Armen Martirosyan

«Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Մեր գյուղատնտեսության ոլորտի ամենամեծ խնդիրներից մեկը այն սեփականաշնորհված հողերի պարապուրդն է, որոնց տերերը Հայաստանում չեն ու իրենց տարածքները չեն տվել այլ մարդկանց վարձակալությամբ։ Կամ որ Հայաստանում են, բայց չեն մշակում ու էլի այլ մարդկանց չեն թողնում մշակել։

Հայաստանի հողերի բավականաչափ մեծ մասը չի ցանվում, չի մշակվում։

Մի կողմից սեփականության իրավունքի հարցն է, մյուս կողմից՝ պետության պարենային անվտանգության։

Կարծում եմ, որ կարելի է օրինական ճանապարհով մտցնել մի մեխանիզմ, որը իր հողը չօգտագործող սեփականատիրոջը կմղի իր հողը կամ վաճառել կամ վարձակալությամբ տալ այլ օգտագործողի։

Այդ խթանիչներից մեկը չօգտագործվող հողատարածքի, կրկնում եմ ՉՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ գույքահարկը բարձրացնելն է, օրինակ՝ 100 անգամ, կամ 1000 անգամ։ Դրոնների կամ ուղղաթիռների միջոցով գտնել չօգտագործվող հողատարածքը և հարկել։

Սա կբերի նրան, որ Հայաստանը կծաղկի։ Այդ ժամանակ Հայաստանի բերքը կնպաստի մեր պետության պարենային անվտանգության ապահովմանը, էլ չեմ խոսում արտահանման ծավալների և վերամշակման ոլորտի աճի մասին։ Կբացվեն հազարավոր նոր աշխատատեղեր։ Մարդիկ գյուղից չեն փախչի։ Գյուղը կդառնա տնտեսական ակտիվության կենտրոն։ Մարզերի ու Երևանի կյանքի մակարդակի տարբերությունները կմեղմանան։

Spread the love