Հայաստանն իսկապես կարող է Ռուսաստանի առաջ բարձրացնել մեխանիզմի հարցը

- in Տնտեսական

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին՝ նավթի գնանկման ֆոնին Հայաստանի համար ռուսական գազի գնագոյացման մեխանիզմի և էժանացման վերաբերյալ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արել է բավականին էական, ըստ էության նույնիսկ անակնկալ հայտարարություն:

Նա ասել է, որ նավթի գնանկման համաշխարհային միտումը պահպանվելու պարագայում Հայաստանն իսկապես կարող է Ռուսաստանի առաջ բարձրացնել մեխանիզմի հարցը:

Խոսքն այն մասին է, որ սահմանային գնի շուրջ, այսպես ասած, ֆիքսված պայմանավորվածության փոխարեն, որ գոյություն ունի այժմ, գոյություն ունի միջազգային տարածված մեխանիզմ՝ նավթի և գազի գնի կապակցվածությունը:

Ինչպես հայտնի է, այսպես ասած, գազի բորսա աշխարհում գոյություն չունի, և միջազգային գին ասվածը հարաբերական է՝ այդ իմաստով վեցամսյա հաջորդությամբ կապակցված լինելով նավթի գնին: Եթե նավթը էժանանում է, ապա համապատասխան գործակիցներով էժանանում է նաև գազը: Նավթի գինը ներկայումս արձանագրում է պատմական նվազագույն ռեկորդներ վերջին տարիների համատեքստում:

Մհեր Գրիգորյանը նշում է, որ առայժմ, առկա վիճակի հաշվարկով, Հայաստանի համար ռուսական գազի սահմանային գինն արտոնյալ է, բայց տենդենցը շարունակվելու դեպքում նա նշում է, որ մտածում են նոր մեխանիզմի մասին: Գրիգորյանը հայտարարել է, որ պայմանագիրը թույլ է տալիս դա:

Այստեղ հայ-ռուսական գազային հարաբերության առանցքն է՝ 2013 թվականի դեկտեմբերին կնքված, իսկ ավելի շուտ՝ գուցե Հայաստանին ինչպես ԵՏՄ անդամակցումը, այդպես էլ այդ՝ գազային պարտադրված պայմանագիրը: Այն արտացոլում է Հայաստանում ժամանակի ներքաղաքական, այսպես ասած, պերճանքն ու թշվառությունը, երբ ոչ իշխանական բևեռի միջոցով Հայաստանին պարտադրվում էր ռուսական ռեգիոնալ քաղաքականության կցորդի կարգավիճակը, ինչն ի վերջո հանգեցրեց ադրբեջանական ագրեսիայի:

Այդպիսով, Հայաստանի գազային պայմանագիրը գործնականում Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակող փաստաթղթերի շարքից է, որը առերևույթ տնտեսական առևտրային հարաբերության մասին է, սակայն խորքային առումով ժամանակի վասալության մոնումենտի տարր: Ըստ այդմ՝ տրամաբանական է, որ Հայաստանում թավշյա հեղափոխության և ինքնիշխանության օրակարգի պայմաններում Հայաստանը պետք է մտածի այդ մոնումենտը ապամոնտաժելու մասին՝ հայ-ռուսական հարաբերությունը վերակառուցելու, վերափոխելու և առողջացնելու, իրապես միջպետական դարձնելու տրամաբանության շրջանակում:

Դրան զուգահեռ, առանցքային է պարզապես այդ միջոցով Հայաստանի համար տնտեսական առավել էֆեկտիվ պայմանի հասնելը, ինչը առավել մեծ նշանակություն է ստանում տնտեսական համաշխարհային ճգնաժամի պայմաններում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments