Հայաստանի իրավապահ կառույցները հնարավորինս պետք է դուրս բերվեն նախկին հակասահմանադրական համակարգի տրամաբանությունից

- in Վերլուծական

ԱԱԾ-ում ինքնամաքրման գործընթաց  է լինելու, ծառայությունը մաքրելու ենք դավաճաններից, Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը:

Թեման օրերս բացել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահ մարմինների ղեկավարների հետ խորհրդակցությանը: Նա հայտարարել էր, թե իրավապահ մարմիններում եղել են դավաճաններ, ովքեր խոչընդոտել են կոռուպցիայի դեմ պայքարին, բարեփոխումների ընթացքը: Վարչապետի այդ հայտարարությունը կապված էր կոռուպցիոն գործերի դանդաղ ընթացքի, տեղեկատվության արտահոսքի, կասկածյալների փախուստի ու այլ երեւույթների հետ:

Երեկ երկու սենսացիոն հաղորդագրություն տարածեց հատուկ քննչական ծառայությունը, որոնք երկուսն էլ վերաբերում էին ԱԱԾ պաշտոնյաներին: Ըստ առաջին հաղորդագրության, ՀՀ առողջապահության նախարարի անվտանգության գծով նախկին խորհրդական, ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման պետ Ա. Մ.-ն, 2005-2018թթ-ին զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի անվտանգության գծով խորհրդականի պաշտոնը, մտերիմ հարաբերություններ է հաստատել բժշկական կենտրոնի տնօրեն Ա. Մ.-ի հետ և նրանից տեղեկանալով, որ վերջինս դժգոհություններ է ունեցել տնօրենի ֆինանսական գծով տեղակալ Ս. Օ.-ի աշխատանքից, իր ծառայություններն է առաջարկել` նրան այդ աշխատանքների ղեկավարումից հեռացնելու հարցում:

2019թ. փետրվարին Ա. Մ.-ն բժշկական կենտրոնի տնօրենին տեղեկացրել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը մտադրվել է նվազեցնել հիվանդանոցին պետական պատվերով մատուցվող ծառայությունների համար նախատեսված հատկացումները, և որ հիշյալ բժշկական կենտրոնը զրկվել է համավճարային սկզբունքով բժշկական ծառայություններ մատուցելու հնարավորությունից, որպիսի հարցերը լուծելու համար անհրաժեշտ է կազմակերպել, որպեսզի Ս. Օ.-ն կաշառք տա ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին: Ա. Մ.-ն հավաստիացրել է, որ այդ դեպքում Ս. Օ.-ի և Արսեն Դավթյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի, և արդյունքում բժշկական կենտրոնի տնօրենը հնարավորություն կունենա ձեռք բերել հիվանդանոցի բաժնետոմսերի՝ Ս. Օ.-ի մասնաբաժինը, որը հավասարապես կբաժանվի իր և տնօրեն Ա. Մ.-ի միջև:

Արդյունքում, ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, բժշկական կենտրոնի տնօրենը 2019թ. մարտի 18-ին իր մոտ է կանչել Ս. Օ.-ին և առաջարկել կաշառք տալ Արսեն Դավթյանին, սակայն Ս. Օ.-ն, մինչ այդ տեղեկացված լինելով ԱԱԾ աշխատակից Ա. Մ.-ի և բժշկական կենտրոնի տնօրենի միջև ձեռք բերված պայմանավորվածության և նրանց` վերը նշված մտադրության մասին, հրաժարվել է կատարել տնօրենի առաջարկը, ասվում է ՀՔԾ հաղորդագրության մեջ:

Երկրորդ հաղորդագրությունն առնչվում է Սուրեն Պապիկյանի վերաբերյալ անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունն ապօրինի հավաքելու, տարածելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ քրեական գործին, որով ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման պետին մեղադրանք է առաջադրվել:

Ըստ առաջադրված մեղադրանքի` վերջինս առանց ծառայողական անհրաժեշտության, օրենքով սահմանված նպատակի և այլ իրավաչափ հիմքերի բացակայության պայմաններում, 2020 թվականի հունվարի 9-ին ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման աշխատակցին խնդրել է տեղեկատվական շտեմարանում ստուգել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի դատվածության վերաբերյալ տեղեկատվությունը: Հիշյալ աշխատակիցը ԱԱԾ ստորաբաժանման պետի պահանջով ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանից ստացել և վերջինիս է փոխանցել Սուրեն Պապիկյանի դատվածության վերաբերյալ տեղեկանքը, որը պարունակել է նրա անձնական կյանքի գաղտնիք համարվող, ոչ հանրամատչելի մանրամասն տեղեկություններ դատվածության, դատավճռով նշանակված պատժաչափի և այլ հանգամանքների վերաբերյալ:

Այդ կերպ ԱԱԾ վերը նշված պաշտոնատար անձը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, դիտավորությամբ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որով էական վնաս է պատճառել Սուրեն Պապիկյանի իրավունքներին և օրինական շահերին, ասվում է ՀՔԾ հաղորդագրության հետ:

Փաստացի, մի դեպքում գործ ունենք «հատուկ գործողության», երկրորդ դեպքում՝ տեղեկատվության արտահոսքի հետ, երբ Սուրեն Պապիկյանի վերաբերյալ տեղեկատվությունը հայտնվել է մամուլում: Ընդ որում, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Սուրեն Պապիկյանը գլխավորել է Սահմանադրական հանրաքվեի այո-ի շտաբը:

Եթե ԱԱԾ տվյալ պաշտոնյան մտահոգ էր եւ ցանկացել է հանրության սեփականությունը դարձնել Սուրեն Պապիկյանի կյանքի այդ դրվագը, դա կարող էր անել այն ժամանակ, երբ վերջինս նշանակվել էր նախարարի պաշտոնի: Բայց դա արվում է հանրաքվեի շրջանում, «անձնական շահագրգռությունից» ելնելով, որի տակ հնարավոր է հասկանալ ամեն ինչ, այդ թվում՝ դրսից պատվերը:

Հայաստանի իրավապահ կառույցները հնարավորինս պետք է դուրս բերվեն նախկին հակասահմանադրական համակարգի տրամաբանությունից, ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments