ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն առցանց «ծնողական ժողով» անցկացրեց

- in Կրթություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հեռավար կրթության գործընթացի արդյունքներն ամփոփելու է՝ հասկանալու համար, թե ինչ ծավալով է այն իրականացվում, և արտակարգ դրությունից հետո կորոշի, արդյոք  կերկարացվեն հետագայում առկա եղանակով անցկացվելիք դասերը, և որքան լրացուցիչ դասաժամեր են անհրաժեշտ։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերով անցկացրած «ծնողական ժողովի» ժամանակ հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Նա պարզաբանեց, որ հավաքագրվում է տեղեկատվությունը, թե ուսուցիչների որ մասը համացանցի կամ սարքերի բացակայության պատճառով չի կարողացել առցանց դասեր անցկացնել, և ըստ այդմ որոշումներ կկայացվեն դասերը երկարաձգելու վերաբերյալ։

Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ գործարկվել է heravar.armedu.am կայքը, որտեղ հավաքված են բոլոր այն հարթակները, որոնց օգնությամբ կարող է իրականացվել հեռավար ուսուցում։ «Սիրելի ծնողներ, դպրոցների ուսուցիչներ և տնօրեններ, խնդրում եմ հետևել այն հղումներին, որոնք այդտեղ կան։ Մեզ տեղեկություններ են հասնում, որ այս օրերին ինչ-որ անհատներ, կազմակերպություններ առաջարկում են հեռավար կրության հետ կապված վճարովի ծառայություններ։ Մենք կցանկանայինք, որ դուք հետևեիք heravar.armedu.am կայքի հղումներին, և եթե կլինեն գործընկերներ, որոնք կառաջարկեն նոր հարթակներ, խնդրում եմ դիմել մեզ, մենք այդ հարթակների մասին տեղեկատվությունը կտեղադրենք մեր կայքում, և այնտեղից կօգտվեք»,- ընդգծեց ՀՀ ԿԳՄՍ նախարարը։

Նա նկատեց, որ, ըստ էության, տանը մնալն արձակուրդ չէ երեխաների համար, դիմելով ծնողներին, հորդորեց. «Հետևեք, որ երեխաները բակերում չհավաքվեն, այլ կապ պահպանեք դպրոցի և ուսուցիչների հետ, որպեսզի դասապրոցեսը շարունակվի»։

Տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերով և «Ֆեյսբուք»-ով հեռարձակվող դասերը հասանելի կլինեն ԿԳՄՍ նախարարության «Յութուբ»-ի էջում, Արայիկ Հարությունյանը նաև հորդորեց հորդորեց ծնողներին, որ դպրոցականները  հետևեն առցանց անվտանգության իր էջում հրապարակված ուղեցույցերին,  օգտվեն հեռուստադասերի «ֆիզկուլտուրայի ընդմիջումներից», և շատ կարդան։

Նա գոհունակություն հայտնեց այն կապակցությամբ մշակութային օջախների առցանց հեռարձակվող ցուցադրությունները, ներկայացումները և համերգները մեծ թվով դիտումներ ունեն, ինչը նախադրյալ է, որ դպրոցականներ արտակարգ դրության ավարտից հետո «գրոհեն» մշակութային օջախները։

Աշխարհում քննարկում են, թե ինչպիսին կլինի աշխարհը կորոնավիրուսից հետո, եւ ընդհանուր տեսակետը հանգում է նրան, որ աշխարհն անշրջելիորեն փոխվելու է: Փոփոխություններն արդեն տեսանելի են: Դա, նախեւառաջ, գործունեության շատ ոլորտների տեղափոխումն է վիրտուալ տարածություն:

Հեռավար ուսուցման պլատֆորմի ստեղծումը կարող է արմատապես փոխել դպրոցների հանդեպ վերաբերմունքը՝ որպես սոցիալական նշանակության վայրերի: Երկար դարեր դպրոցները ոչ միայն երեխաների ուսուցման համար են, այլ նաեւ վայրեր են, որտեղ նրանց հետեւում են, քանի դեռ ծնողներն աշխատանքի են: Հիմա, երբ երեխաները տանն են անորոշ ժամանակով, իսկ ծնողները կարող են աշխատել տնից, դպրոցը կարող է կորցնել ավանդական նշանակությունը:

Դրա հետ միասին փոխվում են նաեւ ուսուցման ծրագրերը: Մասնագետները նշում են, որ դպրոցական ծրագրերն այնպես են կազմվել, որ երեխաներին հնարավոր լինի 10-12 տարի պահել դպրոցում: Իրականում, ինչպես նշում են մասնագետները, լավ ծրագրերի դեպքում երեխաներին կարելի է սովորացնել ոչ թե 10-12, այլ 1-2 տարվա ընթացքում: Դա հատկապես վերաբերում է լեզուներին: Ծրագրերն այնպես են կազմված, որ երեխաները դպրոցն ավարտելուց հետո չեն կարողանում խոսել լեզվով, որը 10 տարի սովորել են եւ ստիպված են կրկնուսույցների դիմել:

Այս խնդրի մասին շատ է խոսվել, բայց ամեն անգամ մասնագետները հարցնում են՝ եթե երեխաներին 1-2 տարում սովորեցնեն, ապա ինչո՞վ են զբաղվելու 10-17 տարեկան պատանիները: Նրանք չեն կարող աշխատել, այլ զբաղմունքներ եւս հասանելի չեն նրանց: Այդ պատճառով ստիպված են առարկաներն այնպիսի խորությամբ ուսումնասիրել, որը միջին վիճակագրական երեխային հիմնականում պետք չի գալիս:

Իհարկե, ամեն ինչ այդքան միանշանակ չէ, բայց նոր դարաշրջանում հարկ է լինելու ոչ միայն հրաժարվել ռեալիթի-ուսուցումից եւ անցնել վիրտուալի, այլ նաեւ վերանայել ծրագրերը, օպտիմալացնել նոր կարիքների համար: Այս առումով Հայաստանը լիդեր դառնալու բոլոր հնարավորություններն ունի: Չնայած կրթական համակարգն ամենապահպանողականն է, բայց փոփոխություններին նոր սերնդի պատրաստակամությունը պահանջում է արմատական փոփոխություններ: Երեխաներին դուր է գալիս, որ անգամ ծնողական ժողովները վիրտուալ են անցկացվում: Իհարկե, նրանք ուզում են դպրոց գնալ, բայց ընդհանուր առմամբ պետք է ընդունել, որ համընդհանուր կրթության համակարգը վաղուց հետ է մնացել ժամանակի ռիթմից:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments