Համաշխարհային փոփոխությանը պետք է պատրաստ լինել միշտ

- in Հրապարակ

Այլևս որևէ մեկը կասկածի տակ չի դնում հանգամանքը, որ կորոնավիրուսը հաղթահարելուց հետո մենք ապրելու ենք բոլորովին այլ աշխարհում: Միայն թե ամբողջ հարցն այն է, թե ինչպիսին է լինելու այդ աշխարհը: Այդ մասին դեռևս որևէ մեկը չի խոսում:

Գրեթե բոլորը արձանագրում են, որ չի լինելու այնպիսին, մինչև վարակը, բայց նաև պարզ չէ՝ իսկ ինչպիսի՞ն է լինելու: Պատասխանը գուցե այն է, որ նոր աշխարհը լինելու է այնպիսին, ինչպիսին որ այն կդարձնեն հասարակությունները, պետությունները, էլիտաները: Եվ այստեղ, իհարկե, սկսում է խառնաշփոթ, որովհետև այդ հասկացությունների ներքո շարունակելու են պահպանվել մշակութային, մտածողական, արժեհամակարգային բազմազանությունները՝ իրենց հակադրություններով ու կոնտրաստով, շարունակելու են պահպանվել անվտանգային և ռազմա-քաղաքական շահերը, դրանից բխող մրցակցային տրամաբանությամբ: Եվ ինչպիսի՞ աշխարհ է կառուցվելու այդ ամենով հանդերձ: Վերացնելո՞ւ է վարակը այդ կոնտրաստը և հակասությունները, ձևավորելով համաշխարհային երկխոսության նոր միջավայր, թե՞ հակառակը՝ վարակից հետո մրցակցությունը բռնկվելու է նոր թափով, նոր միջավայրում, և ձևավորվող աշխարհը լինելու է որևէ կողմի հաղթանակը:

Այդ հարցերը, անշուշտ, պրակտիկ քաղաքականից մինչև փիլիսոփայական բազում կատեգորիաներ են ներառում՝ մեծ հաշվով չունենալով մեկ ընդհանուր և առավել ևս կոնկրետ պատասխան: Ի վերջո, աշխարհը փոխվել և փոխվում է պարբերաբար, երբեմն ուժգին դրսևորումներով, երբեմն, այսպես ասած, մեկանգամյա իրադարձություններով:

Հետևաբար, համաշխարհային փոփոխությանը պետք է պատրաստ լինել միշտ: Ամբողջ հարցն այն է, թե ինչ է նշանակում լինել պատրաստ: Այդ հարցի պատասխանն արդեն ամեն հանրություն, ժողովուրդ, պետություն պետք է գտնի իր մեջ: Լինել պատրաստ, նշանակում է սպասել ինչ-որ իրավիճակի և փնտրել այնտեղ հարմար տե՞ղ, թե՞ լինել պատրաստ, նշանակում է պատրաստ լինել մասնակցել մրցակցությանն ու լինել նոր աշխարհը ձևավորողների թվում:

Իսկ դա արդեն կախված է այն հանգամանքից, թե ինչպիսի էլիտաներ են առաջնորդում տվյալ հանրությանն ու պետությունը: Այդ իմաստով, երբ մենք ներկայումս խոսում ենք Հայաստանի հանրության որակների քննության մասին, երբ խոսում ենք ամեն հայաստանցու քաղաքացիական կազմակերպվածության և փոխադարձ հարգանքի ու հանդուրժողության որակների մասին, մենք անպայմանորեն պետք է քննարկենք նաև առաջնորդող էլիտաների որակների հարցը: Վերջին հաշվով, նրանք են, որ պետք է կապիտալիզացնեն հանրային այս կամ այն ներուժը կոնցեպտուալ քաղաքականության դաշտում՝ թե ներքին, թե արտաքին: Նրանք են, որ հանրությունից հաճախ պետք է ստանան նույնիսկ ավելին, քան օբյեկտիվորեն կարող է տալ հասարակությունն այդ շրջափուլում:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments