Հայաստանի մասին Պուտինի որոշումը. «Կարմիր գծեր» Ռուսաստանի համար

- in Կեղտոտ լվացք

Հայաստանի վարչապետն ու Բելառուսի նախագահը համամիտ են եղել, որ ռուսական գազի գինը չի համապատասխանում ներկայիս իրողություններին, այն բարձր է: Դա տեղի է ունեցել նրանց միջեւ հեռախոսազրույցի ընթացքում, ինչպես հայտնել է Բելառուսի նախագահի նստավայրի տարածած պաշտոնական հաղորդագրությունը:

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նամակով դիմել է Գազպրոմի նախագահ Միլլերին, կոչ անելով սկսել բանակցություն սահմանին գազի գնի նվազեցման, նաեւ վճարումը ազգային արժույթով կատարելու շուրջ: Ներկայում գազի գինը 165 դոլար է:

Գազի գինն անշուշտ լինելու է քաղաքական որոշում, կամ այլ կերպ ասած՝ պետք է որոշի Պուտինը: Պուտինի համար գազի գինը թե եվրոպական, թե հետխորհրդային տարածքի քաղաքական գործիք է: Եթե Եվրոպայի համար գնագոյացումը կապված է նավթի գնի հետ եւ ինքնաբերաբար իջնում է՝ նավթի գնանկմանը զուգահեռ, ապա հետխորհրդային տիրույթում գնագոյացման մեխանիզմը Պուտինի հետ պայմանավորվածությունն է:

Բայց հնարավո՞ր է պայմանավորվել Պուտինի հետ: Այդ հարցը չունի միարժեք պատասխան, եւ ամեն ինչ կախված է, նրանից, թե ինչ իրավիճակում է Պուտինը: Նրա ներկայիս վիճակն անշուշտ այնքան էլ նախանձելի չէ, թե արտաքին, թե ներքին առումով: Միաժամանակ, կորոնավիրուսի համաշխարհային իրավիճակը նրան տվել է դադար վերցնելու հնարավորություն: Պուտինն ակնկալում է դառնալ ԱՄՆ-Չինաստան գործարքի մասնակից՝ Եվրոպայի բավական լուրջ խնդիրների ֆոնին:

Հայաստանում Տավուշի սահմանին ադրբեջանական դիվերսիայի փորձը Ալիեւի արկածախնդրությունը չէ, այլ Էրդողանի ակնարկները Ռուսաստանին: Հատկանշական է, որ Հայաստանի արտգործնախարարությունը տարածեց երկու հայտարարություն: Մեկը ադրբեջանական դիվերսիայի առնչությամբ, ակնարկելով, որ Ալիեւը չի կառավարում ադրբեջանական բանակը՝ դրանով ակնարկելով թուրքական թելի մասին: Մյուսը՝ Արցախի ընտրության կապակցությամբ Թուրքիայի հայտարարության առիթով: Երեւանի այդ պատասխան հայտարարությունը եւս բավականին կոշտ էր, Հայաստանի հանդեպ Թուրքիայի քաղաքականության թշնամականության ընդգծված շեշտադրումով, տողատակում այդպիսով «կարմիր գծեր» ակնարկելով Ռուսաստանի համար:

Հատկանշական է, որ դրան զուգահեռ էլ Երեւանը գազի գնի նվազեցման բանակցություն է առաջարկում Ռուսաստանին:

Փաթեթում ակնառու է տողատակը, որ բանն ամենեւին գազ գինը չէ, եւ այդ հարցը Մոսկվան պետք է դիտարկի Կովկասում իր համար առավել մեծ ռազմա-քաղաքական գնի շրջանակում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments