Հրայր Թովմասյանը քաղաքական հայտարարություններ է անում․ պետք է հրապարակել ձայնագրությունը

- in Պնակալեզներ

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը եթե պաշտոնապես չհերքի ու չհայտարարի, որ համաձայն չէ հարցազրույցում տեղ գտած մտքերի հետ, կստացվի, որ ՍԴ նախագահը քաղաքական հայտարարություններ է անում։

Այս մասին ասաց փաստաբան Կարապետ Բադալյանը՝ անդրադառնալով նախօրեին Հրայր Թովմասյանի՝ 168.am-ին տված հարցազրույցին։ «Նա պետք է ոչ միայն հերքի, որ հարցազրույցն իրենը չէ, այլև պետք է ասի, որ համաձայն չէ հնչեցրած մտքերի հետ։ Հակառակ դեպքում, եթե ասի, որ ինքը չի, կնշանակի, որ համաձայն է հնչեցված մտքերի հետ։ Այնպես որ, պետք է երկու հերքումն էլ լինի՝ հեղինակային ու բովանդակային»,- պնդեց փաստաբանը։

Հրայր Թովմասյանի հարցազրույցը րոպեներ հետո հեռացվեց կայքից։ Խմբագրությունը դա պատճառաբանեց հետևյալ կերպ. արտակարգ դրության պայմաններում հեռակա աշխատելու հետևանքով լրագրողը Սահմանադրական դատարանում կայացած նիստի վերաբերյալ տեղեկության և իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի հետ հարցազրույցը միաժամանակ պատրաստելու ընթացքում շփոթել է և հարցազրույցը վերագրել է Հրայր Թովմասյանին, որի համար հայցում ենք ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի, Ռոբերտ Հայրապետյանի և ընթերցողների ներողամտությունը։

Մեր զրուցակցի խոսքով՝ իհարկե, հավատ չի ներշնչում այդ պարզաբանումը, քանի որ հարցազրույցը հեռացվեց այն բանից հետո, երբ աղմուկ բարձրացավ ՍԴ նախագահի կողմից քաղաքական տեքստեր ասելու վերաբերյալ։

Կարապետ Բադալյանը մեզ հետ զրույցում ևս մեկ անգամ շեշտեց՝ Հրայր Թովմասյանը քաղաքական ընդդիմության դեր է ստանձնել։ «Սահմանադրական դատարանն իր բոլոր որոշումներով քաղաքական ընդդիմության դեր է ստանձնել։ Իր բոլոր որոշումները կոչված են խոչընդոտելու կառավարության բնականոն գործունեությունը։ Իրենք իրենց որոշումներով թույլ չեն տալիս, որ այդ բարեփոխումներն իրականացվեն։ Սա  հիմա արվեց տեքստային մակարդակով։ Սա քաղաքական ընդդիմության դիրքորոշման արտահայտություն է։ Իրենք հանդես են գալիս որպես քաղաքական ընդդիմություն, ինչն անթույլատրելի է»,- ասաց Բադալյանը։

Մասնագետի կարծիքով՝ այս ամենի հետևանքը կլինի հանրաքվեով հնչեցվող գնահատականը։ «Տեսնենք, եթե ժողովուրդն ասելու է՝ «ոչ», ապրելու ենք այս ՍԴ կազմով։ Եթե ժողովուրդն ասի՝ «այո», մենք արդեն կձևավորենք նոր ՍԴ օրինական կազմ, որը կաշխատի»,- ընդգծեց Կարապետ Բադալյանը։

Թովմասյանի այն գնահատականը, թե արտակարգ դրությունը կամ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշումը հակասում է Սահմանադրությանը, Բադալյանը նշեց՝ դա անհեթեթություն է։ «Իրենց փաստարկը այն է, որ սահմանադրական կարգին սպառնացող վտանգ չկա, ուրեմն չպետք է արտակարգ դրություն լինի։ Բայց սահմանադրական կարգին սպառնացող վտանգն ուրիշ ի՞նչ ձևի է լինում։ Եթե դա համաճարակ է, որը կարող է մահացու հետևանքներ ունենալ, ապա սահմանադրական կարգն ո՞ւմ համար է՝ մահացածների՞, թե՞ կենդանի մարդկանց։

Սահմանադրությունը հենց այդպես էլ արձանագրում է՝ մարդկանց առողջությունը առաջնային պահպանման ենթակա է։ Պետությունն այդ դերն ունի պաշտպանելու առողջությունը։ Այդ բոլոր փաստարկները մանիպուլյացիաներ են, իրականության հետ ոչ մի առնչություն չունեն»,-  մանրամասնեց Կարապետ Բադալյանը։

Վերջինս կարծում է՝ կառավարությունն ամենաբարձր մակարդակով չպետք է արձագանքի Հրայր Թովմասյանի հայտարարությանը։ Ըստ փաստաբանի՝ այս հարցազրույցը ևս մեկ անգամ ապացուցեց, որ սահմանադրական հանրաքվեի հիմնավորումներն ավելի քան արդարացված ու հիմնավորված են։

Ի դեպ, նշենք, որ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը պահանջում է հրապարակել հարցազրույցի ձայնագրությունը՝ ապացուցելու համար, որ դա Հրայր Թովմասյանի խոսքերը չեն եղել։ «Համաշխարհային ճգնաժամի ներկա պայմաններում ՍԴ նախագահն ասում է, որ Հայաստանի կառավարությունն ունակ չէ և կոմպետենտ չէ պահպանելու օրինականությունը։ Ու սա ասում է մեկը, ով պատասխանատու է երկրի սահմանադրական անվտանգության համար, ու սա ասում է մեկը, ով վերջին առնվազն 10-12 տարին սկզբում որպես անկուսակցական, հետո որպես իշխող ՀՀԿ-ական մասնակցել է երկրում օրինականության հավաքական բռնաբարմանը։

Հ.Գ. Լրատվամիջոցի հավաստիացումը, թե շփոթմունք է, և վերոնշյալ մտքերը Հրայր Թովմասյանին չեն պատկանում, հավատ չի ներշնչում։ Պահանջում եմ ձայնագրության հանրայնացում»,- գրել է պատգամավորը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments