Մարտիմեկյան գործի պատանդները. փաստաբանի անակնկալ գնահատականը

- in Ով ով է ...

Փաստաբան Սեդա Սաֆարյանն, անդրադառնալով մարտիմեկյան գործով մեղադրյալ, նախկինում այդ գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի ՌԴ-ում ձերբակալմանն ու հետո ազատ արձակմանը, արել է բավականին պատասխանատու հայտարարություն:

Նա կարծում է, որ երբ խոսքն առնչվում է ոչ թե մեկ մարդու դեպքի, այլ փաստորեն մի քանի հոգու, որոնք այդ գործից պատսպարվում են ՌԴ-ում, ապա հնարավոր է խոսել այն մասին, որ ՌԴ-ն պետական մակարդակով ձախողում է մարտիմեկյան գործի ընթացքը:

Սեդա Սաֆարյանը Մարտի 1-ի տուժողների շահերի պաշտպանն է: Ռուսաստանի դերի մասին նրա գնահատականն անշուշտ գտնվում է այդ դաշտում եւ չի առաջացնում քաղաքական պատասխանատվության խնդիր: Բայց, այդ առնչությամբ հետաքրքիր կլինի լսել մարտիմեկյան գործի շրջանակում աշխույժ դիրքավորում ունեցող քաղաքական ուժերի գնահատականը: Նրանք համաձա՞յն են, որ Ռուսաստանը կարծես թե արգելակում է մարտիմեկյան գործի լիարժեք բացահայտման ընթացքը:

Անկասկած է, որ գործը զուտ իրավականությունից բացի, ունի նաեւ քաղաքական ահռելի նշանակություն, եթե իհարկե այդ նշանակությունը գործնականում միշտ էլ ավելի մեծ չի եղել, քան իրավական ասպեկտը: Համենայն դեպս, ակնառու է, որ մարտիմեկյան գործի իրավական լիարժեք բացահայտումն ունի նաեւ ահռելի քաղաքական կարեւորություն: Հակառակ պարագայում, գործը, անկախ իրավական կարգավիճակից, մշտապես գտնվելու է շահարկումների փուլում, իսկ դա այլ բան չէ, քան ծուղակ Հայաստանի պետականության համար՝ ինչ ուղղությամբ էլ լինեն շահարկումները:

Այդ առումով է կարեւոր, թե ինչպիսին է ընթացքի վերաբերյալ շահագրգռություն ցուցաբերող քաղաքական ուժերի վերաբերմունքը գործընթացում Ռուսաստանի պահվածքի, դերի մասին: Թե՞ դա հետաքրքրում է քչերին, որովհետեւ քաղաքական տողատակում հետաքրքրության առանցքային հարցը Ռոբերտ Քոչարյանն է, այլ ոչ թե գործի լիարժեք բացահայտումը: Այսինքն, Ռոբերտ Քոչարյանի կարգավիճակն է նույնացվում «լիարժեքության» հետ, մնացյալը չի ներկայացնում էական հետաքրքրություն:

Դրանք կարեւոր հարցեր են, որովհետեւ վերջին հաշվով առանցքայինը, որ մարտիմեկյան գործում պետք է պարզել, 10 մարդու կյանք խլած հանգամանքների հարցն է՝ ով է հրաման տվողն ու իրագործողը: Իսկ  այդ առումով շատ տեղեկատվության կարող են տիրապետել նրանք, ովքեր գտնվում են Ռուսաստանում եւ պատսպարվում այնտեղ:

Բայց այդ իմաստով, «պատսպարումը» կարող է ունենալ հարաբերական իմաստ, որովհետեւ հնարավոր է, որ նրանք նաեւ պատանդ են այն շրջանակների ձեռքին, որոնք կարող էին դրսից առնչություն ունենալ մարտիմեկյան ողբերգությանը: Համենայն դեպս առ այսօր բաց է թեման, որ ամիսներ առաջ հրապարակվեց Հայկական Ժամանակում, այն մասին, որ կա մարտիմեկյան օրերին իրավապահների գործողությունների հանձնարարական փաստաթուղթ՝ օտար լեզվով, որը ներառված չէ գործում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments