«Մերժված» Քոչարյանը, «շրջագայող» Սարգսյանը․ ինչո՞ւ է ջղաձգվել երկրորդ նախագահը

- in Ով ով է ...
Serj Robert

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը կշարունակի քննել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին ենթակաների գործը։

Դանիբեկյանը երեկ մերժել է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը և ինքնաբացարկ չի հայտնել։

Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մոտ կես տարի առաջ մեկնարկած դատավարության ընթացքում սա արդեն երրորդ ինքնաբացարկի միջնորդությունն է։ Նախկին նախագահի փաստաբանները շեշտում են, թե Աննա Դանիբեկյանն անաչառ չէ և չի կարող քննել այս գործը։

Կասկածից վեր էր, որ դատարանը մերժելու էր միջնորդությունը, որը ձևով նոր էր, սակայն՝ ըստ էության, կրկնվող։ Քոչարյանի թիմը հետևողականորեն վիժեցնում է դատավարության բնականոն ընթացքը՝ գոնե այն մասով, որ բուն դատավարությունը՝ բովանդակային հարթության վրա, դեռևս չի մեկնարկել ու դրա նախադրյալները տակավին տեսանելի չեն։

Պաշտպանական թիմի այս մարտավարության մասին բազմաթիվ անգամներ խոսել ենք, սակայն՝ եթե այն իրեն չի սպառել, առնվազն նոր անդրադարձի անհրաժեշտություն ունի։

Ի՞նչն է Քոչարյանին ստիպում՝ անընդհատ ձգձգել դատավարության ընթացքը, վեց ամիս շարունակ դատավարության մյուս սուբյեկտներին ու հասարակությանը պահել նույն շրջապտույտի մեջ։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը շարունակ պնդում է, թե մեղադրանքը «ջուր» է, այլ խոսքով՝ ապացուցողական բազան թույլ է։ Եթե ընդունենք, որ այս փաստարկը հիմնավոր է, ապա երկրորդ նախագահի թիմը պետք է հնարավոր ամեն բան աներ՝ դատավարության բովանդակային փուլին անցնելու համար, որպեսզի վերջապես պատեհ առիթ ստեղծվեր՝ դատախազության ու ՀՔԾ իրավական և իշխանության քաղաքական փաստարկները ջարդելու համար։ Եթե նման բանի ականատեսը չենք դառնում, ապա կարող ենք ենթադրել, որ Քոչարյանը մեղադրանքից իրապես վախենում է ու նաև մտավախություններ ունի, որ նույնիսկ իր փոքրաթիվ աջակիցները կարող են իրենից երես թեքել, երբ դատավարության ընթացքում ի հայտ գան փաստեր, որոնք անհերքելի կդրաձնեն երկրորդ նախագահի գլխավոր պատասխանատվությունը Մարտի 1-ի հարցում։

Կասկած չկա, որ Քոչարյանի պաշտպանական թիմի՝ դատավարությունը ձգձգելու մարտավարությունը, կոնկրետ նպատակ ունի ու կարծում եմ՝ դրա հիմնական թիրախը վկաներն են, որոնց «մշակելու» կամ դատավարական գործընթացից հեռու պահելու համար ժամանակ է պետք։ Գրեթե վստահ եմ, որ մեզանից հենց այդ ժամանակն են «խլում» Քոչարյանն ու նրա փաստաբանները։

Սակայն մեկ այլ ինտրիգ էլ կա, որն առաջացավ այն ժամանակ, երբ Քոչարյանի ու մյուսների դատավարությանը զուգահեռ մեկնարկեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու մյուսների դատավարությունը։ Զուգահեռ դատավարությունները, որոնցում ֆիգուրանտներ են երկրորդ ու երրորդ նախագահները, իրականում ոչ թե կոնսոլիդացնելու է նախկին համակարգի տարբեր սեգմենտներին, այլ ավելի է սրելու Քոչարյանի ու Սարգսյանի պայքարը՝ ընդդիմության առաջնորդի կամ հին համակարգի «նայողի» համար ծավալվող պայքարում։

Իշխանությունը, կամա, թե ակամա, նպաստում է այդ գզվռտոցին։ Պատկերացրեք՝ Քոչարյանը բանտում է՝ ոճրագործ Նաիրի Հունանյանի հարևանը, իսկ մեկ այլ «գլխավոր ամբաստանյալ» Սերժ Սարգսյանը ոչ միայն ազատության մեջ է, այլ նաև կարողանում է շրջագայել Եվրոպայում ու նույնիսկ հանդիպել եվրոպական քաղաքականության առանցքային դեմքերի հետ։ Ու այս համատեքստում Քոչարյանի ջղաձգությունը կարելի է հասկանալ ու չեմ էլ բացառում, որ նրա քարոզչամեքենան շուտով թիրախավորի Սերժ Սարգսյանին՝ վերջինիս համարելով Նիկոլ Փաշինյանի «սիրելին»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments