Հայաստանի ամբողջ տարածքում ներմարզային փոխադրումները կարգելվեն

- in Հասարակություն
aragachap

Պարետն այսօր որոշում կընդունի, ըստ որի՝ Հայաստանի ամբողջ տարածքում ներմարզային փոխադրումները կարգելվեն։ Ներկայում դրանք որոշ մարզերում իրականացվում են։ Այս մասին կառավարությունում հրավիրած ասուլիսում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։

Նա նշեց, որ չնայած պարետի կողմից ուղևորափոխադրումների վերաբերյալ որոշակի սահմանափակումներ են մտցվել, բայց որոշ մարզերում ներմարզային և ներհամայնքային երթուղիները գործում են։ Մասնավորապես՝ ներկայում Լոռիում, Շիրակում, Կոտայքում են ներմազային երթուղիներ են գործում։ Ներհամայնքային երթուղիները գործում են Գեղարքունիքում, Տավուշում, Շիրակի, Լոռու, Սյունքիի և Կոտայքի մարզերում։ Մնացած մարզերում ներմարզային և ներհամայնքային երթուղիները չեն գործում։ «Այսօր նախատեսվում են որոշակի փոփոխություններ իրականացնել պարետի որոշման մեջ՝ կապված միջմարզային ավտոբուսներով և միկրոավտոբուսներով ուղևորափոխադրումներ իրականացնելու հետ։ Այսօրվա որոշմամբ պլանավորվում է արգելել նաև ներմարազային ուղևորափոխադրումները»,- ասաց նա։

Անդրադառնալով ավիացիայի ոլորտում տիրող իրավիճակին՝ փոխնախարարն ասաց, որ այսօրվա դրությամբ 4 ռուսական և մեկ բելառուսական ավիաընկերություններ ուղևորափոխադրումներ են իրականացնում։ Ուղևորահոսքը բավական նվազել է ոլորտում։ «Եթե մարտի 8-ի դրությամբ օրական ունեինք 6 000 ուղևոր, այսօրվա դրությամբ մոտ 800  ուղևոր է մնացել»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է երկաթուղային տրանսպորտին՝ Արմեն Սիմոնյանն ասաց, որ բոլոր երթուղիներն աշխատում են, երկաթուղին աշխատում է նորմալ ռեժիմով, բացառությամբ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին Երևան-Գյումրի արագընթաց գնացքը։ Քանի որ ուղևորահոսք չկա, այսօրվանից գնացքի գործունեությունը դադարեցվում է։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments