Հայաստանում Վաշինգտոնը գերազանցում է Պեկինին. կտրուկ բարձրացում

- in Միջազգային

ԱՄՆ Հայաստանին կտրամադրի 1,1 միլիոն դոլարի օգնություն՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այդ մասին հայտնել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը: Հայտարարվել է, որ ԱՄՆ աշխարհի երկրներին կհատկացնի մոտ 240 միլիոն դոլարի օգնություն՝ վարակի դեմ պայքարի համար:

Դրանից առաջ տեղի էր ունեցել ԱՄՆ եւ Չինաստանի նախագահների հեռախոսազրույցը: Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ունեցել են լավ զրույց, եւ Չինաստանը ԱՄՆ-ին է տրամադրում կորոնավիրուսի մասին ամբողջ տեղեկատվությունը, որն էլ փոխանցվում է վարակի դեմ պայքարով զբաղվող ամերիկացի մասնագետներին:

Դոնալդ Թրամփը նաեւ հայտարարել է, որ ապրիլի 12-ից՝ կաթոլիկների Զատկից հետո ԱՄՆ կվերադառնա կյանքի բնականոն ռեժիմի, քանի որ կենսագործունեության դադարեցումը կարող է կորոնավիրուսից ոչ պակաս, իսկ գուցե ավելի վտանգավոր լինել:

Փաստորեն, ԱՄՆ վերադառնում է նաեւ համաշխարհային առաջատարության այսպես ասած բնականոն ռեժիմի, ազդարարելով 240 միլիոն դոլարի օգնության մասին, այդ թվում 1,1 միլիոնը՝ Հայաստանին: Պեկինն ու Վաշինգտոնը բաժանե՞լ են աշխարհն այդ իմաստով: Բանն այն է, որ մինչ այդ Չինաստանն էր հայտարարել իր տարածքում վարակը հաղթահարելու եւ աշխարհին օգնելու պատրաստակամության մասին, իհարկե առանց կոնկրետ թվեր արտահայտելու:

Ի՞նչ են խոսել ԱՄՆ նախագահ Թրամփն ու Չինաստանի նախագահ Սի Ծինպինը, որ Պեկինը որոշել է կորոնավիրուսի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը փոխանցել Նահանգների մասնագետներին: Արդյոք Թրամփը մինչ այդ Սի Ծինպինին է ներկայացրել տեղեկություն, որը ցույց է տվել, որ Չինաստանը հաղթել է գուցե ճակատամարտը, բայց պատերազմը կարող է տանուլ տալ:

Բոլոր դեպքերում, եթե Վաշինգտոնն ու Պեկինը որոշել են գործակցել եւ աշխատել համակարգված, դա կարող է լինել դրական, թեեւ շատ կարեւոր է այդ պայմանավորվածության ճանապարհային, բայց միեւնույն ժամանակ նաեւ աշխարհագրական քարտեզը:

Մասնավորապես, ինչպես է դրանում պատկերված Հայաստանը: Օրերս Հայաստանին օգնության պատրաստակամության մասին հայտնել էր Չինաստանը, խոսելով 110 հազար դոլարի աջակցության մասին: Վաշինգտոնը փաստորեն Երեւանի համար տասն անգամ բարձրացնում է խաղի արժեքը կամ խաղադրույքը:

Լայն պայմանավորվածության համատեքստում Հայաստանն ունենալու է մեծ նշանակություն: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Հայաստանի համար նոր աշխարհի այսպես ասած նշաձողը՝ 30 միլիարդ դոլարի չափաբաժին, այն 3 տրիլիոնի տարածությունում, որ ըստ տարբեր հաշվարկների կարող է առաջանալ համաշխարհային տնտեսությունում: Գործնականում, դա Հայաստանի հայտարարությունն է իր «արժեթղթերի» մասին: Որքան կբարձրանան ԱՄՆ-ն ու Չինաստանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments