Ճապոնիային թույլ չտվեցին ունենալ «համաշխարհային կանգառից» հետո մեկնարկային առավելություն

- in Հրապարակ
chess shaxmat

Ճապոնիայի վարչապետի եւ Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Բախի զրույցի արդյունքում հայտարարվել է Ամառային խաղերը մեկ տարով հետաձգելու եւ 2021 թվականին անցկացնելու մասին: Դրանք սակայն դարձյալ կանցկացվեն Տոկիո 2020 խորագրի ներքո:

Օլիմպիական խաղերի շուրջ առաջացել էր հետաքրքիր աժիոտաժ, ինչը դարձել էր խորհրդավոր տեղեկատվաքարոզչական պայքարի որոշակի ինդիկատոր: Բանն այն է, որ ընդամենը մի քանի օր առաջ Ճապոնիայի վարչապետ Աբեն հայտարարել էր, որ Մեծ Յոթնյակի երկրների ղեկավարները կողմնակից են խաղերը նախատեսված ժամանակին անցկացնելուն: Հայտնի է, որ դրանք մեկնարկելու էին հուլիսի վերջին:

Հետո տեղեկություն եղավ, որ ՄՕԿ-ը չի հետաձգի օլիմպիադան: Դրանից հետո սակայն դարձյալ շարունակվեցին հակասական քննարկումները: Կանադան՝ Մեծ Յոթնյակի անդամ, եւ Ավստրալիան երկու օր առաջ հայտարարեցին, որ չեն մասնակցի օլիմպիադային: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե վստահ է, որ Ճապոնիայի վարչապետը ճիշտ որոշում կկայացնի օլիմպիական խաղերի կապակցությամբ:

Աժիոտաժն այդուհանդերձ վկայում է, որ համենայն դեպս ծանրակշիռ էին երկու տեսակետներն էլ՝ թե հետաձգելու, թե չհետաձգելու: Այլապես չէր լինի տեւական քննարկումների կարիք, եւ հետաձգելու որոշումը՝ ընդհանուր տրենդի սահմանում, կկայացվեր ավելի վաղ:

Միաժամանակ, առկա իրավիճակը առաջացնում է հարց՝ օլիմպիական խաղերը չեղարկելու որոշումը արդյոք նշանակում է ոչ այնքան լավատեսական սպասում կորոնավիրուսի դեմ պայքարի առումով: Թե՞ խնդիրը այլեւս կորոնավիրուսի համաճարակի դաշտում չէր, այլ դրա շրջանակում համաշխարհային նոր հարաբերակցության, որտեղ Ճապոնիային չտրվեց օլիմպիական խաղերով առավելության հնարավորություն:

Բանն այն է, որ համաշխարհային տնտեսությունը, ազգային տնտեսությունները բնականաբար կրելու են միլիարդավոր դոլարների վնասներ, եւ բավական ժամանակ է պահանջվելու վերականգնվելու համար: Այդ իմաստով, օլիմպիական խաղերը կարող էին լինել Ճապոնիայի համար տնտեսական սնուցման էական աղբյուր, եթե դիտարկենք տարբերակ, երբ մինչ այդ հաղթահարված է լինում կորոնավիրուսը:

Ըստ ամենայնի, Ճապոնիային թույլ չտվեցին ունենալ «համաշխարհային կանգառից» հետո մեկնարկային առավելություն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments