Մարտի 14-ին տեղեկություն տարածվեց, որ Լոս Անջելեսից Հայաստան է հասել կորոնավիրուսի կանխարգելման պարագաների առաջին խմբաքանակը, մոտ 50 հազար դոլար արժողության, որի մեջ են բժշկական պարագաներ, ախտորոշիչ սարքեր եւ այլ անհրաժեշտ նյութեր:

Ամերիկայի ձայնը հայտնել է, որ անկախ առաջին անհրաժեշտության անհրաժեշտության պարագաների ձեռք բերման դժվարություններից, ԱՄՆ Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ, Ամերիկայի Հայ օգնության միության օժանդակությամբ իրերն արագ տեղափոխվել են Հայաստան: Տեղափոխմանն օժանդակել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:

Տեղեկությունը հույժ կարեւորի մասին է: Կարեւոր ոչ միայն առողջապահական պարագաների անհրաժեշտության տեսանկյունից, որը կորոնավիրուսի դեմ պայքարող ցանկացած պետության առաջնային կարիք է: Համաշխարհային վարակի դեմ պայքարը երկրներից պահանջում է քայլեր, միջոցառումներ, որոնք իրենց բնույթով արտառոց են, մի կողմից գրեթե անխուսափելի դարձող անհրաժեշտություն, մյուս կողմից քայլեր, որոնք պարունակում են էական տնտեսական վնաս:

Կորոնավիրուսը մեծ հաշվով քանդում է համաշխարհային տնտեսությունը, եւ առանձին-առանձին նաեւ ազգային տնտեսություններ: Հայաստանի պարագայում եւս մարտահրավերն անխուսափելի է: Արդեն իսկ էական հարված է զգում զբոսաշրջության, սպասարկման եւ ծառայությունների ոլորտը: Դա ունենալու է վատ իմաստով մուլտիպլիկատիվ որոշակի էֆեկտ: Դեռ վաղ է գնահատել վնասի չափը, սակայն հնարավոր է թերեւս անվրեպ կռահել, որ տնտեսությանը վնասը կչափվի ոչ թե տասնյակ, այլ հարյուրավոր միլիոն դոլարով:

Հետհեղափոխական Հայաստանի համար իրավիճակը երկիմաստ է: Մի կողմից, հեղափոխությունից հետո պետական եւ հանրային ռեսուրսի ծախսը դառնում է ավելի արդյունավետ, ըստ այդմ առավել ընդլայնվել են պետության կարողությունները, օրինակ՝ նախորդ տարի բյուջեն հավաքագրվել է գրեթե 1 միլիարդ դոլարով ավելի: Մյուս կողմից, Հայաստանում տեղի է ունենում թե կառավարման, թե տնտեսական կարգի անցում կոռուպցիոն ռելսից օրինական, իրավական ռելսի: Իսկ դա ինքնին արդեն իսկ մարտահրավեր է տնտեսության համար՝ մի ռեժիմից անցում այլ ռեժիմի, որը կառավարությունը կարծես թե չեզոքացրել էր հաջողությամբ: Անցման շրջանում չկար տնտեսական անկում կամ շոկ:

Բայց, վարակը առաջացնում է ներքին ու արտաքին անկայուն վիճակ, ինչը դառնում է շոկի աղբյուր: Կդիմանա՞ հետհեղափոխական Հայաստանը արտաքին շոկի ազդեցությանը եւ մարտահրավերներին: Հարցը առավել քան արդիական է, նկատի ունենալով ռազմա-քաղաքական մարտահրավերներն ու դրանց հակազդելու թե ընթացիկ, թե ռազմավարական ռեժիմի որեւէ նվազում թույլ չտալու հրամայականը:

Լոս Անջելեսից օգնությունը հույժ կարեւոր է այդ խնդիրների եւ ռիսկերի տեսանկյունից, որպես մոդելի դրսեւորում, որը Հայաստանի համար կենսունակության բացառիկ հնարավորություն է: Համահայկական ռեսուրսի համախմբում Հայաստանի Հանրապետության, հայկական պետականության կենսունակության, դիմադրունակության, պաշտպանունակության շուրջ: Եվ այդ գործում անշուշտ պետք է կողմ դրվեն քաղաքական հայացքները եւ խնդիրները: ԱՄՆ-ից Հայաստան հասած օգնությունը գործնականում հակաճգնաժամային արտակարգ մոդելի դրսեւորում է: Համահայկական մասշտաբով պետք է քննարկել դրա ընդլայնումը: Ընդլայնումը ոչ միայն մասշտաբի, այլեւ բնույթի, ոլորտների, ռեսուրսների բազմազանության եւ բովանդակության տեսանկյունից:

Առկա իրավիճակում Հայաստանում չի լինելու քաղաքական հաղթանակ կամ պարտություն, հաղթանակը կամ պարտությունը լինելու է պետական-համահայկական:

Spread the love