Gagik Beglaryan

Երեկ՝ մարտի 23-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կողմից հետախուզում է հայտարարվել Երևան քաղաքի Մ. Խորենացի փողոցի բնակիչ՝ 56-ամյա Գագիկ Բեգլարյանի նկատմամբ։

Գ. Բեգլարյանը հետախուզվում է ՀՀ քր. օրի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (յուրացնելը կամ վատնելը՝ առանձնապես խոշոր չափերով) և 308 հոդվածի 2-րդ մասի (պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հատկանիշներով։

Կայքի տեղեկություններով՝ նախաքննական մարմինը դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, և դատարանը բավարարել է միջնորդությունն ու խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Եթե Գ. Բեգլարյանը, ով կապի և տրանսպորտի նախկին նախարարն է, հայտնաբերվի կամ ինքնակամ ներկայանա իրավապահ մարմիններին, տեղափոխվելու է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով Երեւանի նախկին քաղաքապետը ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ  հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա լքել է Հայաստանի տարածքը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։

Այս մասին հայտնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը՝ նշելով, որ յուրացվել է առանձնապես խոշոր չափերով պետական անշարժ գույքը՝  233.470.000 ՀՀ դրամ արժողությամբ Երևան քաղաքի Թամանյան փողոցում գործող մանկապարտեզը: Խոսքը նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի մասին է:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու և պետությանը պատճառված վնասը վերականգնելու որդեգրած քաղաքականությանը, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպք։

Ստացված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի համայնքներից մեկի ղեկավարի, այնուհետև, Երևանի քաղաքապետի պաշտոնները զբաղեցրած պաշտոնատար անձը,  անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը օգտագործել է ծառայության շահերին հակառակ և դրա օգտագործմամբ յուրացրել է առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը՝  233.470.000 ՀՀ դրամ արժողությամբ՝ Երևան քաղաքի Թամանյան փողոցում գործող մանկապարտեզը:

Նախանշած հափշտակությունն ավարտին հասցնելու նպատակով՝ հիշյալ պաշտոնյան նախ գործող օրենսդրության դրույթների և ընթացակարգերի կոպիտ խախտմամբ, պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով, ավագանու ապօրինի որոշման հիման վրա 2008 թ. դեկտեմբերի 25-ին ապահովել է համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող մանկապարտեզի վերակազմակերպման և այլ մանկապարտեզին միացման գործընթացը, ապա 2009 թ. մարտի 16-ին, զբաղեցնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը, հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, իր որոշմամբ փոփոխել է դրա 228.3 քմ. մակերեսով տարածքի գործառնական նշանակությունը և այն ընդգրկել է ոչ բնակելի ֆոնդում՝ որպես հասարակական սպասարկման տարածք։ Դրանից հետո, նշված անշարժ գույքը ակնհայտ անհամարժեք հատուցմամբ՝ ընդամենը 23.120.000 ՀՀ դրամով, օտարվել է, իսկ 2011 թ. փետրվարի 2-ին առուվաճառքի պայմանագրով 24.000.000 ՀՀ դրամով գրանցվել է հիշյալ պաշտոնյայի հոր անվամբ, այնուհետև, կտակի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ վերագրանցվել է որպես որդու սեփականություն:

Կատարվածի արդյունքում՝ ոչ միայն հեղինակազրկվել են տեղական ինքնակառավարման մարմինները ու խաթարվել դրանց բնականոն գործունեությունը, այլև դադարեցվել է առանձին նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեությունը՝ առաջացնելով ծանր հետևանքներ, իսկ նշված պաշտոնատար անձը պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, յուրացման եղանակով հափշտակել է Հայաստանի Հանրապետությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով՝  233.470.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը:

Նախաքննությունը շարունակվում է, միևնույն ժամանակ ձեռք են բերվել նաև տվյալներ 27 անշարժ գույքեր նույն եղանակով օտարելու և յուրացնելու վերաբերյալ։ Ձեռնարկվում են մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ մեղադրյալին հայտնաբերելու, կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված բոլոր անձանց պարզելու և արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Spread the love