Համանախագահները զգուշացնում են և հիշեցնում հրադադարը պահպանելու անհրաժեշտությունը

- in Կարծիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածել են հայտարարություն, որով կոչ են արել արցախյան գործընթացի կողմերին ձեռնպահ մնալ սադրանքներից և վերահաստատել հրադադարի պահպանման խստագույն հանձնառությունը:

Համանախագահները նշում են, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված համաշխարհային անցուդարձի սահմանափակումները որոշակի նոր ռեժիմ են ստեղծում, որի պայմաններում, սակայն, խոստանում են շարունակել ինտենսիվ աշխատանքը կողմերի հետ:

«Հաշվի առնելով, որ տարածաշրջանի բժշկական ռեսուրսները պետք է ուղղված լինեն բացառապես վարակի տարածման դեմ պայքարին և դրանից տուժածների բուժմանը, մենք կողմերին կոչ ենք անում անել հնարավոր ամեն բան՝ նվազագույնի հասցնելու լարվածության ռիսկը, այդ թվում՝ օգտագործելով գոյություն ունեցող կապի ուղիղ միջոցները»,- հայտարարում են համանախագահները:

Համանախագահները հայտարարությունը պայմանավորել են նաև նրանով, որ նախօրեին ԵԱՀԿ մոնիտորինգի խումբը հայտարարել էր կորոնավիրուսի պատճառով շփման գծի մոնիտորինգի դադարեցման մասին: Պետք է նկատել իհարկե, որ շփման գծի մոնիտորինգը գործնականում, մեծ հաշվով, երբեք էլ չի եղել հրադադարի պահպանման արդյունավետ միջոց: Այդ իմաստով մոնիտորինգն առկա է, թե ոչ՝ հազիվ թե սկզբունքորեն փոխի իրավիճակը: Ավելին, բազմաթիվ են եղել դեպքերը, երբ Ադրբեջանը մոնիտորինգն իրականացնողներին իր կողմից թույլ չի տվել մոտենալ առաջնագծին:

Խնդիրն այստեղ անշուշտ համաշխարհային տնտեսաքաղաքական նոր միջավայրն է, որ առկա է կորոնավիրուսի համաճարակի պայմաններում, և որը առաջացրել է լրջագույն համաշխարհային տրանսֆորմացիայի աներկբա թվացող հեռանկար և սպասում: Թեև պարզ չէ, թե ինչ տրանսֆորմացիայի մասին է խոսքը, չկան ամբողջական և առարկայական պատկերացումներ չափի, ձևի, աստիճանի, դինամիկայի մասին, սակայն գործնականում բոլորն են ընդունում, որ աշխարհը չի լինելու նույնը: Իսկ դա նշանակում է, որ տրանսֆորմացիան առնչվելու և ազդելու է նաև համաշխարհային կարևոր կետերում առկա իրողությունների, նաև հնարավոր է՝ դրանց ընկալման վրա: Հետևաբար սպասելի է տրանսֆորմացիան նաև արցախյան ուղղությամբ:

Ահա այդ համատեքստում էլ համանախագահները զգուշացնում են և հիշեցնում հրադադարը պահպանելու անհրաժեշտությունը: Առերևույթ դիվանագիտական ստանդարտ ձևակերպմամբ հայտարարությունը իրական ռեժիմում կոշտ զգուշացում է Բաքվին՝ հաշվի առնելով այն, որ հրադադարի խախտման շահառուն և նախաձեռնողը մշտապես եղել է Բաքուն: Միաժամանակ այդ զգուշացումը ունի նաև քաղաքական իրողություններից բխող մոտիվ, որոնք ամենևին Բաքվի օգտին չեն: Դրան զուգահեռ՝ զգուշացումը, նաև բխելով ներկայիս համաշխարհային իրավիճակից, իր մեջ պարունակում է թերևս ակնարկը նավթի գների անկման իմաստով, որը ևս դիտարկվում է Բաքվի «արկածախնդրության» որոշակի ռիսկ, և այդ համատեքստում համանախագահները զգուշացնում են Ադրբեջանին, որ սադրանքի պարագայում հետևանքը կարող է լինել շատ կոշտ և ծանր, այնքան, որ բժիշկները կարող են չբավականացնել:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments