Հեղափոխության սպառնալիքը բռնության բացառման «աղյուսը» հանելն է

- in Վերլուծական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին անդրադարձել է համացանցում տարածված տեսանյութին, որտեղ «Հեղափոխության պահապաններ» ներկայացող խմբի անդամները այցելել են մի երիտասարդի, որը հայհոյանք է ուղղել Նիկոլ Փաշինյանի հասցեին:

Նրա հետ «ռազբորկայի» արդյունքում երիտասարդից պահանջել են ներողություն խնդրել վարչապետից: Տեսանյութը լայն տարածում է ունեցել համացանցում, արժանացել տարբեր գնահատականների, այդ թվում՝ դատապարտող՝ ուղղված վարչապետին:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով թեմային, հայտարարել է, որ կապ չունի տեղի ունեցածի հետ և միաժամանակ դատապարտել է հայհոյանքին այդ կերպ պատասխանելու հանգամանքը՝ նշելով, որ հեղափոխությունը Հայաստանում եղել է բացարձակապես այլ արժեքների և գիտակցության հիմքով:

Տեղի ունեցածն իսկապես հատկանշական է և արտացոլում է թե՛ նախահեղափոխական հայաստանյան մշակույթի, թե՛ հետհեղափոխական իրողությունների մի շարք շերտեր: Առանցքայինն այստեղ, անշուշտ, այն է, որ Հայաստանում պետք է բացառվի բռնությունը ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական իմաստով: Եվ բացարձակապես կարևոր չէ, բռնությունը՝ ֆիզիկական, թե հոգեբանական, այսպես ասած, հեղափոխության դեմ է կիրառվում, թե հեղափոխության անունից:
Միաժամանակ, կասկածից վեր է, որ գործ ունենք երկուստեք խթանների հետ՝ ազդեցություն-հակազդեցություն տրամաբանությամբ: Այդուհանդերձ, խորքային իմաստով, եթե անգամ կատարվում է բռնություն «վեհ նպատակով» կամ «անկեղծ մղումով», այն միևնույն է լեգիտիմացնում է բռնություն երևույթն ու մշակույթն ինքնին: Իսկ խորքում արդեն այն չունի լավ կամ վատ իմաստ, այն չի բաժանվում սևի ու սպիտակի, խորքում այն «ստերիլ» է՝ որպես բռնություն, և որևէ մեկը չի կարող երաշխավորել, թե այս կամ այն պահին, ֆիզիկական, թե հոգեբանական դրսևորումով, այն ինչ գույնով դուրս կգա ջրի մակերես՝ սպիտակ, սև, թե՞ դարչնագույն: Այդ իմաստով, վարչապետ Փաշինյանի կոչը՝ հայհոյանքին չպատասխանել հայհոյանքով և շարունակել հանդուրժողության տրամաբանությունը, միանգամայն ողջունելի է, ու նաև քաղաքականապես կարևոր:

Վերջին հաշվով, Հայաստանում հեղափոխության ներքին և առավել ևս արտաքին ուժը եղել է, կա և անկասկած լինելու անարյուն, բռնություն բացառող բնույթը: Իրականում, հեղափոխության սպառնալիքը դրա հասցեին ուղղվող քննադատությունը կամ նույնիսկ հայհոյանքը չեն: Հեղափոխության սպառնալիքը բռնության բացառման «աղյուսը» հանելն է, որը դոմինոյի էֆեկտով քանդելու է դրա ամբողջ տրամաբանությունը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments