը:

Արտարժույթով վարկերի պարագայում պետությունը կսուբսիդավորի մինչեւ 9 տոկոս տոկոսադրույքով տրամադրված գյուղվարկերը:

Ծրագրի բաղադրիչներից մեկն էլ ուղղված է գյուղացիական կոոպերատիվների ստեղծմանը: Նրանք կարող են օգտվել թե՛ վարկավորման արտոնյալ պայմաններից, թե՛ առանձին գյուղատնտեսական ծրագրերի համար կառավարության սահմանած լիզինգային աջակցություններից:

Առանջին տնտեսվարողներին մեկանգամյա աջակցության բաղադրիչը.

էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ նախագիծը փոքր բիզնեսին է վերաբերում: Նախագծի ընդունման արդյունքում կտրամադրվի մեկանգամյա աջակցություն առանձին տնտեսավարողներին՝ արդյունավետ աշխատատեղերի պահպանության նպատակով:

«Այսպիսով՝ ծրագրի շահառու են այն տնտեսավարողները (բացառությամբ՝ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների եւ ապահովագրական ընկերությունների, արտարժույթի փոխանակման կետեր, արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող կազմակերպություններ, ներդրումային կազմակերպություններ, ներդրումային ֆոնդեր, վիճակախաղերի եւ շահումով խաղերի կազմակերպիչներ եւ այլ նմանատիպ գործունեություն ծավալողները), որոնք 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2020 թվականի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում անընդհատ ունեցել են 2-ից մինչեւ 50 վարձու աշխատակից եւ նշված ընկերությունների վճարված աշխատավարձի փաստացի ֆոնդը չի նվազել նշված ժամանակահատվածում:

Նախարարն ասաց, որ միանվագ օգնության չափը որոշվելու է ըստ առաջարակության, յուրաքանչյուր ամբողջական 5 աշխատակցի հաշվով ուրաքանչյուր հինգերորդ աշխատակցի միջին աշխատավարձի չափը վերադարձվելու է: «Օրինակ՝ եթե կազմակերպությունն ունեցել է մեկ աշխատակցի հաշվով 150 հազար դրամ եւ ունեցել է 17 աշխատակից, որը երեք ամբողջական հինգ մաս է պարունակում, ապա ստանալու է երեք անգամ 150 հազար դրամ, այսինքն՝ 450 հազար դրամ միանգամյա դրամաշնորհ։ 20 աշխատողի դեպքում կնշանակի չորս անգամ միջին աշխատավարձ, 25-ի դեպքում՝ հինգ անգամ միջին աշխատավարձ: Իսկ մինչեւ հինգ աշխատակից ստացողներին պարզապես միջին աշխատավարձի չափով համամասնորեն վերադարձ է կատարվելու»,- ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սրանով այն ընկերությունները, որոնք ի հեճուկս դժվար ժամանակների չեն կրճատել աշխատողների, ստանում են պետության կողմից դրամաշնորհ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments