Հարությունյանին պահելով և հանձնելով Լևոն Սարգսյանին: Ո՞րն է թանկ Հայաստանի համար

- in Պնակալեզներ

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը որոշել է արտահանձնել Լևոն Սարգսյանին, որին Հայաստանի իրավապահները մեղադրում են Մաքսային կոմիտեի նախկին պետ Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակում կազմակերպելու համար:

Լևոն Սարգսյանը, որ ժամանակին համարվում էր Սերժ Սարգսյանի հովանավորյալ, նախկին պատգամավոր է, ՀՀԿ անդամ: Թավշյա հեղափոխությունից հետո նա Հայաստանում չէր և Ռուսաստանում ձերբակալվեց 2019-ի նոյեմբերին: Լևոն Սարգսյանը Հայաստանի նախկին պաշտոնյաներից և օդիոզ դեմքերից հերթականն է, որ պատսպարվել է Ռուսաստանում: Այդպիսիք, գոնե հայտնիները, հինգն են:

Օրերս ՌԴ իրավապահները ձերբակալել էին նրանցից մեկին՝ մարտիմեկյան գործի նախկին քննչական խմբի ղեկավար, ներկայումս նույն գործի մեղադրյալ Վահագն Հարությունյանին: Սակայն ձերբակալելուց մի քանի օր անց նրան ազատ արձակեցին: Հայաստանի դատախազության մեկնաբանմամբ՝ ազատ են արձակել ՌԴ տարածքում նրա հանդեպ ներկայացվող մեղադրանքի, այսպես ասած, վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով:

Լևոն Սարգսյանը թեև մեղադրվում է այլ գործով, բայց նա առնչվում է նաև մարտիմեկյան գործին: Բանն այն է, որ նրա անունը կար այդ գործով հայտնի ցուցակում, որ կազմել էր փաստահավաք խումբը: Խոսքն այն օլիգարխների ցուցակի մասին է, որոնք, ըստ դրա հիմնավորման, զենք և զինամթերք, իրավապահ համազգեստ էին ստացել իրենց թիկնազորների համար, որոնք կիրառվել են ցուցարարների դեմ: Համենայնդեպս, փաստահավաք խմբի նախկին անդամ, ներկայումս մարտիմեկյան գործով տուժողների շահերի պաշտպան Սեդա Սաֆարյանը Լևոն Սարգսյանի ձերբակալությունից հետո ասել էր, որ Հայաստան տեղափոխվելու դեպքում նա պետք է հարցաքննվի նաև մարտիմեկյան գործով:

Կտեղափոխվի՞, սակայն, Սարգսյանը Հայաստան՝ դա մի հարց է, որ միարժեք չէ անգամ ՌԴ դատախազության որոշումից հետո: Որովհետև այն կարող է վիճարկվել ՌԴ իրավասու դատարանում և չեղարկվել: Կլինի՞ այդպիսի զարգացում, թե՞ ոչ՝ պարզ չէ:

Միաժամանակ հետաքրքիր է, որ Լևոն Սարգսյանի արտահանձնման վերաբերյալ որոշում ՌԴ դատախազությունը կայացնում է Վահագն Հարությունյանին ձերբակալելուց հետո ազատ արձակելու և փաստորեն նրան լրիվ ազատելու որոշման ֆոնին: Արդյոք Ռուսաստանը, այսպես ասած, փորձում է սիրաշահե՞լ Հայաստանին և առաջարկել փոխանակում՝ Հարությունյանին պահելով և հանձնելով Լևոն Սարգսյանին: Ո՞րն է թանկ Հայաստանի համար:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments