Հայաստանը պաշտպանել թե՛ վարակից, թե՛ նաև տեղեկատվական համաճարակից

- in Վերլուծական

Վարչապետ Փաշինյանը մարտի 22-ին հայտարարել է, որ վերլուծությունները ցույց են տալիս, թե իրավիճակը կարող է ձգվել ավելի երկար, քան թվում էր:

Խոսքը, բնականաբար, կորոնավիրուսով պայմանավորված համաշխարհային իրավիճակի մասին է: Փաշինյանը հայտարարել է, որ մենք պետք է կարողանանք գտնել անվտանգության գոտիներ և կազմակերպել մեր կյանքը, գործունեության բնականոն ընթացքի գալու նպատակադրումով: Անդադար տեմպով գլոբալացվող աշխարհը կարծես թե մնացել է «վերելակում»: Բանն այն է, որ վերելքը կանգնել է, ակնհայտորեն, բայց նաև վայրէջքի մասին խոսելը խիստ պայմանական է, որովհետև առնվազն տեղեկատվական տեսանկյունից, աշխարհը թերևս դատապարտված է գլոբալության, և այդ հանգամանքը անշրջելի է: Հետևաբար, ինչքան էլ երկրները մեկուսանան՝ աշխարհի վիճակով պայմանավորված, միևնույն է, գլոբալացումը պահպանելու է առնվազն մի ռեժիմ, որն իր հերթին, թերևս, ամենաուժեղ ռեժիմներից մեկն է: Ի վերջո, առ այսօր խոսք է գնում հենց այն մասին, թե ինչն է ավելի խնդրահարույց ներկայիս պահին՝ կորոնավիրուսի պանդեմիա՞ն, թե՞ ինֆոդեմիան: Առնվազն բավականին բարդ է ասել, կողմնորոշվել, թե ներկայիս համաշխարհային, այսպես ասած, բրոունյան շարժման կամ տարամիտման ռեժիմն ինչով է իրականում պայմանավորված՝ վարակի իրական վտանգո՞վ, թե՞ դրա մասին տեղեկատվությամբ:

Բանն այն է, որ, եթե գործ ունենք ավելի շատ ինֆոդեմիայի, քան պանդեմիայի ուժով թելադրվող գործընթացների հետ, ապա ելքերը պետք է փնտրել նաև այդտեղ, ոչ միայն առողջապահական կամ տնտեսական կանխարգելիչ, բուժիչ միջոցառումներում: Այլապես, եթե ինֆոդեմիան թելադրում է ինչ-որ ռեժիմ, ապա կարող է շարունակել նաև հետագա զարգացումների թելադրանքը: Ըստ այդմ առաջանում է հարց՝ հնարավո՞ր է միայն պանդեմիայի դեմ պայքարով գալ անվտանգային որոշակի շրջանակի, եթե վտանգի շրջանակը իրականում գծվում է ինֆոդեմիայի կանոններով, հետևաբար, լուծումները պետք է փնտրել հենց այդ տիրույթում: Իսկ այստեղ, իհարկե, իրավիճակը բավականին բարդ է, քանի որ դժվար է պատկերացնել, թե ինչ մեխանիզմներով է հնարավոր պայքարել համաշխարհային ինֆոդեմիայի դեմ: Այլ կերպ ասած, հնարավոր է պատրաստվել երկարատև պաշարման, ինչի կոչն անում է փաստորեն վարչապետը, բայց հնարավո՞ր է պաշարվել տեղեկատվական իմաստով, այսինքն՝ փակել արտաքին մուտքը, անջատել տեղեկատվահոսքերը, ըստ այդ, դուրս գալ համաշխարհային ինֆոդեմիայի շրջանակից: Դրական պատասխան կարծես թե չկա, համենայնդեպս, գործնականում անպատկերացնելի են դրա մեխանիզմները:

Համաճարակը հնարավոր է մեկուսացնել առանձին վերցրած երկրում, սակայն հնարավոր չէ մեկուսացնել տեղեկատվաճարակը: Կա թերևս բացառություն՝ ամբողջատիրական խիստ կառավարումը: Կան նաև այդպիսի որոշակի փորձ ունեցող երկրներ: Բայց այստեղ, իհարկե, խնդիրը փորձը չէ, այլ նաև ավանդույթները, պատմությունը, աշխարհագրական և աշխարհաքաղաքական իրողությունները, ռեսուրսները և այլն: Այդ տեսանկյունից Հայաստանը չունի համարժեք օրինակներ և, թերևս, բարեբախտաբար, այլապես կարող էր նաև լրջորեն դիտարկվել ամբողջատիրության ռեժիմով տեղեկատվական ճարակի կանխարգելման տարբերակը: Այն կլիներ բավականին հեշտ տարբերակ, բայց Հայաստանի համար, թերևս, ոչ պակաս վտանգավոր, քան վարակը, կամ, ավելի շուտ, դրանից էլ վտանգավոր: Ըստ այդմ, Հայաստանին անհրաժեշտ է լուծում այլ տրամաբանությամբ, որը պետք է ենթադրի համաշխարհային տեղեկատվաճարակի դեմ ազգային իմունիտետի ձևավորում: Այստեղ մոգական է թվում մեդիագրագիտություն բառը, սակայն այն ավելի շուտ բարի ցանկություն է ըստ էության, քան գործնական դեղամիջոց կամ լուծման միջոց: Լուծումը պետք է փնտրել ազգային, պետական վերնախավերի ձևավորման մեջ, որոնք կլինեն համազգային օրակարգ կազմելու ունակ, այդ օրակարգով ձևավորելով առաջին հերթին այն անվտանգ միջավայրերը, որոնք թույլ կտան Հայաստանը պաշտպանել թե՛ վարակից, թե՛ նաև տեղեկատվական համաճարակից: Վերնախավեր, որոնք լինելով ազգային, պետական, կունենան նաև մտածողության համաշխարհային մասշտաբ, դիտարկելով ներքին կյանքի կազմակերպման մոդելները նաև «արտահանման» տրամաբանության մեջ, այդպիսով, գործնականում Հայաստանից արտահանելով նաև տեղեկատվություն՝ այստեղ հասարակական կյանքի կազմակերպման քննարկվող մոդելների տեսքով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments