Հայաստանի հանրության գործարար ջիղը գտնելու է նոր իրողություններում իր դրսևորման ճանապարհը

- in Տնտեսական

Կառավարությունը հայտարարել է տնտեսությանը 150 միլիարդ դրամի աջակցություն ցուցաբերելու մասին, որի մի մասը կուղղվի սոցիալապես տուժող քաղաքացիներին, մյուս մասը՝ բիզնեսին, ընդ որում՝ ոչ միայն կորուստները նվազեցնելու, այլ նաև ապագա կառուցելու նպատակադրմամբ:

Պետք չէ կասկածել, որ Հայաստանի հանրության գործարար ջիղը գտնելու է նոր իրողություններում իր դրսևորման ճանապարհը: Այդ ջիղը դրսևորվել է թե՛ աշխարհագրական, թե՛ այլ բնույթի բարդագույն պայմաններում, տրանսպորտային կիսաշրջափակման, միաժամանակ Հայաստանում կառավարման խիստ անարդյունավետ, կոռուպցիոն, գողապետական համակարգի պայմաններում անգամ:

150 միլիարդ դրամի աջակցության փաթեթը անշուշտ կլինի գործարար համայնքին և հանրությանը ցուցաբերված նշանակալի օժանդակություն՝ նոր իրողություններին ադապտացվելու և դրանցում դրսևորվելու առանց այդ էլ բնական կարողության կամ ներուժի պայմաններում:

Այստեղ իհարկե շատ կարևոր է դառնում երկու հանգամանք: Նախ՝ համաշխարհային հետկորոնավիրուսային նոր իրավիճակը անկասկած լինելու է քաղաքական մեծ ազդեցության և ներգործության ռեժիմում, և ըստ այդմ՝ Հայաստանի կառավարությունից պահանջվելու է, այսպես ասած, մենակ չթողնել բիզնեսը և օժանդակել ոչ միայն փողով, այլ նաև թերևս, այսպես ասած, ինսայդերական տեղեկատվության կամ իրազեկվածության վրա հիմնված մասնագիտական խորհրդատվությամբ և ուղղորդումներով: Դրանք իհարկե պետք է կրեն բավականին նուրբ բնույթ, ոչ թե կանխորոշելու, այլ ընդամենը գործարարներին կողմնորոշվելու հարցում առարկայական խորհրդատվություն տրամադրելու տեսքով: Խորհրդատվություն, որը կներառի իրազեկվածություն թեմաների շուրջ, որոնք օբյեկտիվորեն անհասանելի կլինեն գործարար հանրության շրջանակների համար, անգամ խոշորների:

Մյուս հանգամանքն այն է, որ նոր իրավիճակում առանցքային նշանակություն է ստանում էֆեկտիվ կառավարման համակարգի գործոնը: Համաշխարհային մրցակցությունը լինելու է նաև այդ դաշտում, և կորոնավիրուսային արտակարգ իրավիճակը ցույց է տալիս հենց դա:

Ըստ այդմ՝ 150 միլիարդ դրամի կարևոր օգնությունից զատ, կառավարությունը գործարար համայնքին ու քաղաքացիներին պետք է օժանդակի կառավարման արդյունավետ համակարգի ձևավորման նոր դինամիկայով ու, այսպես ասած, մեխանիզմներ ստեղծելով, իր արդյունավետությունը բարձրացնելով, բյուրոկրատական և այլ ժամանակատար գործողություններից բիզնեսին ու քաղաքացիներին ազատելով: Նոր աշխարհում մրցակցության կենտրոններից մեկը լինելու է հենց դա:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments