Հայաստանում այսօր ևս պարենի պաշարների մասով խնդիր չկա

- in Տնտեսական

Այս մասին կառավարությունում հրավիրած ասուլիսում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը: Նրա խոսքով՝ Լարսի անցակետը գործում է, նաև սննդամթերքի ներմուծում է տեղի ունենում Հայաստան, երկրում սննդամթերքի հետ կապված որևէ խնդիր չկա:

«Մեր նախորդ ուսումնասիրությունը վկայում էր, որ մենք այս ոլորտում խնդիր չենք ունենա: Մենք այս պահին ևս հորդորում և խնդրում ենք, որպեսզի խուճապահար որևէ գնում չկատարվի, որովհետև դրա անհրաժեշտությունը չկա: Մեր ասածի մասին է նաև վկայում խոշոր առևտրի կետերում իրականացված գնումների տեմպը: Պիկ օրերին մի քանի անգամ շատ գնմում է տեղի ունեցել, իսկ այս պահին տեսնում ենք, որ բոլոր խոշոր առևտրի կետերում գնումներն անկում են ապրել, ինչի մասին մենք ասում էինք: Մեծ ծավալի գնումներ կատարելու դեպքում մարդկանց բավարարվածության մակարդակը լցվելու է, և հակառակ պրոցեսն է տեղի ունենալու»,- ասաց նա:

Ըստ Գեղամ Գևորգյանի՝ բժշկական սպիրտի գների շատ չնչին բարձրացում է տեղի ունեցել՝ կապված դոլարի արժևորման հետ: Բայց դա չի ազդել ալկոգելի գնի վրա: «Այստեղ ևս պատկերը հակառակն է՝ եթե սկզբնական էտապում դեղատներում ալկոգելի օրական ծավալի պակաս էր լինում, քանի որ մարդիկ մեկ օրվա ընթացքում բավականաչափ մեծ ծավալ էին գնում, այս պահին բոլոր խոշոր ցանցերում կա մնացորդ: Այդ թվում՝ ալկոգել արտադրող ընկերությունների մետ կա մեծ չափով մնացորդ»,- հավելեց ՏՄՊՊՀ նախագահը: Նա անդրադարձավ ռուբլու արժեզրկմանն ու դոլարի արժևորմանը, դրանց ազդեցությանը գների վրա:

«Ուզում եմ մեկ անգամ ևս նշել, որ գյուղատնտեսական մթերքները չեն ընկնում մեր հանձնաժողովի տիրույթ, որովհետև չկա գերիշխող դիրք ունեցող: Բայց հաշվի առնելով, որ հասարակության ստվար հատվածի դա հետաքրքրում է, այս մոնիթորինգը ևս կատարել ենք: Եվ ունենք ուսումնասիրություններ՝ խնձոր տեղական, կիվի, վարունգ, նարինջ, բիբար, մանդարին, պոմիդոր և բանան: Այստեղ որոշակի ապրանքների մասով կա թանկացման տենդենց, բայց սա նաև կապված է սեզոնի հետ: Այսինքն՝ մարտ ամիսը համարվում է գյուղատնտեսական սեզոնի ամենաթանկ ամիսը: Եվ երբ մենք մարդկանց կողմից ստանում ենք տեղեկատվություն, հաճախ սոցցանցերում շրջանառվում է ամենաթանկ լոլիկը, որը սովորական սպառման սեգմենտի ծավալի մեջ չի մտնում: Իսկ, օրինակ, սովորական պոմիդորի գինը 13 օրը է՝ կայուն գին է: Ես Սիթիի ու Զովքի գներն եմ ասում»,- նշեց նա:

Վերջին երկու օրերին, ըստ Գևորգյանի, կիվիի ու մանդարինի գները նվազել են, չնայած որ մինչ այդ թանկացել էին: ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ բրնձի, հնդկաձավարի, ոսպի գները չեն թանկացել: Ձեթի գները մարտի 19-ից մի փոքր թանկացել են, բայց դա էական չէ: «Ժամանակ է պետք, որ այս ամենը վերլուծենք, պարզենք, թե ինչով է պայմանավորված թանկացումը: Հավի ձվի գներն աճել են՝ 25 դրամից դարձել 33, այնուհետև՝ 40 դրամ: Բայց հանուն ճշմարտության պետք է նշենք, որ նախքան այս իրավիճակը, մեր հանձնաժողովում վարույթ էր սկսվել ձվի գնի՝ ինքնարժեքից ցածր վաճառվելու փաստի հիմքով: Այսինքն՝ մենք այն ժամանակ տեսնում էինք դեմպինգի երևույթներ: Մեր կարծիքով՝ ձվի ինքնարժեքը ՀՀ-ում միջինացված չի կարող պակաս լինել 36 դրամից»,- հավելեց նա:

Կարագն ու պանիրը ևս չեն թանկացել, երշիկներից որոշ տեսակներ՝ ևս: Թթվասերի գների էական փոփոխություն ևս չկա, հավելեց ՏՄՄՊՀ նախագահը: Մածունի ու կաթի գները որոշ արտադրողների մոտ նվազել են, որոշ դեպքերում՝ բարձրացել: Ալյուրի գները նույնպես էապես չեն փոխվել, Գևորգյանի խոսքով՝ մեկ-երկու դրամ թանկացում է նկատվել ընդամենը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments