Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները պետք է երկրորդ պլան մղեն ղարաբաղյան կարգավորումը եւ մշակեն պանդեմիայի դեմ պայքարի համատեղ ծրագիր, ասում է ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:

Նա բերում է Իրանի հյուսիսից կորոնավիրուսի վտանգի հանգամանքը, այն մարտահրավեր դիտարկելով թե Հայաստանի, թե Ադրբեջանի համար: Միեւնույն ժամանակ, խոսելով պանդեմիայի մասին, Տարասովը նշում է, թե ԱՄՆ-ն անկարող է օգնել իր դաշնակիցներին, քանի որ իր մոտ վիճակը չի կարողանում կառավարել, իսկ ահա Ռուսաստանն իր օդանավերն է ուղարկում Իտալիա, եւ եթե հարկ լինի՝ ռուսական օդանավերը կգան նաեւ Հարավային Կովկաս:

Տարասովը ավելի է բացում պատկերը, որ ծավալվում է կորոնավիրուսի համաշխարհային պանդեմիայի ներքո: Այն, ինչ կատարվում է Իտալիայում, այլ բան չէ, քան աշխարհքաղաքական ուժգին դիմակայություն: Ռուսական օդանավերի մասին հիշատակումը վկայում է այդ մասին, եւ այդ մասին է Հարավային Կովկասի հիշատակումը: Տարասովը ակնարկում է, որ Ռուսաստանը պայքարը տեղափոխել է ՆԱՏՕ-ի տարածք, այսպես ասած ամերիկյան տարածք, եւ թույլ չի տա, որպեսզի այն տեղափոխվի իր տարածք:

Ու՞մ է ուղղված բազմափորձ քաղաքագետի ակնարկը՝ հարավկովկասյան երկրների՞ն, այս դեպքում Հայաստանին ու Ադրբեջանին, թե՞ Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանը, որ պետք է Կովկաս ուղարկել ռուսական «մարդասիրական օդանավեր», քանի դեռ չեն եկել ամերիկյանները:

Տարասովը Պուտինին ակնարկում է բաց չթողնել հայկական երկրորդ հեղափոխությունը, ինչպես առաջինը: Թե՞ դա զգուշացում է Հայաստանին ու Ադրբեջանին, որ չկարծեն, թե պանդեմիան կարող է դասավորություն փոխել Կովկասում:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրինակ բավականին հաճախ է արձանագրում, որ հետկորոնավիրուսային աշխարհը լինելու է այլ աշխարհ, եւ Հայաստանն այդտեղ պետք է փնտրի իր նոր դերի եւ տեղի հնարավորությունը, պատրաստվելով դրան: Տարասովը խոսում է նաեւ Փաշինյանի մասին, ասելով, թե ժողովրդավար Փաշինյանին Արեւմուտքը չաջակցեց, եւ նա Ռուսաստանի հույսին է:

Մարտի 24-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար միջոցառումները էապես խստացնելու մասին: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բուն նպատակը վիճակի կառավարելիության բարձրացման շնորհիվ տարեցներին վտանգից զերծ պահելն է, քանի որ երիտասարդներն ու փոքրերն ունեն որոշակի դիմադրունակություն:

Վարչապետի խոսքի տողատակում ըստ երեւույթին այն է, որ Հայաստանը չպետք է տա «մարդասիրական օդանավերի» անհրաժեշտության առիթ: Վարչապետի ուղերձին հայկական մամուլում Տարասովի հարցազրույցի հաջորդումը թերեւս հուշում է, որ խնդիրը կա, եւ առնվազն ռուսական որոշակի շրջանակներում, այդ թվում գուցե հայկական շրջանակների ներգրավմամբ, հարցը դիտարկվում է:

Այդ հանգամանքը ըստ երեւույթին զգացել է նաեւ մարտի սկզբին Բրյուսել այցելած Սերժ Սարգսյանը, որն իր նախագահության ընթացքում իհարկե այլ առիթներով, սակայն պարբերաբար զգացել է այդօրինակ ճնշումը Ռուսաստանից, ռուս-հայկական շրջանակներից:

Սերժ Սարգսյանի գրասենյակը տարածել էր համահայկական ռեսուրսի համախմբման անհրաժեշտության մասին, կառավարությանն առաջարկներով օգնելու անհրաժեշտության մասին նրա տեսակետը, որում բացակայում էր կառավարության հանդեպ քննադատությունը կամ միավոր հավաքելու ջանքը: