Հայկական հարցը Թուրքիայի ձեռքի և ոտքի կապն է, ու ԱՄՆ-ից անում են հերթական հանգույցը

- in Հրապարակ

Կորոնավիրուսային թոհուբոհի ֆոնին Հայաստանի հասարակությունը նվազ ուշադրություն դարձրեց Ամերիկայի Միացյալ Նահանգներից ստացված տեղեկությանը, որ բազմամշակութայնության հիմնադրամ թուրքական կազմակերպությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Այդ կազմակերպությունը կապվում է Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտնի ընդդիմախոս Ֆեթուլլահ Գյուլենի հետ, որին Թուրքիան տևական ժամանակ է՝ պահանջում է Միացյալ Նահանգներից: Թուրքական կազմակերպության ճանաչումը անշուշտ հնարավոր չէ աստիճանակարգային իմաստով համեմատել նախորդ տարեվերջին ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների ընդունած հայկական բանաձևերի հետ, թեև նրանք էլ չունեին օրենքի ուժ: Բայց թուրքական ճանաչումն ըստ երևույթին արժե և պետք է դիտարկել այդ շղթայի մեջ, որը հայկական հարցի ամերիկյան քաղաքականության մեջ նոր հարթություն բարձրացնելու արձանագրումն է: Եվ այստեղ թուրքական կազմակերպության ճանաչումը, չունենալով պաշտոնական կարգավիճակ, այդուհանդերձ, քաղաքական խորհրդանշականության տեսանկյունից բավականին խոսուն է: Եվ խոսուն է ոչ միայն համաշխարհային քաղաքականության և աշխարհակարգի վերբեռնման ներկայիս դինամիկ և վճռորոշ փուլում, երբ աշխարհը փոխվում է աչքի առաջ: Խոսուն է նաև այն առումով, որ հայկական հարցն ամերիկյան քաղաքականության շրջապտույտում նոր հարթություն է բարձրանում նախագահական ընտրարշավի տարում:

2020 թվականին ԱՄՆ-ում նախագահի ընտրություն է: Ամենայն հավանականությամբ, գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը կլինի դեմոկրատական փրայմերիզի ներկայիս առաջատար Ջոզեֆ Բայդենը, որը ԱՄՆ նախկին փոխնախագահ է, երբ նախագահի պաշտոնում էր Բարակ Օբաման: Բայդեն-Թրամփ դիմակայությունն անշուշտ լինելու է 2020-ի առանցքային ոչ միայն ներամերիկյան, այլև, ըստ էության, միջազգային նշանակության հարցերից մեկը: Եվ այստեղ առաջանում է հարց, թե արդյո՞ք ԱՄՆ քաղաքական այդ գործընթացում նոր կերպով կարծարծվի նաև հայկական հարցը: Հայկական հարցը ԱՄՆ նախագահական ընտրություններում եղել է մշտապես, սակայն շատ պարզունակ ձևով: Որևէ թեկնածու, որպես կանոն, տվել է ճանաչման խոստում, հայկական համայնքը «հավատացել» է կամ «չի հավատացել», եղել է ընտրություն, հետո բոլորը սպասել են տրված խոստման կատարման, ու խոստումը չի կատարվել: Նախորդ՝ վերջին ընտրությանը, հարցը կարծես թե չենթարկվեց այդ պարզունակ շրջանառությանը, և Քլինթոն-Թրամփ դիմակայությունը որոշակիորեն անտեսեց հայկական հարցը: Մի բան, որը, թերևս, առավել դրական էր, հաշվի առնելով նախկին պարզունակ խաղարկումները: Սակայն մենք տեսանք, որ գործնականում հենց դրանից հետո է, որ արդեն քաղաքական ցիկլի ընթացքում հայկական հարցն ԱՄՆ-ում ունեցավ աննախադեպ առաջընթաց, ինչը վկայեց, որ պարզունակ խաղարկումից դուրս բերելով, հարցն իրականում մտել էր իսկապես իրական քաղաքականության շրջանառություն: Իսկ դա, անկասկած, թելադրված էր այն շրջափուլով, որում հայտնվել են միջազգային զարգացումներն ու ԱՄՆ-ն:

Այստեղ ամենևին պատահական, երկրորդական դեր չէ նաև Հայաստանում 2018-ին տեղի ունեցած թավշյա հեղափոխության դերը, որովհետև Հայաստանի ինքնիշխանության բարձրացման էական նախադրյալներ ստեղծած այդ իրողությունը, բնականաբար, փոխում է հայացքը հայկական հարցին, հաշվի առնելով դրա հանդեպ առավել կենսունակ և իրավատեր քաղաքականություն վարելու Հայաստանի կարողությունը: Այստեղ, իհարկե, առանցքային դեր ունի նաև այն, որ ինքնիշխան Հայաստանն առավել սրում է Թուրքիայի միջազգային դերակատարման ճգնաժամը, որն առաջացել է ԽՍՀՄ փլուզմամբ: Անկարան ներկայումս իր ագրեսիվ քաղաքականությամբ պայքարում է հենց այդ ճգնաժամի դեմ: Այդ պայքարում Հայաստանն ԱՄՆ բնական դաշնակիցն է, եթե դրսևորում է ինքնիշխանություն: Բանն այն է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ԱՄՆ համար էապես փոխվել է ռեգիոնալ ընկալումը, հետևաբար նաև Թուրքիայի պլացդարմային նշանակությունը: Անկարան ուզում է ավելին, հակառակ պարագայում՝ սպառնալով ավելին վերցնել ագրեսիայով: Ու այս համատեքստում է նաև, որ ուշադրության է արժանի Էրդողանի ԱՄՆ-ում գտնվող «թշնամու» կազմակերպությունում Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը: Հայկական հարցը Թուրքիայի ձեռքի և ոտքի կապն է, ու ԱՄՆ-ից անում են հերթական հանգույցը՝ նախագահական ընտրապայքարին զուգահեռ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments