Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել՝ հակառակորդը սադրել է իրավիճակը

- in Պաշտոնական
Zinvor

Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի արձակած կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ զինծառայողի ստացած վիրավորումը թեթեւ է, կյանքին վտանգ չի սպառնում։

«Հակառակորդը նորից սադրել է իրավիճակը սահմանին եւ պատասխան կրակից հետո լռեցվել է։ Նրանք կրակ են բացել մեր մարտական դիրքերի ուղղությամբ, եւ մեր պայմանագրային զինծառայողներից մեկը վիրավորվել է»,- ասաց ՊՆ մամուլի խոսնակը։

Ստեփանյանի խոսքով՝ վերջին օրերին իրավիճակը հանգիստ էր ընդհանուր առմամբ, միայն այսօր է այսպիսի փորձ իրականացվել։

«Իսկ հակառակորդի տարածած ինֆորմացիան, թե մենք իրենց քաղաքացիական ճանապարհների ուղղությամբ կրակ ենք բացել, ապատեղեկատվություն է»,- ասաց նա։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments