Մարտի 8-ը անկախ Հայաստանի համար խորհրդանշական տոն է

- in Վերլուծական
axjik

Խորհրդանշական է այն իմաստով, որ սովետական ժամանակաշրջանից մեզ փոխանցված այդ տոնը նախ հեռացվեց տոնացույցից, սակայն որոշ տարիներ անց կրկին վերադարձվեց:

Անկախ Հայաստանի առաջին տարիներին մարտի 8-ի փոխարեն որոշվեց տոնել ապրիլի 7-ը՝ Մայրության և գեղեցկության օրը: Սակայն հասարակության մեջ այդ տոնը դժվարությամբ տեղ գտավ, և մարդկանց զգալի մասը շարունակեց իներցիայի ուժով հիշել մարտի 8-ը: 2000-ականներին 90-ականներից հեռացված տոնը վերադարձավ տոնացույց և ամրագրվեց որպես պաշտոնական տոն:

Իրականում այս պրոցեսը խորհրդանշում է ընդհանրապես Հայաստանի անկախության ընթացքը: Բուռն զարթոնք, ինքնուրույնության պահանջ, դրսևորումներ, կամք, իսկ մի քանի տարի անց՝ նոստալգիկ տրամադրություններ, խորհրդային ժամանակաշրջանների կարոտ, ու այդ ամենին զուգահեռ՝ նաև խորհրդային շատ ու շատ արժեքների, ավանդույթների վերարտադրություն, վերադարձ, նորոգում, նաև որոշակիորեն մուտացված տարբերակներ:

Հայաստանի անկախության շրջանում հասարակության միջից այդպես էլ արմատախիլ չեղավ սովետական մարդու մտածողությունը, այն չփոխարինվեց անկախության քաղաքացու մտածողությամբ, որովհետև անկախ Հայաստանի իշխանությունները մեկը մյուսի հետևից հասկացան, որ այդ մտածողությամբ մարդիկ իսկապես վտանգավոր և դժվար կառավարելի հասարակություն կարող են կազմավորել, որը այլևս ոչ թե կսպասի փրկիչների և կհավատա քաղաքական առևտրական ուժերին, այլ ինքը կսկսի իրավիճակ թելադրել, պահանջներ ներկայացնել և որոշումներ կայացնել պետության ապագայի վերաբերյալ:

Այդ իսկ պատճառով անկախ Հայաստանում կասեցվեց սովետական մարդու անցումը դեպի անկախության քաղաքացու, իսկ հետո նաև գործընթացը հետ շրջվեց՝ պետական կառավարման ոճից ու բովանդակությունից մինչև կենցաղ:

Իհարկե, սա սովետական Հայաստանի կրկնօրինակը չէ, կան, իհարկե, նաև ժամանակակից տարրեր՝ առանց որոնց չէր լինի, բայց երբ հիմքում սովետական մարդն է, իսկ վերևում՝ ժամանակակից արժեքները, դրանից ոչ թե հավասարակշիռ մի բան է ստացվում, այլ պարզապես ստացվում է հրեշածին մի երևույթ:

Շնորհավոր ձեր տոնը, կանայք, թեև շատ ավելի կարևոր է ստեղծել պետություն, որտեղ առօրյան ավելի շատ շնորհավորանքների առիթներ կմատուցի բոլորին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments