Erdoghan Putin

Աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարը դարձել է նոր կարգերի անցման կատալիզատոր, որում տնտեսական մատրիցայի փոփոխությունն անխուսփելիորեն հանգեցնելու է քաղաքական կարգերի փոփոխության:

Դատելով Վլադիմիր Պուտինին, Ռեջեբ Էրդողանին ու կայսերական բնույթի այլ լիդերներին տրվող հարցերից, նոր աշխարհը չի նախատեսում այդ տեսակի ղեկավարների գոյություն: Նոր աշխարհը ենթադրում է ցանցային, հորիզոնական կառավարում, որը նախատեսում է համընդհանուր մասնակցություն, ու բոլորի շահերը հաշվի առնելու պայմանով:

Այս առումով Հայաստանը երկու տարի առաջ ճեղքում է արել եւ մտել նոր աշխարհակարգ: Հայկական նոու-հաուն՝ առցանց ռեժիմով կառավարումը, ապացուցում է իր արդյունավետությունը: Կորոնավիրուսին թափանցիկ ու օպերատիվ արձագանքը, տնտեսական աջակցության միջոցառումների ազդարարումը, հանրության հետ ձեռնարկվող քայլերի մշտական քննարկումը բարձրացնում են իշխանության հանդեպ մարդկանց վստահությունը: Աստիճանաբար ձեւավորվում է քաղաքական կառավարման հայկական մոդելը, որը ենթադրում է ինքնավար, այլ կերպ ասած՝ ինքնիշխան կառավարում:

Այս մոդելն արդեն երկու տարի հանգիստ չի տալիս ղեկավարներին, որոնք իրենց միապետ են զգում կամ էլ խրվել են բյուրոկրատիայի կամ «դեմոկրատական» կարգավորումների մեջ: Շատերը, հավանաբար, անհամբերությամբ սպասում էին, թե Հայաստանի կառավարությունը երբ կսայթաքի, առավել եւս, ճգնաժամի պահին: Բայց ճգնաժամը, ըստ երեւույթին, Հայաստանի նոր կառավարության տարերքն է, որը ստիպում է չճահճանալ ու առաջանցիկ աշխատել՝ ինքնավար որոշումներ կայացնելով: Ինչպես կորոնավիրուսը ստիպեց ախատահանել ամբողջ երկիրը, տնտեսություն ու քաղաքականությունում եւս մեծ մաքրություն է լինելու:

Վլադիմիր Պուտինը, որը փորձում է Ռուսաստանում պահպանել գործող մատրիցան, ստիպված է վերջին օրերին անընդհատ հարցազրույցներ տալ ու պատասխանել անհարմար հարցին՝ արդյոք ուզում է ցար դառնալ: Նա ասել է, որ համաձայն չէ այդ գնահատականին, որովհետեւ օր ու գիշեր աշխատում է, այլ ոչ թե թագավորում: Բայց նրան տրվող հարցերը միայն ավելանալու են: Աշխարհի աչքի առաջ Հայաստանի կառավարությունն առցանց ռեժիմով կառավարում է պետությունը՝ որպես մեկ մեծ ընտանիք: Եվ Ռուսաստանում համեմատում են իրենց կառավարության հետ:

Թուրքիայում էլ են համեմատում, որտեղ Էրդողանը փորձում է վերադարձնել օսմանների նախկին փառքը՝ ապագային մեջքով շրջվելով: Թուրքիայում արդեն հարցնում են, թե ինչու Հայաստանում կարողանում են պետական հարցերը լուծել «ամբողջ ընտանիքով», իսկ Թուրքիայում ամեն ինչ մեկ մարդ է որոշում: Ինչո՞վ է նա լավը մյուսներից: Մի՞թե նա սուլթան է:

Պուտինը, Էրդողանն ու մյուսներն ստիպված են լինելու պատասխանել բազմաթիվ հարցերի, որոնք առաջ է քաշում Հայաստանն իր սուվերեն գոյությամբ:

Spread the love