Հեռակա «հայրենասերների» վտանգավոր քարոզչավարակը

Mishik

ՀՀԿ ոչ պաշտոնական խոսնակը, քարոզչառեսուրսների հիմնական փայատերն ու Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը, որի անունը կապվում է մի քանի աղմկահարույց քրեական գործերի հետ, հեռվից հերթական «դիրեկտիվներն» է ուղարկել հայ հանրությանը: Մարդը կոչ է անում մարտի 31-ին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում իրենց ձայնը տալ Վիտալի Բալասանյանին:

Բայց նախ՝ այդ կոչին նախորդած դատողությունների մասին: «Այսօր, երբ Հայաստանում համատարած ու համապետական քաոս է ու աղմուկ, Արցախն է ֆիլտրում կարեւորն ու անկարեւորը»,- գրում է նա: Իսկապե՞ս: Իրականում այսօր Հայաստանում ոչ մի համատարած ու համապետական քաոս չկա: Ուրիշ բան, որ հենց ինքն է փորձում իր քարոզչական ռեսուրսներով այդ տպավորությունն ստեղծել, բայց ինչ արած, քարոզչական տեխնոլոգիաներն են այդպիսին: Նույն հաջողությամբ կարելի է, օրինակ, փողոցներում մի քանի դույլ աղբ շաղ տալ ու հետո քաղաքական ճառերը սկսել «այսօր, երբ Երեւանի փողոցները թաղված են աղբի մեջ…» բառերով: Անցնենք առաջ: Վտարանդի հայրենասերը խոսում է նաեւ Արցախի կարեւորության մասին՝ «Արցախը 21-րդ դարի մեր անցաթուղթն է», «Արցախը մեր միջնաբերդն է, նրա ամրությամբ կկարողանանք գոյատեւել ու նվաճել ապրելու մեր իրավունքը», եւ այլն: Ճիշտ է ասում, իհարկե: Ու խնդիրը նույնիսկ այն չէ, որ ցանկացած մարդ նրա այս խոսքերը լսելով՝ առաջին հերթին կհարցնի՝ «բա եթե այդքանը հասկանում էիր, ինչպե՞ս պատահեց, որ ընտանիքիդ ընդհանուր հարստությունը Արցախի բյուջեից մեծ է, ինչպե՞ս ստացվեց, որ տարիներ շարունակ գերդաստանդ միլիոններ էր կուտակում, իսկ միջնաբերդի կայազորը, որ պիտի ապրելու մեր իրավունքը նվաճեր, մինչեւ կոկորդը թաղված էր կոռուպցիայի մեջ եւ 80-ականների զենքերով էր կռվում», եւ այսպես շարունակ: Այս հարցերի պատասխաններն, իհարկե, վաղ թե ուշ կտրվեն, բայց այստեղ շատ ավելի լուրջ խնդիրներ կան:

Իհարկե Արցախը մեր միջնաբերդն է, եւ իհարկե, արցախյան պատերազմում տարած մեր հաղթանակի շնորհիվ է նաեւ, որ այսօր աշխարհում մեզ հետ հաշվի են նստում կամ առնվազն ընկալում են որպես տարածաշրջանային լուրջ գործոն: Բայց այդ հաղթանակը ձեռք է բերվել ու միջնաբերդն էլ անառիկ է պահվում բացառապես մեր միասնության եւ այն բանի շնորհիվ, որ Արցախի թիկունքում Հայաստանն է, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ աշխարհասփյուռ հայությունը: Վստահաբար՝ որեւէ մեկը սրա դեմ չի առարկի: Ուրեմն այդ ինչպե՞ս է պատահում, որ միջնաբերդի անառիկության ու ապրելու մեր իրավունքի մասին խոսողը կոչ է անում Արցախի նախագահական ընտրություններում բոլոր թեկնածուների մեջ ձայն տալ այն միակ թեկնածուին, որը Հայաստանի լեգիտիմ իշխանությունների մասին ինչ ասես ասում է ու չի էլ թաքցնում, որ այդ իշխանություններին ու պետության ղեկավարին ընկալում է որպես թշնամի: Որոշումն, իհարկե, Արցախի ժողովուրդն է կայացնելու, բայց հետաքրքիր է՝ մարմնի ո՞ր մասով է մտածում այն «հեռակա հայրենասերը», որը կարծում է, որ եթե Արցախի նախագահ դառնա Հայաստանի իշխանություններին որպես դավաճան ու թշնամի ընկալողը, դա կնպաստի մեր միասնությանն ու դրանով իսկ ավելի ամուր կդարձնի մեր միջնաբերդը:

Թե՞ նախկին թիվ մեկ փեսան պատրաստ է անգամ այդ միասնությունը վտանգել՝ հույս ունենալով, որ դա կարող է թեթեւացնել գերդաստանի մշուշոտ ճակատագիրը եւ հետագայում բարենպաստ պայմաններ ստեղծել իշխանությունը վերազավթելու համար: Հասկանալի է, որ դրա համար անհրաժեշտ է Հայաստանում «համընդհանուր ու համապետական քաոս» հրահրել, ինչով էլ ըստ էության զբաղված է ինքը: Միայն թե այդ նպատակով Արցախի թեման շահարկելը, մեղմ ասած, անթույլատրելի է: Ու բարեբախտաբար, Արցախում եւս շատ լավ գիտակցում են դա:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments