HYD Serzh

Ներկայումս քաղաքական դիվիդենտ հավաքելու ժամանակը չէ, հայտարարում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, որը ներկայացրել է արտակարգ դրության պայմաններում վարակի տարածումը կանխելու առավելագույն խիստ միջոցառումների ՀՅԴ առաջարկները կառավարությանը:

Ավելի վաղ կառավարությանն առաջարկների մասին հայտարարել էր նախկին իշխող կուսակցությունը՝ Սերժ Սարգսյանի գրասենյակի միջոցով:

Սարգսյանի այդ հայտարարությունը կոչ էր անում գործել համախմբված, համայն հայության ջանքով, և զերծ էր կառավարության հանդեպ քննադատությունից: ՀՅԴ-ն փաստորեն օրինակ վերցրեց ՀՀԿ նախագահից: Թե որքան են երկու ուժերն էլ հավատարիմ մնում իրենց իսկ սահմանած վարքագծի կանոններին՝ իհարկե չգրված կանոններին, առանձին հարց է, որովհետև առանձին կուսակցականներ շարունակում են միավոր հավաքելու կամա, թե ակամա փորձերը: Սակայն պետք է նկատել, որ ընդհանուր առմամբ ՀՀԿ-ՀՅԴ որոշակի «տանդեմ» է ձևավորվում կորոնավիրուսային պայմաններում քաղաքական վարքագծի տեսանկյունից:

Այստեղ հատկանշական է, որ խոսքը 2016-ից ձևավորված կոալիցիայի երկու ուժերի մասին է, որոնք այժմ, փաստորեն, դարձյալ հայտնվում են այսպես ասած՝ վարքագծային ընդհանուր ծիրի մեջ: Կա՞ այստեղ որևէ օրինաչափ կամ տրամաբանական կապ, թե՞ ոչ, առայժմ շատ դժվար է ասել, սակայն, համենայնդեպս, պատկերը հետաքրքիր է: Եվ այն առանձնանում է կառավարության հանդեպ ընդդիմադիր դիրքավորում ունեցող թե՛ նախկին իշխող համակարգի այլ ուժերից և թե՛ նախկին համակարգին ընդդիմադիր այլ ուժերի վարքագծից: Այստեղ գերակշռում է իրավիճակը քաղաքական միավոր հավաքելուն ծառայեցնելու ֆորմալ կամ ոչ ֆորմալ մղումը և ջանքը: Կորոնավիրուսը փոխելու է թե՛ աշխարհը, թե՛ Հայաստանը: Ինչ արագությամբ և բնույթով, առայժմ անորոշ է, սակայն փոփոխության պատրաստվում են թերևս բոլորը, այդ թվում նաև քաղաքական ուժերը, և այդ իմաստով, ՀՀԿ-ՀՅԴ «տանդեմի» վարքագծային որոշակի ընդհանրությունը կարո՞ղ է արդյոք խոսել հետագա որոշակի շարունակության մասին, ինչը առանցքային նշանակություն կունենա թե՛ ընդդիմադիր դաշտում ուժերի հարաբերակցության, թե՛ մասնավորաբար նախկին իշխող համակարգի շրջանակում ուժերի հարաբերակցության տեսանկյունից:

Spread the love