Հայաստանում պետք է երաշխավորվի քաղաքական ազատ մրցակցությունը, վերադարձ անցյալին չի լինելու

- in Վերլուծական
cuyc 1

Նիկոլ Փաշինյանը «Այո»-ի քարոզարշավի ընթացքում հայտարարել է, որ մեկնարկած Սահմանադրության փոփոխության գործընթացում մտադիր չէ փոխել կառավարման մոդելը, որպեսզի իրեն չմեղադրեն ըստ սեփական քաղաքական շահի և տրամաբանության Սահմանադրություն գրելու համար, ինչպես մեղադրել են նախկին երեք նախագահներին:

Այլ կերպ ասած, Փաշինյանը խոսում է այն մասին, որ Հայաստանում չի փոխվի կառավարման խորհրդարանական մոդելը: Վիճել, թե որ մոդելն է ավելի լավ, մի կողմից կարևոր է, քանի որ այդօրինակ բանավեճերում են ծնվում նոր մտքեր, գաղափարներ, հայեցակարգեր, մյուս կողմից՝ որոշակիորեն անիմաստ է կոնկրետ եզրահանգման տեսանկյունից: Միևնույն է, աշխարհում չկա այդ հարցի շատ թե քիչ հստակ որևէ պատասխան, քանի որ կան ամենատարբեր մոդելներով հաջողած և տապալված պետություններ: Հստակ և անբեկանելի է թերևս մի բան, որ Հայաստանում պետք է երաշխավորվի քաղաքական ազատ մրցակցությունը և ժողովրդական ազատ ու իրավահավասար կամարտահայտությունը՝ կառավարման ինչպիսի մոդել էլ լինի:

Մյուս կողմից, խորհրդարանական կառավարման մոդելը թերևս ողջունելի է այն քաղաքական ուժերի համար, որոնք համարձակ են ապագայի հարցում: Այդ մոդելը այդուհանդերձ տալիս է քաղաքական ինստիտուցիոնալ զարգացման ավելի ընդգրկուն հնարավորություն, ի տարբերություն նախագահական կամ կիսանախագահականի, որտեղ էապես բարձրանում է անձերի դերը: Ամենևին այնպես չէ, որ խորհրդարանական ներկայիս մոդելում մենք ունենք հակառակ պատկեր: Սակայն, միաժամանակ, մենք այժմ ունենք նախկին մոդելի իներցիան: Եվ այդ իներցիան անկասկած կշարունակվի երկար: Սակայն այն կընդհատվի անկասկած, բայց դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը չվերադառնա այն մոդելին, որտեղ դարձյալ շեշտադրումը լինելու է անձերի դերի վրա: Երբ Հայաստանում կավարտվի մեկ անգամ արդեն տվյալ մոդելներով անցած լինելու իներցիոն հետևանքը, և կձևավորվեն իսկապես քաղաքական թիմեր, հետո գուցե հնարավոր է անցնել մոդելների շուրջ բանավեճի ու գնահատել՝ գնա՞լ նախագահական կամ կիսանախագահական տարբերակի, թե՞ մնալ խորհրդարանական: Որովհետև արդեն ձևավորված կլինեն քաղաքական թիմեր և դրանք զսպող գործոն կլինեն անձնակենտրոն մտայնության և մշակույթի վերադարձի ռիսկի առումով: Իսկ առայժմ, գուցե թե առաջիկա առնվազն մեկ-երկու ընտրական ցիկլի կամ առաջիկա տասնամյակի առումով Հայաստանում պետք է անել քայլեր հակառակի՝ խորհրդարանական կառավարման մոդելի ամրապնդման, և դրա շնորհիվ նաև թիմային, ինստիտուցիոնալ քաղաքականության ձևավորման ուղղությամբ:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments