Հայաստանում ընդդիմության կամ «Ոչ»-ի դիրքերից ներկայացող ուժերը չունեն իրենց ներքո հանրային որևէ շերտ

- in Ով ով է ...

Կորոնավիրուսը Հայաստանում ուժգնացրել է ոչ այնքան հանրային առողջության շուրջ դիսկուրսը, որքան՝ Սահմանադրական հանրաքվեն չեղարկելու:

Դա, իհարկե, կեսկատակ, սակայն ակնառու է, որ համաշխարհային առողջապահական խնդիրը Հայաստանում էլ դարձել է նաև քաղաքական խնդիրներ լուծելու միջոց, որոնցից մեկը կամ այս պահին առաջնայինը դիտարկվում է հանրաքվեի չեղարկման հասնելը: Մյուս կողմից, ինչպես և անդրադարձել ենք մեր նախկին հրապարակումներում, ամենևին պետք չէ բացառել և այն, որ կանխարգելիչ անհրաժեշտությունն իսկապես հասունացնի հանրաքվեի չեղարկման խնդիր: Հաղթանա՞կ է դա որևէ կողմի համար, թե՞ պարտություն: Տվյալ դեպքում, իհարկե, դիտարկվում է կառավարող մեծամասնության կողմը: Եթե գնահատենք, որ խնդիրը իսկապես ՍԴ կազմի հարցը լուծելն էր, ապա կստացվի, որ կառավարող մեծամասնությունը չի լուծել հարցը և, ըստ այդմ, մատնվել է անհաջողության: Բայց արդյո՞ք միայն դա է խնդիրը, եթե անգամ առերևույթ ամեն ինչ հանգեցվում է հենց դրան:

Այդուամենայնիվ, համարձակվենք դիտարկել մի պարզ իրողություն, որ քաղաքական գործընթացները՝ որևէ, մեծ, թե անգամ փոքր, երբեք չեն լինում միատարր: Հետևաբար, այստեղ չափազանց հարաբերական է դառնում պարտության կամ հաղթանակի, հաջողության կամ անհաջողության մասին միարժեք խոսակցություն վարելու ռացիոնալությունը: Առավել ևս, որ Հայաստանում ձևավորված է առանձնահատուկ քաղաքական միջավայր: Այն, որ չի ձևավորվել «Ոչ»-ի ճամբար՝ քաղաքական իմաստով, ամենևին զուտ մարտավարական հանգամանք չէ, որքան էլ այդ դիրքում գտնվող ամենատարբեր ուժերը իրավիճակը ներկայացնեն հենց այդպես:

«Ոչ»-ի քաղաքական ճամբար չի ձևավորվել, որովհետև պարզապես չկա ընդդիմություն՝ որպես քաղաքական ինստիտուցիոնալ իրողություն: Քննադատող ուժերի առկայությունը, կամ խորհրդարանական կանոնակարգային սահմանումներով պայմանավորված կարգավիճակը դեռևս ընդդիմության առկայություն չէ: Ընդդիմության առանցքային առկայությունը, ինչպես քաղաքականության դեպքում ընդհանրապես, առաջին հերթին հասարակական հենարանն է:

Ասել, որ Հայաստանում ընդդիմության կամ «Ոչ»-ի դիրքերից ներկայացող ուժերը չունեն իրենց ներքո հանրային որևէ շերտ կամ խումբ, անշուշտ, իրավացի չէ, սակայն ակնառու է նաև, որ այդ հանրային հենարանը, մեղմ ասած, բավարար չէ կառավարող մեծամասնության հետ մրցակցության, մրցունակ լինելու համար։ Օբյեկտիվ է դա, թե սուբյեկտիվ, թողնենք մի կողմ: Կա փաստ: Եվ «Ոչ»-ի քաղաքական ճամբար չլինելը արտահայտում է հենց այդ փաստը։ Այդ դիրքում գտնվող ուժերն ի զորու են առայժմ մրցակցել լոկ միմյանց հետ՝ եղած հանրային նվազ ռեսուրսը առավելագույնս տնօրինելու համար: Ըստ այդմ, նրանք կարող են հաղթել իրար, սակայն ոչ կառավարող մեծամասնությանը: Ոչ այն պատճառով, որ մեծամասնությունն անթերի է և անպարտելի, այլ որովհետև առայժմ տարբեր են քաշային կատեգորիաները և քաղաքական հարաբերակցությունը: Հետևաբար, եթե անգամ դիտարկում ենք «Այո»-ի այս կամ այն պատճառով անհաջողություն, դա ամենևին չի նշանակում հաջողություն «Ոչ»-ի համար: Որովհետև «Ոչ», որպես այդպիսին, որպես քաղաքական «ինստիտուցիոնալ երևույթ»՝ չկա: Այն դեռ պետք է ձևավորվի՝ լայն և խորքային ընդդիմության իմաստով: Եվ դրա ձևավորումը դեռ պետք է անցնի այդ դերին հավակնող ուժերի՝ միմյանց հանդեպ հաղթանակով: Կամ, իհարկե, գուցե «ոչ ոքիով», երբ կլինի հիմնավոր, խորքային, գաղափարական, հեռանկարային լայն միավորում: Սակայն դա Հայաստանում գործնականում միշտ է եղել տեսական հնարավորություն կամ հեռանկար, և այդպիսին է նաև հեղափոխությունից հետո: Ըստ այդմ, ընդդիմության երևույթի ինստիտուցիոնալացումը պետք է անցնի հենց դրա հավակնորդների միջև պայքարում՝ հաղթանակի և պարտության միջով իշխանության հետ մրցակցության հասնելու համար: Հանրաքվեում «Այո»-ի հնարավոր կամ տեսական անհաջողության հանգամանքը միայն կխթանի մրցակցությունն այդ հարցում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments