Հայաստանում դեռևս կա ինքնիշխան ԱԱԾ ձևավորման խնդիր

- in Ով ով է ...

ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը խորհրդարանում, պատգամավորների հարցին ի պատասխան, հայտնել է, որ ԱԱԾ-ն պայքարել և պայքարելու է դավաճաններից ազատվելու համար:

Երբ դավաճանների մասին հայտարարում է վարչապետը, այստեղ, իհարկե, իրադրությունը ներառում է քաղաքական հռետորաբանության ասպեկտը, և պատկերը ստանում է մի տրամաբանություն, իսկ երբ դրա մասին խոսում է արդեն ԱԱԾ պետը, ապա նա քաղաքական կարգավիճակ ունեցող անձ չէ, և ավելին՝ հատուկ կարգավիճակ ունեցող անձ է, և գործ ունենք, փաստորեն, այլ պատկերի հետ: Ըստ այդմ, երբ ԱԱԾ պետի թեկուզ ժամանակավոր պաշտոնակատարի մակարդակով է հայտարարվում կառույցում դավաճանների առկայության և դրանց դեմ պայքարի մասին, ապա պետք է եզրակացնել, որ Ազգային անվտանգության ծառայությունում առկա է բավականին էական բաժանում կամ պայքար:

Ու թեև սահմանը գծվում է «դավաճան-ոչ դավաճան» սահմանագծով, որը, մի կողմից, քաղաքական-պայմանական, մյուս կողմից՝ թերևս միանգամայն իրավական սահմանագծում է, այդուհանդերձ, պետք է այս դեպքում հստակեցնել՝ ինչ բովանդակություն կա այդ ամենի ներքո: Այդ հանգամանքը հույժ կարևոր է ոչ միայն խնդրի իրավական տեսանկյունից, երբ դավաճանությունը պետք է ստանա քրեաիրավական գնահատական: Այստեղ հույժ կարևոր է հասկանալ՝ արդյոք պայքարի այդ սահմանը անցնո՞ւմ է, այսպես ասած, Հայաստանի պետական սահմանով, պայմանականորեն, իհարկե, այդ բառի՝ պետական ինքնիշխանության իմաստով: Կա՞ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում հենց դիմակայությունը կամ պայքար ինքնիշխանության համար:

Այն, որ այդ կառույցում կան Հայաստանի Հանրապետության, հայկական պետականության բազմաթիվ նվիրյալներ, վեր է որևէ կասկածից: Միաժամանակ, սակայն, կասկածի տեղիք չկա նաև հարցում, որ մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից ելնելով՝ Հայաստանում դեռևս կա ինքնիշխան ԱԱԾ ձևավորման խնդիր, որը ամենևին հեշտ լուծելի չէ և պահանջել ու, անկասկած, դեռևս երկար պահանջելու է բավականին բարդ ու դժվարին պայքար:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments